«Օսվենցիմը սանատորիա է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պայմանների համեմատ. Նաիրա Զոհրաբյան
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կառուցումից և շահագործման հանձնելուց հետո ՀՀ քրեակատարողական հիմնարկներում գերբեռնվածության խնդիրն իսպառ վերացել է։ Այդ փաստը ֆիքսվել է ԵԽ խոշտանգումների կանխարգելման կոմիտեի կողմից։ ԱԺ այսօրվա նիստի ժամանակ ասաց Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնակատար Արտակ Ասատրյանը՝ հիշեցնելով, որ կառավարությունը բացասական դիրքորոշում է ներկայացրել Քրեական օրենսգիրքը փոփոխելու և նախնական կալանքի մեկ օրը մեկուկես օր հաշվարկելու առաջարկի առնչությամբ։
«2014 թվականից Հայաստանում ներդրվել է բարոյական վնասի փոխհատուցման ինսստիտուտը, որից կարող են օգտվել նաև նախկինում կալանավորված անձինք»,- ասաց նա՝ հավելելով, որ առանց քրեական և քրեակատարողական օրենսդրության համակարգային բարեփոխումների և առանց տարբերակված մոտեցման նման կարևոր որոշում կայանցնելը դեռ ժամանակավրեպ է։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր հերթին նկատեց, որ քրեական օրենսդրության կատարելագործումը պետք է տեղի ունենա հիմնական երեք շահառուների՝ պետության, հանցագործության մեջ մեղադրվող անձի և տուժողների, շահերի հավասարակշռման սկզբունքով։
ՀՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Մախմուդյանն իր հերթին նկատեց, որ պետք է հավանություն տալ նախնական կալանքի մեկ օրը մեկուկես օր հաշվարկելուն։
«Սա մարդասիրական օրենքի նախագիծ է»,- ասաց նա։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ հավելեց. «Օսվենցիմը սանատորիա է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում նախնական կալանքի պահման պայմանների համեմատ։ Քնում են հերթով, հնարավոր բոլոր միջատները վխտում են պատերի վրայով»։
Ապա հավելեց, որ իրենց խմբակցությունը միանշանակ պաշտպանում է առաջարկված նախաձեռնությանը՝ նախնական կալանքի մեկ օրը հաշվել մեկուկես օր։
Հարակից հրապարակումներ`
- Էդմոն Մարուքյանն առաջարկում է նախնական կալանքի մեկ օրը հաշվարկել է մեկուկես օր
- Եթե կալանքի տակ գտնված անձը տառապանք է կրել, պետութունը պետք է պատասխանատվություն կրի. պատգամավոր