Ուսանողների միջազգային օրն է
Նոյեմբերի 17-ը Ուսանողների համաշխարհային կոնգրեսի որոշմամբ հռչակվել է Ուսանողների միջազգային օրն։
Օրվա պատմությունը սկիզբ է առել Չեխոսլովակիայում։ 1939թ. հոկտեմբերի 28-ին Պրահայի ուսանողները և դասախոսները դուրս էին եկել ցույցի՝ նշելու Չեխոսլովակիայի կազմավորման տարեդարձը։ Ֆաշիստ զավթիչների կողմից ցույցը դաժանաբար ճնշվեց, որի ժամանակ սպանվեց ուսանող Յան Օպլետալը։ Յանի թաղման օրը՝ նոյեմբերի 15-ը, նույնպես վերածվեց բողոքի մեծ ցույցի, ինչի ժամանակ տասնյակ ցուցարարներ ձերբակալվեցին։
Նոյեմբերի 17-ի վաղ առավոտյան ֆաշիստական ուժերը շրջափակեցին ուսանողական հանրակացարանները, ձերբակալվեց ավելի քան 1200 ուսանող։ Ուսանողական շարժման 9 ակտիվիստներ գնդակահարվեցին։ Հիտլերի հրամանով Չեխոսլովակիայի բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները փակվեցին մինչև պատերազմի ավարտը։
ՀՀ վիճակագրական վարչության «Հայաստանի Հանրապետության սոցիալական վիճակը 2017 թվականին» զեկույցի համաձայն, 2017/2018 ուսումնական տարում հանրապետության 61 բարձրագույն պետական և ոչ պետական ուսումնական հաստատություննեում և 12 մասնաճյուղերում սովորել է 78 747 ուսանող: