Լինել դաշնակից, չի նշանակում լինել վասալ. Մակրոն-Թրամփ «փոխհրաձգությունը» թեժանում է
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ երկար տարիների դաշնակիցները, ինչպիսիք են ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, պետք է միմյանց նկատմամբ հարգանքով վերաբերվեն և որ Ֆրանսիան Վաշինգտոնի դաշնակիցն է, այլ ոչ թե վասալը։ Հայտարարության մասին գրում է aljazeera-ն։
Ի պատասխան Թրամփի թվիթերի
Ֆրանսիայի նախագահի այս հայտարարությունները պատասխան էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թվիթներին, որոնցում Թրամփը հանդիմանել էր Մակրոնին ու Ֆրանսիային՝ երկու աշխարհամարտերում Գերմանիային գրեթե պարտվելու մեջ, գինու արդյունաբերության ու Մակրոնի ցածր վարկանիշի համար։
Ինչից սկսվեց
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Մակրոնը հարցազրույցի ժամանակ ասել էր, որ Եվրոպան պետք է ունենա իր բանակը՝ ընդդեմ ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Չինաստանի։
«Մակրոնն առաջարկում է ստեղծել իրենց բանակը՝ ընդդեմ ԱՄՆ-ի, Չինաստանի ու ՌԴ-ի։ Բայց այդ Գերմանիան էր Առաջին ու Երկրորդ աշխարհամարտերում, այդ ինչ եղավ Ֆրանսիային։ Նրանք արդեն գերմաներեն էին սովորում Փարիզում, մինչև ամերիկյան զորքը հասավ։ Վճարեք ՆԱՏՕ-ի ձեր բաժինը»,-գրել էր Թրամփը թվիթերում։
Մակրոն-Թրամփ փոխհրաձգությունը շարունակվեց, երբ Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակի միջոցառման իր ելույթում Մակրոնը, հակադարձելով Թրամփին, ով իրեն նացիոնալիստ է համարում, հայտարարեց, թե «հայրենասիրությունը նացիոնալիզմի ճիշտ հակադրությունն է։ Նացիոնալիզմը դավաճանություն է հայրենասիրության նկատմամբ»։
Թրամփը ֆրանսիացիներին՝ նացիոնալիստ
Թրամփն էլ թվիթում մատնանշելով Մակրոնի ցածր վարկանիշը, 26 տոկոս, ու գործազրկությունը, 10 տոկոս, գրեց, թե, «իմիջայլոց, չկա ավելի նացիոնալիստ երկիր, քան Ֆրանսիան է։ Շատ հպարտ ժողովուրդ ու իրավամբ այդպես է»։
Մակրոնը նախօրեին հարցազրույցի ժամանակ հայտարարել է, թե չի կարծում, որ ֆրանսիացիները սպասում են, որ ինքը պետք է պատասխանի թվիթներին։
«Թրամփը խաղում է ներքին լսարանի համար»,-ասել է Մակրոնը՝ մատնանշելով, պատմական աջակցությունը, որ եղել է երկու երկրների միջև։
«Մեր պատմության յուրաքանչյուր պահի մենք եղել ենք դաշնակիցներ, այնպես որ, դաշնակիցների միջև պետք է լինի հարգանք»,-ասել է Մակրոնը՝ մատնանշելով ԱՄՆ-ի անկախության պատերազմում Ֆրանսիայի աջակցությունը։
Ոչ վասալ
Պատասխանելով Եվրոպական բանակի վերաբերյալ հարցին՝ Ֆրանսիայի նախագահն ասել է. «ԱՄՆ-ը մեր պատմական դաշնակիցն է ու կշարունակի այն լինել։ Նա այն դաշնակիցն է, որի հետ մենք վերցնում ենք բոլոր ռիսկերը, որի հետ իրականացնում ենք ամենաբարդ գործողությունները։ Սակայն լինել դաշնակից, չի նշանակում լինել վասալ երկիր»,-ասել է Մակրոնը։
Որպես պատմական փաստ նշենք, որ Ֆրանսիացիները ամերիկացիներին հաճախ են հիշեցնում Ֆրանսիայի աջակցությունը ԱՄՆ-ի անկախության պատերազմին ու նշում՝ չլիներ Ֆրանսիայի աջակցությունը, չէր լինի ԱՄՆ-ը։ Ֆրանսիացիները չեն մոռանում նաև իրենց նվերը, ԱՄՆ-ի խորհրդանիշ դարձած Ազատության արձանը, Statue of Liberty։ Արձանի հեղինակն է ֆրանսիացի Ֆրեդերիկ Օգյուստ Բարտոլդին։ Ազատության արձանը 1886թ.-ի հոկտեմբերի 28-ին ԱՄՆ-ն նվեր ստացավ Ֆրանսիայի ժողովրդից։ Ազատության արձանի նմանակն էլ տեղադրված է Ֆրանսիայի Կոլմար քաղաքում, քանի որ հենց այստեղ է ծնվել Ֆրեդերիկ Օգյուստ Բարտոլդին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան