Հատկացումներ՝ ՔԿՀ-ներում պահվող անձանց կոմունալ-կենցաղային պայմանները բարելավելու համար
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ 270 միլիոն 858 հազար դրամ է հատկացվել Արդարադատության նախարարությանը՝ «Նուբարաշեն» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալների և կալանավորված անձանց բնակության կոմունալ-կենցաղային պայմանների բարելավման և անվտանգության համակարգերի հուսալիության մակարդակի բարձրացման համար:
ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը նշել է, որ վերջին տասը տարիների ընթացքում ՀՀ պետական բյուջեից քրեակատարողական համակարգի պահպանման համար կապիտալ վերանորոգման նպատակով միջոցներ չէին հատկացվել:
Նրա խոսքով՝ հատկացվող միջոցների արդյունքում կապիտալ կվերանորոգվեն «Նուբարաշեն» ՔԿՀ-ի արտաքին և ներքին ջրամատակարարման ցանցը, ներքին ջրահեռացման համակարգը, էլեկտրալուսավորության ցանցը, ճաշարանը, սանհանգույցներն ու բաղնիքները, իսկ «Վարդաշեն» ՔԿՀ-ում կկառուցվեն արտաքին կոյուղու ցանց և 143 մ երկարությամբ արտաքին պարիսպ: Աշխատանքներ են կատարվելու նաև «Սևան» ՔԿՀ-ի արտաքին ջրահեռացման ցանց կառուցելու ուղղությամբ:
Արտակ Զեյնալյանի խոսքով, նույնիսկ եթե այսօր սկսվի «Նուբարաշեն» ՔԿՀ-ին փոխարինող նոր քրեակատարողական հիմնարկի կառուցումը, այն կտևի տարիներ, իսկ այդ ընթացքում պետությունը պարտավոր է ապահովել պատշաճ պայմաններ ՔԿՀ-ներում պահվող անձանց համար: Նախարարի պաշտոնակատարը վստահեցրեց, որ գնման գործընթացն իրականացվելու է թափանցիկ և արդյունավետ:
Հարակից հրապարակումներ`
- «Օսվենցիմը սանատորիա է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պայմանների համեմատ. Նաիրա Զոհրաբյան
- «ՔԿՀ-ներում քրեական մշակույթի հաղթահարման իրական ուղիներից մեկը կրթության համակարգի ներդրումն է»
- Փաշինյան. ՔԿՀ-ները խայտառակ վիճակում են
- ՔԿՀ-ներում անգամ ճանճի թռնելու ուղղության վրա են խաղադրույք անում. Զեյնալյան
- Ալեն Սիմոնյան. ՔԿՀ-ներում հասարակ դատապարտյալներին մարդկային պայմաններով ապահովելու խնդիր կա
- Հայաստանի ՔԿՀ-ների պայմանները հեռու են մեր պատկերացումներից. Արտակ Զեյնալյան
- ՔԿՀ-ներում սննդամթերքում բաղադրության նորմատիվային պահանջները չպահպանելու փաստեր են պարզվել