Արցախում գյուղական համայնքներում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն այցելել է «Ռաֆո» ՍՊ ընկերության կողմից Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներով կառուցվող բազմաբնակարան շենքերի շինհարթակ և ծանոթացել շինարարության ընթացքին:
ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, նախագծով նախատեսված է նկուղային հարկերով կառուցել քառահարկ 2 շենք՝ 3 և 4 սենյականոց 32 բնակարանով: Նոր թաղամասը կունենա կահավորված ու լուսավոր բակ, խաղահրապարակ, զբոսայգի, կանաչ գոտի և ավտոկայանատեղի
Պետնախարարն ընդգծել է գյուղական համայնքներում նոր բնակարանների կառուցման առաջնահերթությունը՝ նշելով, որ գալիք տարում այդ նպատակով կառավարությունը նոր ծրագիր կսկսի:
«Գյուղաբնակ մեր բոլոր այն հայրենակիցները, ովքեր գյուղում հիմքից նոր տուն կառուցեն, Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցով ընդամենը մեկ տոկոս տոկոսադրույքով հնարավորություն կունենան փոխառություն ստանալու: Դա չի նշանակում, որ դադարեցվելու է այդ նպատակով հանրապետության գյուղական բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով մինչև 3 մլն դրամ գումարի սահմաններում անհատույց տրամադրվող պետական ֆինանսական աջակցությունը: Երկու ծրագրերը կգործեն զուգահեռ»,- նշել է Գ. Մարտիրոսյանը:
Այցի ընթացքում պետական նախարարը եղել է Կարմիր շուկայի միջնակարգ դպրոցում, որտեղ ծանոթացել է նորակառույց դպրոցական շենքի պայմաններին, զրուցել ուսուցչական կոլեկտիվի անդամների և աշակերտների հետ, խոստացել, որ դպրոցի համար կառուցվող սպորտդահլիճի կիսատ մնացած շինաշխատանքները շուտով նորից կվերսկսվեն:
Խոսելով պետական աջակցության ծրագրերից՝ Գ. Մարտիրոսյանը հորդորել է համայնքի ղեկավարներին դրանց մասին հնարավորինս իրազեկել բնակիչներին: Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որպեսզի բոլոր քաղաքացիները ժամանակին տեղյակ լինեն պետական աջակցության ծրագրերից:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի պետնախարար. Հայրենադարձության ծրագրին նոր թափ կհաղորդվի
- Արցախի Կարմիր շուկա համայնքը բազմաբնակարան շենքերով նոր թաղամաս կունենա
- Արցախի Նորագյուղը նոր մանկապարտեզ ունի
- ՊԲ սպայական ընտանիքների համար Ստեփանակերտում նոր թաղամաս է կառուցվում
- Մարտունիում սպայական նոր թաղամաս Է բացվել
- Քաշաթաղում բնակելի նոր թաղամաս է բացվել