«Սպիտակ» ֆիլմի ստեղծման աշխատանքները բարդ էին. ռեժիսոր
1988 թվականի դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժի մասին պատմող հայ-ռուսական համատեղ արտադրության «Սպիտակ» լիամետրաժ կինոնկարի ստեղծման աշխատանքները բարդ էին ոչ թե սցենարական կամ արտադրական առումով, այլ թեմայի զգայնության պատճառով։ «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում ասել է ռուս ռեժիսոր Ալեքսանդր Կոտը։
«Ֆիլմի աշխատանքների բարդությունը պայմանավորված էր նրանով, որ այն երկրաշարժը վերապրած մարդկանց մասին է, ում հիշողություններում դեռ թարմ են ողբերգության մանրամասները։ Ֆիլմն այն մարդկանց մասին է, ովքեր անձամբ ներկա են եղել աղետի գոտում և իրենց մասնակցությունն ունեցել փրկարարական աշխատանքներին»,-նշել է ռեժիսորը։
Ա. Կոտի խոսքով, որոշել էին նկարահանել ոչ թե ֆիլմ բուն երկրաշարժի մասին, այլ մարդու ներսում տեղի ունեցող երկրաշարժի մասին։
«Հերոսը, ով լքել է հայրենիքն ավելի լավ կյանք որոնելու նպատակով, վերադառնում է հայրենիք վերագտնելու ինքն իրեն»,- ասել է ռեժիսորը։
«Սպիտակ» ֆիլմը Հայաստանը ներկայացրել է «Օսկարի» «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում առաջադրելու համար։ Առաջիկայում այն կցուցադրվի Ֆլորիդայում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում և Տորոնտոյում:
Ֆիլմի սցենարի հեղինակը Մարինա Սոչինսկայան է, երաժշտությունը գրել է Սերժ Թանկյանը։ «Սպիտակ» ֆիլմի առաջին մասը նկարահանել է Ղրիմում, երկրորդ մասը` Հայաստանում։
Ֆիլմի հերոսը՝ Գոռը, հեռացել էր Հայաստանից ավելի լավ կյանքի փնտրտուքներում: Երկրաշարժից հետո Մոսկվայից վերադառնում է հայրենիք` գտնելու իր տունը, ընտանիքին, սակայն, արդեն ուշ էր: Աղետն ամեն ինչ ոչնչացրել էր: Աղետի վայրում Գոռը հանդիպում է տարբեր կերպարների, որոնցից յուրաքանչյուրն իր անձնական ողբերգությունն ունի: Տեղացիները փորձում էին գտնել իրենց սիրելիներին` ողջ կամ մահացած: Բժիշկները փորձում էին օգնել փրկվածներին, օր ու գիշեր աշխատում էին չնայած դեղերի պակասին, վիրահատություններ կատարում էին ձեռքի տակ եղած նյութերով: Զինվորները, կամավորները վտանգելով իրենց կյանքը, մաքրում էին փլատակները: Գոռը շարունակում էր փնտրել կնոջն ու փոքրիկ դստերը, որոնք դեռևս ողջ էին, բայց փլատակների տակ: Նա նորից պետք է սովորի սիրել այն, ինչ ինքն է ոչնչացրել:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ում ցուցադրելու են Հայաստանի կողմից «Օսկարի» առաջադրված «Սպիտակ» ֆիլմը
- Ալեքսանդր Կոտի «Սպիտակ» ֆիլմը Հայաստանի կողմից ներկայացվել է «Օսկար»-ի
- Սերժ Թանկյանը տարածել է «Սպիտակ» ֆիլմի առաջին թրեյլերը
- «Սպիտակ» ֆիլմն ընդգրկված է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրում
- «Սպիտակ» ֆիլմի նախագիծն արժանացել է Եվրիմաժի կառավարման խորհրդի հավանությանը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան