Ենթադրենք երկու տղամարդ գնում են ԶԱԳՍ և ուզում ամուսնանալ, կա՞ օրենք, որ այդ ամուսնությունը կգրանցի. Փաշինյանի հարցը
Գործադիրն այսօրվա նիստում բացասական եզրակացություն տվեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած «Ընտանեկան օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արսեն Մանուկյանը նշեց, որ պատգամավորի նախագծով առաջարկում է Ընտանեկան օրենսգրքում ամուսնությունների կնքման շարքում լրացնել նույն սեռի անձանց միջև ամուսնությունների կնքման արգելքը: Դրանով կբացառվի նույն սեռի անձանց միջև ամուսնությունների կնքումը:
Անդրադառնալով նախագծով առաջարկվող կարգավորմանը՝ փոխնախարարն ասաց, որ արդեն իսկ ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է՝ ամուսնությունը հնարավոր է կնոջ և տղամարդու միջև. «Ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն: Ամուսնության տարիքը, ամուսնության և ամուսնալուծության կարգը սահմանվում են օրենքով: Բացի այդ, ամուսնության համար անհրաժեշտ պայմաններն ամրագրված են նաև Ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածով, համաձայն որի՝ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ամուսնական՝ 18 տարեկան տարիքի հասնելը»:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սահմանադրությամբ և օրենքներով այդ խնդիրներն արդեն իսկ կարգավորված են, Կառավարությունն առաջարկեց գործող օրենքը թողնել անփոփոխ, այսպիսով, մերժեց Տիգրան Ուրիխանյանի առաջարկած փոփոխությունները:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շահարկումներից խուսափելու համար հետաքրքրվեց. «Ենթադրենք, երկու տղամարդ կամ երկու կին գնում են ԶԱԳՍ ու ասում են՝ ուզում ենք ամուսնանալ, կա՞ օրենսդրական որևէ ճանապարհ կամ հնարավորություն, որ նրանց ամուսնությունը կգրանցվի»:
Հարցին ի պատասխան Արսեն Մանուկյանը բացասական պատասխան տվեց. «Ոչ, որովհետև, Սահմանադրության 35 հոդվածով հստակ նշվում է, որ ամուսնությունը տղամարդու և կնոջ՝ իրենց կամքով միասնությունն է: Այս նախագծի ընդունումը կամ չընդունումը որևէ հարց չի փոխում, որովհետև հարցն արդեն կարգավորված է օրենքով»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան