ՀՀ նախագահը իտալական «Լեոնարդո»-ի ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախօրեին աշխատանքային հանդիպում է ունեցել ռազմաարդյունաբերական ոլորտում առաջատար ընկերություններից մեկի՝ իտալական «Լեոնարդո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ալեսանդրո Պրոֆումոյի հետ:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում շահագրգիռ քննարկում է ծավալվել ընկերության հետ կրթության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունների վերաբերյալ: Նախագահ Սարգսյանը Ալեսանդրո Պրոֆումոյին հրավիրել է առաջիկայում այցելել Հայաստան։
«Լեոնարդո» ընկերությունը մասնագիտացած է պաշտպանության և անվտանգության ոլորտների սարքավորումների արտադրության, աերոտիեզերական արդյունաբերության մեջ՝ իր արտադրությունում լայնորեն կիրառելով բարձր տեխնոլոգիաները:
Ընկերությունն ունի ավելի քան 45 000 աշխատակից, արտադրում է ուղղաթիռներ, ինքնաթիռներ, աէրոհամակարգեր, ցամաքային և ծովային պաշտպանական էլեկտրոնիկա, պաշտպանական, անվտանգային և տեղեկատվական համակարգեր, ընկերության արտադրանքը արտահանվում է տասնյակ երկրներ:
«Լեոնարդո»-ն ունի նշանակալի արդյունաբերական ներկայություն Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Լեհաստանի ներքին շուկաներում, ինչպես նաև ռազմավարական գործընկերություն միջազգային կարևորագույն շուկաներում:
Հարակից հրապարակումներ`
- Իտալիայի կառուցապատող ընկերությունների ասոցիացիան հետաքրքրված է Հայաստանում գործունեությամբ
- «Վաղվա առաջնորդ կդառնան նրանք, որոնք կգիտակցեն աշխարհում կատարվող սրընթաց փոփոխությունների կարևորությունը». ՀՀ նախագահ
- Մասիմո Ինգուշոն հետաքրքրված է ՀՀ նախագահի քվանտային վարքագծի տեսությամբ
- Արմեն Սարգսյանը հանդիպել է Մտքերի գագաթնաժողովի գլխավոր գործընկեր Թիերի Մալրեի հետ