Մնացականյան. Իրանը Հայաստանի կարևոր գործընկերն է
Հայ-իրանական հարաբերությունների վրա ինպե՞ս կարող են անդրադառնալ հակաիրանական պատժամիջոցները, որոնց խստացման մասին խոստանում են Վաշինգտոնում: «ՏԱՍՍ» գործակալության այս հարցին ի պատասխան ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը նշել է.
«Մենք հստակ ձևակերպել ենք մեր դիրքորոշումը, մասնավորապես. մեզ համար սա անչափ զգայուն հարց է, քանի որ Իրանը Հայաստանի կարևոր գործընկերն է, որի հետ մենք հաստատել ենք տարածաշրջանային արդի զարգացումների համատեքստում Հայաստանի համար չափազանց կարևոր նշանակություն ունեցող երկկողմ օրակարգ»։
Նա հիշեցրել է՝ Հայաստանն առաջիններից էր, որ ողջունեց 2015թվականին միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններում գրանցված առաջընթացը:
«Մեր շահերին հետամուտ լինելու և տարածաշրջանային անվտանգությունն ապահովելու նպատակով մենք այժմ կապ ենք պահպանում մեր բոլոր գործընկերների հետ՝ թե՛ Ռուսաստանի, թե՛ ԵՄ երկրների, և թե՛ ԱՄՆ-ի ու Իրանի հետ: Բոլթոնի այցը Հայաստան նույնպես հնարավորություն ստեղծեց ներկայացնելու մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները և դրանցով պայմանավորված քաղաքականությունը»,-ասել է ԱԳ նախարարի պաշտոնակատարը։
Հարցին, առաջիկայում նախատեսվում է արդյոք հանդիպում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, Մնացականյանը պատասխանել է. «Մենք ունեցել ենք և այժմ էլ ունենք բավականին հագեցած օրակարգ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։ Բնականաբար, պաշտոնական շփումների համար նոր հնարավորություններ կլինեն։ Բայց միևնույն ժամանակ, անցած վեց ամիսների ընթացքում մենք շփվելու շատ առիթներ ենք ունեցել , այդ թվում նաև միջազգային հարթակներում, լինի ՀԱՊԿ-ի կամ ՄԱԿ-ի շրջանակներում։ Անցած շաբաթ հանդիպեցինք Աստանայում։
Ես շատ եմ գնահատում մեր փոխհարաբերությունները, փոխըմբռնումը և արագ հասանելի լինելու հանգամանքը, ինչպես նաև նախարար Լավրովի փորձն ու գիտելիքները։ Կարող եմ ասել, որ այս ընթացքում մեր միջև ձևավորվել են հարաբերություններ, որոնք համապատասխանում են մեր երկրների միջև առկա ռազմավարական հարաբերությունների բնույթին»։
Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման հնարավորություններին, Մնացականյանը մասնավորապես նշել է, հայ-ռուսական հարաբերությունների երկկողմ օրակարգը հագեցած է և դինամիկ։
«Մեր միջև հաստատված են ամուր դաշնակցային հարաբերություններ, որոնք կառուցվում են իրավահավասարության, փոխվստահության և փոխադարձ հարգանքի վրա»,-ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- ԱԳ նախարարի պաշտոնակատար. Ամերիկյան կողմից զենքի վաճառքի որևէ առաջարկ չենք ստացել
- Մնացականյան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է մնա Հայաստանին