Տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել 429 մանկապարտեզներում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն այս տարվա սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակատհատվածում անցկացրել են հսկողական շրջայցեր և պետական վերահսկողական միջոցառումներ Հայաստանի Հանրապետությունում գործող նախադպրոցական ուսումնական հաստատություններում՝ ուսումնասիրելու նպատակով նախադպրոցական ուսումնական հաստատություններին մատակարարվող և իրացվող սննդամթերքի պիտանիության ժամկետների, պահման պայմանների և հիգիենայի համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանն ու ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:
Panorama.am-ին տրամադրած տեղեկատվության համաձայն, վերահսկողություն իրականացվել է հանրապետության 429 նախադպրոցական ուսումնական հաստատություններում, որից 60-ը՝ Արարատի, 30-ը՝ Արագածոտնի, 62-ը՝ Արմավիրի, 35-ը՝ Գեղարքունիք`, 40-ը՝ Լոռու, 45-ը՝ Շիրակի, 16-ը՝ Վայոց Ձորի, 53-ը՝ Սյունիքի, 36-ը՝ Տավուշի, 26-ը՝ Կոտայքի մարզերում և 26-ը՝ Երևանում։
Պարզվել է, որ որոշ հաստատություններ ունեն վերանորոգման կարիք, խոհանոցներն անբարեկարգ են, գույքը` հնամաշ է։ Մի շարք մանկապարտեզներում սանիտարահիգիենիկ պայմանները չեն համապատասխանել սահմանված նորմերին, բացակայել է անհրաժեշտ գույքը, չեն իրականացվել պայքարի պատշաճ միջոցառումներ միջատների, ճանճերի, կրծողների, ուտիճների դեմ, իսկ բժշկական զննության գրքույկներում պարբերական բժշկական հետազոտությունների մասին տեղեկատվությունը եղել է թերի։
Ըստ աղբյուրի, մատակարարված սննդամթերքի ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են մակնշման անհամապատասխանություններ, հացի համար տեղեկատվական թերթիկի, ԵԱՏՄ համապատասխանության հայտարարագրերի բացակայություն: Հայտնաբերվել է նաև տնային պայմաններում արտադրված սննդամթերք, իսկ որոշ մթերքների լաբորատոր փորձաքննությունների արդյունքերը ցույց են տվել մանրէաբանական ցուցանիշների անհամապատասխանություններ։
«Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից տեղում տրամադրվել է անհրաժեշտ իրավական և մասնագիտական խորհրդատվություն, տրվել են նաև համապատասխան հանձնարարականներ։ Թերությունների վերացման ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ, որոշ մանկապարտեզներում մեկնարկել են վերանորոգման աշխատանքներ։
Տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև մատակարարների հետ աշխատանքները շարունակվում են»,-հայտնում են տեսչական մարմնից։
Հարակից հրապարակումներ`
- Մանկապարտեզին հաց է մատակարարվել սանիտարահիգիենիկ անմխիթար վիճակում գտնվող փոխադրամիջոցով
- ԱՆ. «Գուլիվեր» մանկապարտեզում աղիքային վարակի պատճառը հայտնի է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները