Հայաստանն՝ իր ԹՈՒՄՈ ինկուբատորի միջոցով, դառնում է ՍՊՐԻՆՏ-ի 8-րդ գործընկեր երկիրը
Իլ-դը-Ֆրանս տարածաշրջանի նախագահ Վալերի Պեկրեսը, առաջին փոխնախագահ, ինստիտուցիոնալ ռազմավարության և միջազգային հարաբերությունների պատասխանատու Ժերոմ Շարտիեն և բնապահպանության և կայուն զարգացման հարցերի պատասխանատու Ժան-Ֆիլիպ Դյուգուեն-Կլեմանը նոյեմբերի 18-19-ը այցով Երևանում էին։ Նրանց ուղեկցում էին տարածաշրջանային խորհրդական Ժան-Լյուկ Ռոմերո-Միշելը, պլանավորման և քաղաքային հատակագծման ինստիտուտի գլխավոր տնօրեն Ֆուադ Ավադան և Իլ-դը-ֆրանս տարածաշրջանի ֆրանսիական ձեռնարկությունների ղեկավարների, գիտնականների և համալսարանականների պատվիրակությունը:
ՀԲԸՄ Հայաստան մամուլի ծառայության հաղորդմամբ, այցի ընթացքում Վալերի Պեկրեսը և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ստորագրել են եռամյա նոր ճանապարհային քարտեզ Իլ-դը-Ֆրանս տարածաշրջանի և Երևան քաղաքի միջև` ուղղված Իլ-դը-Ֆրանս տարածաշրջանի և Հայաստանի միջև համագործակցության ամրապնդմանը երեք կարևոր ճուղերում.
-Նորարարություն և ՏՏ -տարածաշրջանը ցանկություն հայտնեց օժանդակել հայկական ձեռնարկատիրական էկոհամակարգի զարգացմանը և հրավիրեց Երևանին միանալու սոցիալական, կայուն ձեռնարկատիրությանն ուղղված իր ՍՊՐԻՆՏ Ֆրանկոֆոն ինկուբատորների ցանցին: ՍՊՐԻՆՏ-ը ստարտափների Իլ-դը-Ֆրանսի շրջանային և աֆրիկյան ինկուբատորային ցանց է, որը ստողծվել է 2017-ին՝ որպես մոդել խթանելու սոցիալական, կայուն ձեռնարկատիրությունը Իլ-դը-Ֆրանս տարածաշրջանի համագործակցության համար գերակա գոտիներում: Այսպիով, Հայաստանն՝ իր ԹՈՒՄՈ ինկուբատորի միջոցով, դառնում է ՍՊՐԻՆՏ-ի 8-րդ գործընկեր երկիրը և համալրում Ալժիրի, Կոտ դ՛Իվուարի, Մադագասկարի, Սենեգալի, Թունիսի և Լիբանանի հետ գոյություն ունեցող գործակցությունը:
-Մշակույթ, կրթություն և Ֆրանկոֆոնիայի խթանում- առաջարկելով տարածաշրջանում ընդունել կինոյի, երաժշտության, պլաստիկ արվեստների և թատերարվեստի հայ երիտասարդ արվեստագետների: Շրջանը կշարունակի նաև օժանդակել ֆրանսերենի ուսուցմանը տարրական և միջնակարգ կրթական հաստատություններում, ինչպես նաև Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գործընկերությամբ ամրապնդելբուհական ֆակուլտետները:
- Պլանավորում և քաղաքային հատակագծային նախագծում-Իլ-դը-Ֆրանս տարածաշրջանը և Երևան քաղաքը կբազմապատկեն փորձագիտական շփումները, մասնավորապես, թափոնների կառավարման և քաղաքային տրանսպարտի ոլորտներում:
Վալերի Պեկրեսը հանդիպումներ է ունեցել նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, ֆրանս-հայկական գործարար համայնքի, ինչպես նաև ԹՈՒՄՈստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում հանդիպել էստարտափների և ՏՏ ոլորտի ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ:
2016-ից Իլ-դը-Ֆրանս տարածաշրջանը սատարում է Երևանի հետ եղած համագործակցության բազմաթիվ ծրագրերի՝ ուսանողական ձեռնարկատիրության, հայկական ստարտափների ինովացիայի, վերականգնվող էներգետիկայի ոլորտներում: Տարածաշրջանը նաև սատարել է Հայկական բարեգործական ընդհանուր միությանը, Հայաստանում Ֆրանսիական համալսարանին և Տավուշի մարզում արևային վահանակների ենթակառուցվածքի սարքավորումներին: