Ռուբեն Մեհրաբյան. Հայաստանը պետք է ծանր ու թեթև անի՝ հասկանալու թե ինչ է անում ՀԱՊԿ կոչվող գազանանոցում
ՀԱՊԿ գագաթաժողովի շրջանակում Աստանայում կայացած հանդիպումներին հաջորդած հայտարարությունները վկայում են, որ կազմակերպության գլխավոր քարտուղարի թեկնածունների շուրջ քննարկումները թեժ են եղել։ Գագաթաժողովից հետո նախ Ղազախստանի նախագահը հայտարարությամբ հանդես եկավ, ապա Լուկաշենկոն սիրտն ու գաղտնիքները բացեց Ադրբեջանի դեսպանի առաջ։ Այս ամենից զարմացած Փաշինյանն ասաց՝ պարզաբանումներ է պահանջելու նրանցից։ Պարզաբանումների փոխարեն այսօր Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղարը փորձեց «շշպռել» Հայաստանի վարչապետի պաշտոնակատարին։
Հասկանալու համար, թե ի՞նչ է տեղի ունենում, հայկական կողմի արձագանքն ինչպիսի՞ն պետք է լինի, Panorama.am-ը զրուցեց քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանի հետ։
Նրա կարծիքով, Բելառուսի, Ղազախստանի հայտարարությունները, արձագանքները խոսում են այն մասին, որ հետխորհրդային բռնապետություններն ուղղակի սվիններով են ընդունում Հայաստանում տեղի ունեցածը։
«Նրանք խախտում են ջենտլմենական բոլոր պայմանավորվածությունները, տակտը, բարոյականությունն ու ամեն ինչը։ Խոսք է եղել նման հայտարարությունների անթույլատրելիության, պարզաբանումների անհրաժեշտության մասին, իսկ Բելառուսը դա որակում է փողոցային դեմոկրատիայի կանոններ։ Այս պարագայում, այո´, մենք գործ ունենք բռնապետությունների հետ, որոնք Հայաստանում տեղի ունեցածը իրենց ռեժիմների համար համարում են սպառնալիք և անում են ամեն ինչ, ինչպես իրենց է թվում, Հայաստանին տեղը ցույց տալու համար»,-նման գնահատական տվեց Մեհրաբյանը։
Քաղաքական վերլուծաբանի կարծիքով, թե´ Բելառուսի, թե´ Ղազախստանի Ադրբեջանի հետ ունեցած լավ հարաբերությունները պայմանավորված են այդ պետություններում առկա միանման ռեժիմով։
«Ադրբեջանն էլ իրենց նման ավտորիտար երկիր է։ Բնականաբար, նրանք շահագրգռված կլինեն Ադրբեջանին սիրաշահել՝ ի հաշիվ Հայաստանի»,-ասաց Մեհրաբյանը։
Ստեղծված իրավիճակում ո՞րը պետք է լինի հայկական կողմի արձագանքը։ Panorama.am-ի զրուցակիցը համարում է, որ նախարարի պաշտոնակատար Մնացականյանի, վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի հայտարարություններն ամբողջացրեցին Հայաստանի դիրքորոշումն ու գնդակն ուղարկեցին նրանց դաշտ։
«Պետք է ծանր ու թեթև անել՝ հասկանալու, թե Հայաստանի համար ի՞նչ է իրենից ներկայացնում ՀԱՊԿ-ը։ Սա զսպաշապիկ է կամ չգիտեմ՝ դնչկալ, բայց ոչ ռազմական դաշինք։ Այստեղ անդամակցող պետություններն իրար դաշնակից չեն ու լիարժեք կապված չեն այնպիսի պարտավորություններով, ինչպիսին ասենք ենաթադրում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածը։ Ընդ որում, Վարշավյան պակտն ուներ այդ հոդվածի անալոգը, դա չորրորդ հոդվածն էր։ ՀԱՊԿ-ը դա չունի, բայց դրա հետ մեկտեղ ունի բազմաթիվ սահմանափակումներ, թե ինչ չեն կարող անել կազմակերպությանն անդամակցող երկրները։ Սա Ռուսաստանի նեոկայսերապաշտական, կրիմինալ ռեժիմի շահերը սպասարկող կազմակերպություն է»,-կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբանը։
Մեհրաբյանի խոսքով, անկախ այն հանգամանքից կազմակերպությունը հայաստանցի է գլխավորելու, թե ոչ, այն իր էությունը չի փոխելու, ոչ էլ դառնալու է ավելի լավը։
«Սակայն հարցն այստեղ սկզբունքային է։ Կոնսենսուսով Հայաստանին տրված է նախագահության իրավունք մինչև 2020 թվականը, և այդ իրավունքը պետք է հարգվի մեր գործընկերների կողմից, եթե իհարկե, նրանք գործընկերներ են, ոչ թե խաբեբաներ։ Այստեղ կլինի նաև այն հարցի պատասխանը, արդյոք ջենտլմենական պայմանավորվածությունները հարգվո՞ւմ են, թե՞ ոչ։ Վերջին հարցն էլ այն, արդյոք այդ գործընկերների համար կազմակերպության հեղինակությունը կարևոր է, դրա մասին արդեն հայտարարել են Զոհրաբ Մնացականյանն ու Կարեն Նազարյանը։ Եթե պարզվի, նրանք նույն մղումները չունեն, դա կբերի այլ հետևությունների, օրինակ, թե մենք ի՞նչ ենք անում ընդհանրապես այդ գազանանոցում»,-ասաց Մեհրաբյանը։
Հարցին, եթե ամեն դեպքում ՀԱՊԿ գլխավոր պաշտոնը չստանձնի Հայաստանի ներկայացուցիչը, ո՞րը պետք է լինի Երևանի անելիքը, քաղաքական վերլուծաբանը պատասխանեց՝ Հայաստանը պետք է իրեն ազատ զգա այն պարտավորություններից, որոնք սահմանափակում են իր հնարավորություններն արտաքին աշխարհի հետ իրենց շահերից բխող շփումներում։
«Չեմ կարծում, որ Հայաստանը պետք է դեմարշներ անի, դուրս գա կազմակերպությունից։ Բայց Հայաստանը պետք է ձեռնարկի քայլեր, որոնք բխում են բացառապես մեր շահերից, դիվերսիֆիկացնի իր անվտանգության քաղաքականությունը, իսկ եթե կլինեն առարկություններ, դրանց հակափաստարկներն արդեն Հայաստանի ձեռքում են»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Մնացականյան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է մնա Հայաստանին
- Ադրբեջանի ու Բելառուսի բաց քարտային խաղը ՀԱՊԿ-ում ընդդեմ Հայաստանի
- Մինսկը պատրաստ է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում երեք թեկնածու առաջադրել
- Արթուր Ղազինյան. Լուկաշենկո - Նազարբաև դուետին չպետք է թույլ տալ «բեսպրեդել» անել ՀԱՊԿ-ում
- Նազարբաև․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը պետք է լինի Բելառուսի ներկայացուցիչը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան