Արթուր Գևորգյանը ներկայացրել է ԱԻԲԱ-ի կանոնադրության փոփոխությունները
Այսօր տեղի ունեցավ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի արտահերթ համաժողովը, որի ընթացքում ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը ներկայացրեց ԱԻԲԱ-ում տեղի ունեցած կանոնադրության փոփոխությունները, ապա պատասխանեց լրագրողների հարցերին:
«Բռնցքամարտում մի շարք օրենքներ են փոխվել: Նախաօլիմպիական տարում մարզաձևի տղամարդկանց պայքարում գործելու է 8 քաշային կարգ` 52, 57, 63, 69, 75, 81, 91 եւ +91 կգ: Մեր առաջատարներից մեկի` Հովհաննես Բաչկովի քաշային կարգում մրցակցությունն ավելի է մեծացել, քանի որ աշխարհի, Եվրոպայի չեմպիոններն այժմ կկենտրոնանան մեկ քաշային կարգում: Եվ հակառակը` աղջիկների քաշային կարգերն ավելացել են դարձել 5-ը՝ 51, 57, 60, 69 և 75 կգ:
Գենդերային խնդիրը գնալով գլուխ է բարձրացնում և փորձում են հավասարություն մտցնել կանանց և տղամարդկանց միջև: Բացի այդ, կան մանրուքներ, որոնք ֆեդերացիայի աշխատանքին են վերաբերում: Մասնավորապես, գործադիր մարմնում պետք է պարտադիր կին լինի, ցանկացած մրցաշարին աղջիկներից պետք է անպայման ներկայացուցիչ լինի: Սրանք լրացուցիչ ծախսեր են ֆեդերացիայի համար: Եվս մեկ հավաքական է ավելանում և ավելի շատ ուշադրություն պետք է դարձնենք աղջիկների թիմին:
Եվս մեկ հավաքական կավելանա պրոֆեսիոնալների մասով: Տարեսկզբին անհասկանալի որոշում կայացրին մեր մարզիկները, ոմանք ճիշտ չըմբռնեցին և ճիշտ մոտեցում չցուցաբերեցին, և մենք դուրս մնացինք ԱԻԲԱ-ի պրոֆեսիոնալ լիգայից: Ունեինք 4 բռնցքամարտիկ, որոնց հրավիրել էին տարբեր երկրների հավաքականներ` ելույթ ունենալու պրոֆեսիոնալ լիգայում: Կարծում եմ` այս տարի նման թյուրիմացություն չի լինի: Պատճառը մատչելի է, մինչ տղաներն ընտրություն էին անում Ա և Բ երկրների միջև, ժամանակն անցավ:
Բռնցքամարտում կրկին ներդրվել է բողոքարկման ինստիտուտը: Այսուհետ իրավունք ենք ունենալու բողոքարկել անարդար մենամարտերը: Ցանկացած մրցաշարի ժամանակ ունենք բողոքարկման երկու իրավունք: Սա լուրջ խնդիր է գլխավոր մարզիչների համար, որպեսզի սխալներ թույլ չտան: Բողոքարկումն արժե 1000 դոլար, եթե հաղթում ենք այն, մեզ վերադարձնում են 500-ը: Նախկինում էլ բողոքարկման իրավունք կար, բայց հիմա դրանով առանձին զբաղվելու է ինստիտուտը: Հետագայում ուզում եմ նույնը կիրառել Հայաստանում»,- ասաց Արթուր Գևորգյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան