Լիլիթ Հարությունյան. Երբ փոքրիկս ընդամենը 15 օրական էր, երեխան գրկներիս գնում էինք մարզադպրոց
Նոյեմբերի 16-ին Դուբայում կանցկացվի «Dubai Women’s Run 2018» հեղինակավոր վազքարշավը: Ստուգատեսին Հայաստանը կներկայացնի Լիլիթ Հարությունյանը: Հայ մարզուհին նոյեմբերի 13-ից իր մարզչի՝ Գոհար Նազարյանի ուղեկցությամբ գտնվում է մրցավայրում: Լիլիթ Հարությունյանը վաղը` նոյեմբորի 16-ին կսկսի պայքարը: Sport.panorama.am-ի հետ զրույցում Հայաստանի բազմակի չեմպիոնուհին նշել է, որ ստուգատեսն անցկացվում է 8-րդ տարին անընդմեջ, որի նպատակն է իգական սեռի շրջանում խրախուսել սպորտը, բերել դեպի սպորտ։ Մրցաշարն անցկացվում է 5 կմ և 10 կմ մրցատարածություններում։
«3-րդ տարին անընդմեջ հրավերք եմ ստացել մասնակցելու այս հեղինակավոր մրցաշարին` Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի ջանքերի շնորհիվ։ 2016 թ. հանդես եմ եկել 5 կմ մրցատարածությունում և շուրջ 600 մասնակիցների մեջ գրավել եմ մրցանակային 3-րդ տեղը։ Այդ տարի մրցանակային էին համարվում 1-10 տեղերը:
2017 թ. 5 կմ վազքատարածությունում 1100-ից ավել մասնակիցների մեջ գրավել եմ 9-րդ տեղը։ Այս տարի համեստ ելույթներից հետո վերջապես վերջին ամիսներին կարողացա կրկին լավ արդյունք գրանցել,«Yerevan Marathon» միջազգային մրցաշարում լավ արդյունքով հաղթեցի 5 կմ մրցատարածությունում։
Հիմա լավ մարզավիճակով եմ մեկնել Դուբայ, կփորձեմ լավ ելույթ ունենալ։ Տարեցտարի այս մրցաշարն ավելի մեծ թափ և աշխարհագրություն է ձեռք բերում ու այս տարի նույնպես բավականին թվով ուժեղ մրցակիցներ ունեմ։ Կանեմ ամեն ինչ` լավ ելույթ ունենալու: Ինձ հետ մրցավայրում է նաև Հայաստանի վաստակավոր մարզիչ Գոհար Նազարյանը»,- ասել է Լիլիթ Հարությունյանը:
Հայ մարզուհին, սակայն, մրցումներից առաջ կանգնել է խնդիրների առաջ, որը ծագել է Վանաձորի աթլետիկայի մարզադպրոցի տնօրեն Սարգիս Չիլինգարյանի շնորհիվ: Չնայած հոգեբանական ծանր վիճակին` Լիլիթը պատրաստ է կենտրոնանալ մրցաշարի վրա և պատվով ներկայացնել Հայաստանը:
«Սարգիս Չիլինգարյանը մեր մարզադպրոցում ահավոր լարված վիճակ է ստեղծել: Նա դա անում է դիտավորյալ, որպեսզի հունից ինձ հանի և ես չմասնակցեմ ստուգատեսին: Տնօրեն «կոչեցյալը» սկանդալների մեջ է ներքաշում ինձ, ամուսնուս և մարզադպրոցի ուսմասվարին, ով իմ սկեսուրն է:
Երեխայիս ծնվելուց հետո, երբ փոքրիկս ընդամենը 15 օրական էր, երեխան գրկներիս գնում էինք մարզադպրոց: Երեխան մի անկյունում իր սայլակի մեջ քնում էր, ես մարզվում էի։ 8 ամիս հետո, երբ ես Հայաստանի հավաքական ընդգրկվեցի, սկսեց ամեն ստոր քայլ անել, որպեսզի սպորտով չզբաղվեմ։ Այս հրամանով էր սպառնում։ Ամեն դեպքում` կփորձեմ կենտրոնանալ մրցման վրա և լավ հանդես գալ»,- ավելացրել է Լիլիթ Հարությունյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան