Քաղաքագետ. Զգացել էի, ՔՊ-ն դառնալու է մի նոր ՀՀՇ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի որակմամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում սրընթաց «հհշ» են դառնում։ Նա ներողություն է խնդրում ՀՀՇ-ից նման համեմատության համար։
«Դեռևս հունիսին էի զգացել և գրել, որ ՔՊ-ն դառնալու է մի նոր ՀՀՇ։ Դրա նախադրյալներն արդեն երևում էին։ Սակայն ամեն ինչ շատ արագ կատարվեց։
ՀՀՇ-ում սկզբնական շրջանում քննարկումներ, քաղաքական դեբատներ, վարչության բաց նիստեր էին լինում, ֆրակցիաները միմյանց դեմ էին պայքարում։ Միայն տևական ժամանակ անց ՀՀՇ-ն «հհշ» դարձավ, ի տարբերություն ՔՊ-ի, որտեղ այդ գործընթացը սրընթաց կերպով է գնում։
Ինչի եմ սա գրում, ցանկանում եմ ՀՀՇ-ից ներողություն խնդրել նման համեմատությամբ իրենց վիրավորելու համար։
Հ․Գ․ Երկար տարիներ էր պետք, որպեսզի ՀՀԿ-ի անդամները հայտարարեին, որ ՀՀԿ-ն ընտանիք է և ունի հայր։ ՔՊ-ն ամիսներ անց իրեն ընտանիք հայտարարեց (նման տեսակետները կարող եք գտնել օրերս ՔՊ-ից դուրս եկած անդամի ֆեյսբուքյան գրառման տակ սկսված քննարկումներում, որտեղ այդ կուսակցության անդամներն ասում են, որ ՔՊ-ն ընտանիք է և ներքին գաղտնիքները չի կարելի օտարների (այսինքն մեր) առջև բացել:
«Ընտանիք» լինելը նշանակում է, որ կան ՄԵՐՈՆՔ և կան ՕՏԱՐՆԵՐ։ Տվյալ դեպքում ՕՏԱՐԸ հասարակությունն է։ Պատահական չի, որ իտալական մաֆիան «ընտանիք» հասկացության վրա է ձևավորվել։ Կա «ընտանիք» (մաֆիայի անդամները), կա ընտանիքի հայր՝ կնքահայրը և կան օտարները, որոնց հետ կարելի է վարվել ցանկացած եղանակով։ Օտարների վրա «ընտանիքում» գործող բարոյական նորմերը չեն տարածվում, իսկ ԸՆՏԱՆԻՔԻ դեմ դուրս եկողը դավաճան է։
Ուղիղ ժողովրդավարության իմաստն այն էր, որ ամբողջ հասարությունն է մեկ ընտանիք, չկան օտարներ ու յուրայիններ, միմյանց միջև չկան գաղտնիքներ և կարևոր որոշումներն ընդունվում են միասին՝ ուղիղ ժողովրդավարությամբ։ Դա էր «հեղափոխության» գլխավոր իմաստը։
Սա ընդամենը սկիզբն է։ ԸՆՏԱՆԻՔԸ դեռևս ձևավորման փուլում է և դեռևս օտարների ձայների կարիքը կա։ ԸՆՏԱՆԻՔԸ դեռևս չի բյուրեղացել, գլխավոր իրադարձություններն առջևում են»,-գրել է քաղաքագետը ֆեյսբուքյան իր էջում։
Հարակից հրապարակումներ`
- Գևորգ Աճեմյան. Տոտալ դիկտատուրա է տիրում «Քաղաքացիական պայմանագրում»
- Ստեփան Դանիելյան. Հեղափոխություն-հակահեղափոխություն թեման ավարտված է