«Սթափվեք». Բրյուսովի համալսարանի դասախոսներն ուղերձով դիմել են մի քանի ուսանողների
Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ուղերձով դիմել է համալսարանի ուսանողությանը:
Ուղերձում ասվում է. «Մենք, Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի դասախոսներս, ցանկանում ենք մեր դիրքորոշումը և վրդովմունքը հայտնել մեր համալսարանի մի քանի ուսանողների՝ նախկին ուսանողական խորհրդի յոթ անդամների շարունակական կեղծ գրառումների և անվայել պահվածքի վերաբերյալ։ Այլևս չենք կարող և չենք ուզում լռել։
Մինչ այժմ լիահույս էինք, որ նրանք կվերանայեն իրենց վարքը և կլծվեն իրենց անմիջական պարտականությունների կատարմանը՝ ուսումնառությանը։ Սակայն, փաստորեն, չափազանց լավատես էինք։
Գրեթե ամենօրյա զրպարտությունն ու կեղծիքը նրանց միակ գործելաոճն է դարձել։
Մենք ցավ ենք ապրում, որ Բրյուսովի համալսարան ընդունվելու առաջին իսկ օրվանից նրանց մեջ սերմանվող մշակույթն ու արժեհամակարգը խարխուլ հիմքերի վրա են հայտնվել՝ որոշակի արտաքին գործոնների ազդեցության ներքո։
Մենք ցավ ենք ապրում, որ իր բարեկրթությամբ առանձնացող համաշխարհային արժեքների լավագույն օրինակների վրա ուսանողներին դաստիարակող բուհի ուսանողուհիները, կարող են դեռատի աղջիկներին ոչ վայել նման բառապաշար և պահվածք դրսևորել։
Մենք ցավ ենք ապրում, որ մեր ապագա հայ մայրերը կարող են նման կերպ ներկայանալ քաղաքացիական հասարակությանը։
Մեր սիրելի ուսանողեր, անսացեք մեր հորդորներին և սթափվեք։
Թույլ տվեք, որ մեծ վաստակ, բարձր վարկանիշ, ուսումնակրթական և գիտական հզոր ներուժ ունեցող ԲՈՒՀ-ը՝ պրոֆեսորադասախոսական կազմով և ուսանողական համակազմով զբաղվի իր առաքելությամբ՝ կրթությամբ և գիտությամբ։ Դուք խաթարում եք բուհի բնականոն աշխատանքը։ Սթափվեք, խնդրում ենք։
Օգտվելով պատեհությունից, հայտնենք, որ բոլոր ուսանողներն էլ մեր հոգածության ներքո են»։