Իմ պայքարը մանդատի կամ ցուցակում լավ տեղում լինելու համար չէ. Շարմազանով
«Այն ինչ որ խոսվում է այսօր տարբեր միջազգային փորձագետների կողմից, թեկուզ անուղղակի, տարածքներ խաղաղության դիմաց, մեզ համար անընդունելի է և կտրականապես մերժելի»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ ընտրական ցուցակի վեցերորդ համար Էդուարդ Շարմազանովը։
Նա հիշեցրեց, թե մեկ անգամ չէ, որ նշել են, որ արցախյան հիմնահարցի լուծման հիմքը պատճառների վերացումն է, իսկ դրանք վերացնելու համար նախևառաջ, պետք է Ադրբեջանը ճանաչի ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը։
«Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի մաս, սա փաստ է, և բոլոր այն գործողությունները՝ տարածքներ, փախստականներ, դրանք ածանցյալ են, դրանք հետևանք են, այլ ոչ թե պատճառ։ Եթե համանախագահները, կամ որևէ միջազգային փորձագետ, կամ ԱՄՆ ներկայացուցիչներ խոսում են՝ տարածքներ խաղաղության դիմաց, մեզ համար դա կտրականապես անընդունելի է։ Ինչ վերաբերում է ռազմաքաղաքական դաշինքին, ապա նման ծրագիր եղել է դեռևս ապրիլյան պատերազմից հետո ՀՅԴ-ն էր առաջարկում, այնուհետև մենք առաջարկեցինք, նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարեց Ազգային անվտանգության խորհրդին ու քարտուղարին ներկայացնել առաջարկություններ դրա վերաբերյալ։ Երբ որ կգա ժամանակ, դրա անհրաժեշտությունը լինի, մենք կխոսենք»,- նշեց Շարմազանովը։
Նա հավելեց, որ իրենք՝ որպես հանրապետականներ, մասնակցելու են ընտրությանը, թիվ մեկ խնդիր ունենալով՝ Արցախի հարցում որևէ միակողմանի զիջման չգնալը. «Մենք նաև դեմ ենք այն դիրքորոշմանը, թե Արցախի ժողովուրդը թող որոշի, ինչ ուզում է անի, ոչ, սա ուղղակի կնշանակի Արցախին միայնակ թողնել մարտահրավերներին դեմ հանդիման։ ՀՀ-ն համարվում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և պետք է շարունակի լինել»։
Անդրադառնալով ընտրացուցակներին և առաջին հնգյակում չլինելու հարցին՝ նա պատասխանեց. «Կուսակցությունն այդպես է որոշել, այդպես են հարմար գտել։ Առաջընթաց է եղել, առաջ վեց համարն էի, հիմա յոթ համարն եմ։ Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ քաղաքական գործիչների արժեքները միայն ցուցակներում տեղ զբաղեցնելով չէ։ Իմ պայքարը մանդատի կամ ցուցակում լավ տեղում լինելու համար չէ, ես գաղափարի, սկզբունքի մարդ եմ, անկախ նրանից թե որ համարը կլինեմ, նույն ձև պայքարելու եմ իմ սկզբունքների համար։ Ակնկալիք ունենք դառնալու իրական ընդդիմություն և երկրորդ բևեռ Ազգային ժողովում, «Իմ քայլ»-ից հետո լինել երկրորդ ուժը։ Կարծում եմ ՀՀԿ-ն կմտնի խորհրդարան»։
Հարակից հրապարակումներ`
- Անտրամաբանական է կարծել, որ Արցախի կողմից տարածքային զիջմամբ հնարավոր է հասնել հակամարտության կարգավորման. Մայիլյան
- Հրապարակվել է ՀՀԿ նախընտրական ցուցակը. գլխավորում է Վիգեն Սարգսյանը
- Արմեն Աշոտյանը կլինի ՀՀԿ նախընտրական շտաբի քարոզչության ղեկավարը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին