Գևորգ Աճեմյան. Տոտալ դիկտատուրա է տիրում «Քաղաքացիական պայմանագրում»
Վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում մանրամասնել է, թե ինչու է որոշում կայացրել լքել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
Նրան նախապես խոստացել են, որ կարող է ռեյտինգային կարգով առաջադրվել թիվ 3 ընտրատարածքում, որն ընդգրկում է նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը։ Տարածքային կառավարման և զարգացման հարցերի նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի հորդորով սկսել է նախապատրաստական աշխատանքները, տարածք է վարձակալել, քննարկումներ սկսկել քարոզարշավի անցկացման վերաբերյալ։
Սակայն երեկ շատ պատահական կերպով իմանում է, որ ցուցակում ինքը ներառված չէ, Պապիկյանը հայտնել է, որ վարչությունը չի հաստատել թեկնածությունը։ Պատճառների մասին, ըստ նրա, իրեն չեն տեղեկացրել։
Գևորգ Աճեմյանի խոսքով, հիմա կուսակցությունում անառողջ մթնոլորտ է ստեղծվել։
«Կան շատ անձնվեր մարդիկ։ Կան մարդիկ, ովքեր իրոք քաղաքական կամք ունեն, և երբ ջուրը հասնի ու անցնի սահմանը, չեն ընկրկելու, միանշանակ ըմբոստանալու են։ Բայց այս այս անառողջ մթնոլորտը, սիրելի նախկին կուսակիցներ, պետք է մտահոգվելու տեղիք տա։ Դուք ձեր հոգու խորքում գիտեք, որ ես ճիշտ եմ, որ տոտալ դիկտատուրա է տիրում «Քաղաքացիական պայմանագրում», ասվում է վերևից ու արվում է։ Վերջ։ Դուք պետք է կամք ու համարձակություն ունենաք ու դա վերացնենք»,-մասնավորապես նշել է նա։