Շատ մեծ հավանականությամբ կդիմենք Եվրոպական դատարան. Ալումյան
«ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումից առաջին տպավորությունս բացասական է։ Երբ որ ամբողջ տեքստը կստանամ, ավելի մանրամասն կկարողանամ կարծիքս ասել»,- Վճռաբեկ դատարանի որոշումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։
Ինչ վերաբերում է Սերժիկ Ավետիսյանի կարծիքին՝ Ալումյանն ասաց. «Ինչքան, որ հասկացա, պարոն Ավետիսյանն ասել է, որ կիրառման ենթակա նորմերի սահմանադրականության հարցը պետք է ներկայացնել ՍԴ, իսկ այս վարույթը կասեցնել, մինչև ՍԴ որոշում կայացվի»։
Լրագրողների ճշտող հարցին, թե որ նորմերի, նա պատասխանեց. «Հավանաբար անձեռնմխելության հետ կապված հարցերը։ Ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ պարոն Ավետիսյանը գտնում է, որ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության հետ կապված հարցերը, ինչպես նաև նրա անձեռնմխելիությունը հաղթահարելու հետ կապված հարցերը մեր օրենսդրությամբ կարգավորված չեն բավարար հստակությամբ ու այդ հարցը պետք է ՍԴ լուծմանը ներկայացվի»։
Մեկ այլ հարցի, թե որոշումը ստանալուց հետո ո՞րն է լինելու հաջորդ քայլը, հնարավո՞ր է Եվրոպական դատարան դիմեն, փաստաբանը պատասխանեց. «Շատ մեծ հավանակությամբ՝ այո»։
Ալումյանը նշեց, որ ՀՀ երկրորդ նախագահը նիստի ժամանակ անձամբ ներկայացրել է իր փաստարկները։
Հարցին, թե որոնք են եղել այդ փաստարկները Հայկ Ալումյանը նշեց՝ փաստարկներից մեկը եղել է անձեռնմխելիությունը, որինև անդրադառնալով էլ Վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել, հաջորդը՝ մեղադրանքում առկա է ձևակերպում, թե հանրապետության նախագահն արտակարգ դրություն է հայտարարել սահմանադրության խախտմամբ:
«Այս առնչությամբ պաշտպանական թիմը հայտնել է, որ հանրապետության նախագահի հրամանագրերի սահմանադրականության հարցի որոշումը բացառապես Սահմանադրական դատարանի լիազորությունն է՝ այսինքն, ո՛չ քննիչը, ո՛չ առաջին ատյանի դատարանը, Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարնները չեն կարող ենթադրություններ անել, թե նախագահի հրամանագիրը եղել է հակասահմանադրական:
Ըստ պաշտպանի՝ հաջորդ փաստարկը մեղադրանքում հիշատակվող փաստացի ռազմական դրություն հայտարարելուն է վերաբերել: Այս դրվագի վերաբերյալ պաշտպանական կողմը նշում է՝ փաստացի ռազմական դրություն նշանակում է, որ դե յուրե ռազմական դրություն հաստատված չի եղել, բայց դե ֆակտո այդպիսի դրություն է հաստատվել:
Այս կապակցությամբ պաշտպանական կողմը ներկայացրել է համապատասխան օրենքի նորմեր, որտեղ ասված է, թե ինչից է բաղկացած ռազմական դրությունը: Միաժամանակ նաև ներկայացվել են տվյալներ, որ մինչև 2008 թվականի մարտի 1֊ը երկրում ռազմական դրությանը բնորոշող մի շարք հատկանիշներից գոնե մեկն առկա չի եղել:
Բացի վերը նշվածները Հայկ Ալումյանը նաև հայտնեց, որ մեղադրանքում կան այնպիսի ձևակերպումներ, որ ցուցարանները եղել են բացառապես խաղաղ տրամադրված և բոլորովին անզեն: Այնինչ մարտի 1 գործով առկա են տասնյակ դատավճիռներ որոնցում հստակ գրված են՝ ցուցարարները եղել են զինված, նշված են կոնկրետ զենքի տեսակներ և նույնիսկ կոնկրետ անձանց անուններ են հիշատակվում:
Ուստի պաշտպանական կողմը գտնում է, որ մեղադրանքի մեջ չի կարող այնպիսի ձևակերպումներ լինել որոնք հակասում են օրինական ուժի մեջ մտած դատավճիռներին և նախքան այդպիսի ձևակերպումներ տալը՝ պետք էր բոլոր այդ դատավճիռների վերանայման խնդիր քննարկել, քանի որ որևէ մարմին իրավունք չունի պետության անունից նման ձևակերպումներ անել, թե իբրև ցույցերը եղել են բացառապես խաղաղ և ցուցարարները բոլորը եղել են անզեն:
Հայկ Ալումյանի խոսքով՝ Վերաքննիչ դատարանը նշված այս փաստարկներից ոչ մեկին իր որոշման մեջ չէր անդրադարձել և Վճռաբեկ բողոք ներկայացվել է այս նկատառումներից ելնելով՝ որպեսզի Վճռաբեկ դատարանի ուշադրությունը հրավիրվի այս փաստարկների վրա: Եվ քանի որ Վճռաբեկը բեկանել է Վերաքննիչ որոշումն, ուստի պաշտպանական կողմը հիշատակված փաստարկները կներկայացնի կրկին Վերաքննիչ դատարանում, հուսալով, որ այս անգամ Վերաքննիչ դատարանը կանդրադառնա այդ փաստարակներին:
Ինչ վերաբերում է մինչ այս պաշտպանական թիմի՝ ՄԻԵԴ ներկայացրած գանգատին՝ պաշտպանության իրավունքի խախտման հիմքով, Ալումյանն ասաց. «Սպասում ենք քարտուղարությունից ստանանք համապատասխան տեղեկություններ»։
Մեկ այլ հարցին, թե «Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ կան կադրեր, թե ինչպես են ակտիվիստները 2008 թվականի մարտի 1-ին կրակում ավտոբուսների հետևից, նորից մտնում ավտոբուսների հետևը և արդյո՞ք Քոչարյանը դրանք ներկայացրել է ՀՔԾ», փաստաբանը պատասխանեց. «Պարոն Քոչարյանը չէ, բայց ես այսօր առավոտյան այդ տեսագրությունը ներկայացրել եմ Վճռաբեկ դատարանի գրասենյակ»։
Հարակից հրապարակումներ`
- Քոչարյանի վերաբերյալ գլխավոր դատախազի բողոքը Վճռաբեկ դատարանը բավարարեց մասնակի
- Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի հայց է ներկայացրել
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը ՄԻԵԴ գանգատ է ներկայացրել պաշտպանության իրավունքի խախտման հիմքով
- Քոչարյանի պաշտպանական թիմ. Վճռաբեկ դատարանում բողոքի քննության վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չի ստացվել
- Քննչական կոմիտեն մերժել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանի միջնորդությունը
- Փաստաբանը միջնորդություն է ներկայացրել՝ գաղտնալսման գործով Քոչարյանին տուժող ճանաչելու վերաբերյալ
- Դատարանը վարույթ է ընդունել Սեդրակ Քոչարյանի հայցն ընդդեմ Արա Պապյանի
- Դատարանը վարույթ է ընդունել Քոչարյանի փաստաբանների վճռաբեկ բողոքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան