Հոգևորականը պատրաստ է որևէ ժամանակ անհրաժեշտ պաշտպանություն իրականացնել
Խորհրդարանն այսօր չընդունեց «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը։ ՀՀԿ-ական պատգամավորներ Միհրան Հակոբյանի, Գալուստ Սահակյանի և Կարինե Աճեմյանի հեղինակած փաստաթղթով նախատեսվում էր ապահովել Ամենայն Հայոց Կաթողիկոսի պետական պաշտպանությունը։
ԱԺ փոխնախագահ Էդուարդդ Շարմազանովը նախագծի տապալումը անկախ Հայաստանի ամենախայտառակ քվերակությունը որակեց, ինչից հետո ՀՀԿ-ական պատգամավորները, ի նշան բողոքի, լքեցին ԱԺ դահլիճը։
Panorama.am-ի թղթակիցը թեմայի շուրջ խոսեց Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանի հետ՝ տեղեկանալու՝ արդյոք Հայ Առաքելական եկեղեցին հոգևոր առաջնորդի անձը պետական մակարդակով պաշտպանելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ է։
Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը թեև ուղիղ պատասխան այս հարցին չտվեց, սակայն նշեց, որ դա պետության խնդիրն ու պատվի հարցն է։
«Եկեղեցին մշտապես պաշտպանված է։ Հոգևորականը պատրաստ է որևէ ժամանակ անհրաժեշտ պաշտպանություն իրականացնել։ Ես, որպես քաղաքացի, գտնում եմ, որ պետությունն ինքը պետք է որոշի, մենք դրա մեջ խնդիր, անհանգստության պատճառ չենք տեսնում։ Փառք Տիրոջը, ունենք այդ ներուժը՝ ինքներս մեզ խոսքով, գրչով, հարկ եղած դեպքում ձեռքով պաշտպանելու։ Եթե պետությունը խոր մտածի, ճիշտ որոշում կկայացնի։ Համենայնդեպս, մեր կողմից նման նախաձեռնություն չի եղել, իրենք պետք է որոշեն և ճիշտ կողմնորոշվեն՝տարբեր հանգամանքներ վերլուծելով»,- ասաց հոգևորկանը։
Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը շեշտեց, որ եթե կարիք լինի Մայր Աթոռը հարձակումից պաշտպանելու և Կաթողիկոսին սատար լինելու, յուրաքանչյուր եկեղեցական պատրաստ է իր կյանքի գնով այդ առաքելությունն իրականացնելու։
«Եթե նման խնդիր լինի, մեր պատասխանը, բնականաբար, համարժեք է լինելու, ևա յդ դեպքում որևէ մեկը չի կարող մեզ մեղադրել նման կեցվածքի համար։ Մենք ոչ միայն արժեհամակարգ հաստատող, քարոզող դարավոր հաստատություն ենք, այլև նույն այդ արժեհամակարգը պաշտպանող՝ դա կլինի հայրենիք, ազգ, թե ազգային խորհրդանիշ ու սրբություն։ Եթե օրենքի մեջ նման հավելում չեն կատարել, իրենց խնդիրն է, մենք մեր առաքելությունն իրականացնում ենք՝ բոլոր դեպքերում։ Եթե մենք տեսնենք, որ մեր սրբությունը վտանգված է, ազգային եկեղեցական խորհրդանիշն անարգված է, մենք չպետք է սպասենք, որ օրենքը մեզ արտոնի կամ չարտոնի։ Մենք մեր քայլը կատարելու ենք, համարժեք ձևով պատասխանը տրվելու է՝ կլինի խոսքով, ձեռքով, թե մեկ այլ կերպ», ընդգծեց հոգևորականը։
Անդրադառնալով «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի այն մտքին, որ եթե Վեհափառն այսօր չի կարողանում ժողովրդի մեջ շրջել, դա իր խնդիրն է, տեր Ասողիկ քահանա Կարապետյանը նկատեց, որ հայոց ոչ մի հայրապետ՝ առավել ևս ներկայիս Վեհափառը, խնդիր չի ունեցել ժողովրդի մեջ ազատորեն շրջելու։
Հարակից հրապարակումներ`
- Սա անկախ Հայաստանի ամենախայտառակ քվեարկությունն էր. Շարմազանով
- Եկեղեցու նկատմամբ տեղի են ունեցել ոտնձգություններ
- Ոստիկանության պատճառաբանությունները մեզ համար անհասկանալի են. Տեր Ասողիկ քահանա Կարապետյան
- Ոստիկանությունը չի պատրաստվում Մայր Աթոռից դուրս հանել սեղան-սուփրա փռած մարդկանց