Ադրբեջանի ու Բելառուսի բաց քարտային խաղը ՀԱՊԿ-ում ընդդեմ Հայաստանի
Նոյեմբերի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել էր այդ երկրում Բելառուսի դեսպանին՝ քննարկելու համար իր առաջիկա այցելությունը Մինսկ։ Սա պատասխան «ժեստն» էր նոյեմբերի 12-ին Բելառուսի նախագահի կողմից Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպմանը, որի ընթացքում Լուկաշենկոն Ադրբեջանի դեսպանին պատմել էր նոյեմբերի 8-ին Աստանայում ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքների մասին՝ ընդհանուր առմամբ դժգոհելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցում Հայաստանի ունեցած դիրքորոշումից։
Ինչպես հանդիպմանը նախագահ Ալիևն ասել է Բելառուսի դեսպանին՝ «դուք որպես հմուտ դիվանագետ լավ գիտեք, որ նման պրակտիկան հազվադեպ է հանդիպում երկրների հարաբերություններում», նկատի ունենալով այն, որ նախագահները այլ երկրների դեսպանների հետ չեն հանդիպում երկկողմ հարցերը հրապարակային քննարկելու համար։ Բելառուսը և Ադրբեջանը բացառություն արել են դիվանագիտական արարողակարգից ոչ միմյանց նկատմամբ տածած անսահման սիրուց։ Նպատակը հստակ է՝ ուղերձներ փոխանցել Հայաստանին և ոչ միայն նրան։
Այն, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը դաշնակից երկիրը քննարկում է մյուս դաշնակից երկրի ոխերիմ թշնամու և այդ կառույցին ոչ անդամ պետության հետ և հետո էլ դրա մասին բարձրաձայնում է, առնվազն տարօրինակ է և վկայում է կառույցում խնդիրների առկայության մասին։ Հայաստանի ԱԳՆ-ն այս ամենը որակել էր ոչ կոռեկտ, ինչը դուր չի եկել Ալիևին, ով էլ փորձում էր արդարացնել Լուկաշենկոյին՝ ոչ կոռեկտ անվանելով Հայաստանի ԱԳՆ վարքագիծը, թե նախարարությունը չի կարող մեկնաբանել այլ, այն էլ դաշնակից երկրի նախագահի խոսքերը։
Այնուհետև Ալիևը Բելառուսի դեսպանին պատմել է, թե ինչքան «նախանձ ու չար» են հայերը։ Կարևորել է փաստը, որ բելառուսական զենքն ունի բարձր որակ և ընդգծել, որ Ադրբեջանի զենքի հիմնական մատակարարը Ռուսաստանն է, գնումներ անում են նաև Թուրքիայից, Իսրայելից, Պակիստանից, եվրոպական երկրներից։ Իսկ Հայաստանը դժգոհում է միայն Բելառուսից, քանի որ, ըստ Ալիևի, երկու երկրներն էլ միաժամանակ են անկախացել, Բելառուսը դարձել է զարգացած երկիր, իսկ Հայաստանը՝ աղքատ։ Սա է պատճառը, թե ինչու են հայերը «թերարժեքության բարդույթով» տառապում Բելառուսի հետ հարաբերություններում։
Ալիևը ներկայացրել է նաև իր տեսակետը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության և Յուրի Խաչատուրովի մասին՝ ընդգծելով, որ Ադրբեջանը զգուշավորությամբ է ընդունել փաստը, երբ Հայաստանի ներկայացուցիչը նշանակվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար։ Առաջին հերթին այն պատճառով, որ Հայաստանը Ադրբեջանի նկատմամբ թշնամական վերաբերմունք ունի և երկրորդը կապված էր թեկնածուի անձի հետ։ Ալիևը եզրակացրել է, որ ՀԱՊԿ-ի խնդիրը հենց Հայաստանն է։
Այն, որ «Եվրոպայում վերջին դիկտատորի» և «Հարավային Կովկասում վերջին դիկտատորի» միջև կա ջերմ հարաբերություններ բնական է և վաղուց հայտնի։ Բնականոն է նաև այն, որ Ադրբեջանը և Բելառուսը ձգտում են ունենալ նորմալ հարաբերություններ։ Անբնական է այն, որ դրանք տեղի են ունենում հայ-բելառուսական հարաբերությունների հաշվին։ Այս իրավիճակը ձեռնտու է, և կարող է հրահրվել Ադրբեջանի կողմից, որը Հայաստանի համար մեկ մրցակիցն է։ Բայց որ նախաձեռնությունը գալիս է Հայաստանի դաշնակից համարվող երկրից, դա է մտահոգիչ։
Միջազգային հարաբերություններում Հայաստանը լոյալ դաշնակցի համբավ ունի, և թերևս մի հիշարժան հրապարակային դեպք չի եղել, երբ հայկական կողմը թերանա Բելառուսի նկատմամբ ունեցած դաշնակցային պարտավորություններում՝ լինեն դրանք քվեարկություններ տարբեր միջազգային հարթակներում, հայտարարություններ, քաղաքական ու դիվանագիտական աջակցություն։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրություններում, երբ դեռ նոր էր ներմուծվում ռոտացիոն սկզբունքը և քննարկովում էր այբբենական կարգով առաջինը Հայաստանի ներկայացուցչի հարցը, Բելառուսը՝ Ղազախստանի հետ միասին, քիչ պրոբլեմներ չստեղծեցին հայկական կողմի համար։
Հիմա շարունակում են նույն խաղը՝ արդեն բաց խաղաքարտերով։ Իսկ ո՞վ է այս խաղում Հայաստանի խաղընկերը, ու՞մից պետք է սպասել թեկուզ փոքր աջակցություն։
Հայացքներս ինքնաբերաբար ուղղվում է հյուսիս, որտեղի հավանական խաղընկերը միշտ չէ, որ պարզ է, թե ինչ է խաղում և ինչ կանոններով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան