Եկեղեցու նկատմամբ տեղի են ունեցել ոտնձգություններ
Այսօր Ազգային ժողովում քննարկման ներկայացվեց ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Միհրան Հակոբյանի, Գալուստ Սահակյանի և Կարինե Աճեմյանի հեղինակած ««Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Ինչպես տեղեկացրեց Միհրան Հակոբյանը, միասնական որոշում է կայացվել, որ նախաձեռնությունը վերաբերի միայն Հայ առաքելական եկեղեցուն:
Պատգամավորը նշեց, որ մինչև երկրորդ ընթերցում տեքստը շարադրվելու է հետևյալ կերպ.
«Հավաքն անցկացվելու է հանրապետության նախագահի, ԱԺ-ի, կառավարության նստավայրերից, դատարաններից կամ ՔԿՀ-ներից այնպիսի հեռավորության վրա, որի դեպքում այն սպառնում է դրանց բնականոն գործունեությանը, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցուն սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող տարածքներում, եթե չկա Հայ առաքելական եկեղեցու համաձայնությունը»:
Միհրան Հակոբյանը նշեց, թե ինչու են նման առաջարկությամբ հանդես եկել. «Առաջինը՝ որովհետև Հայ առաքելական եկեղեցին հոգևոր մշակութային, ազգային ինքնության պահպանման գործում բացառիկ դերակատարություն ունի»։
Պատգամավորը նկատեց, որ վերջին շրջանում Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ տեղի են ունեցել ոտնձգություններ, և ժամանակն է այս խնդիրը կարգավորելու:
Նախագծի ընդունման դեպքում, ըստ հանարապետական գործչի, օրենքի ուժով կկարգավորվի Հայ առաքելական եկեղեցուն սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող տարածքներում հավաքների անցկացումը, ինչը թույլ կտա հաշվի առնել Հայ առաքելական եկեղեցու կարծիքը իր տարածքներում հավաքների վերաբերյալ:
«Երկրորդ, նախագծի ընդունման դեպքում օրենքով կչեզոքացվեն եկեղեցուն պատկանող տարածքներում հասարակական կարգը խախտելուն միտված և կրոնական հիմքով անհանդուրժողականության մթնոլորտի ձևավորման հետ կապված վտանգները»,- նշեց Միհրան Հակոբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանության պատճառաբանությունները մեզ համար անհասկանալի են. Տեր Ասողիկ քահանա Կարապետյան
- Ոստիկանությունը չի պատրաստվում Մայր Աթոռից դուրս հանել սեղան-սուփրա փռած մարդկանց