Արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների հարկման որևէ նախագիծ կամ գաղափար առկա չէ. ՊԵԿ պարզաբանումը
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է տարածել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացի վերաբերյալ:
Պարզաբանման մեջ մասնավորապես նշված է.
«Ֆիզիակական անձանց համատարած հայտարարագրման թեման լայնորեն քննարկվում է ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում: Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ նախքան նախագծի ներդրումն՝ այն պետք է դրվի հանրային լայն քննարկման, ինչի ընթացքում վեր կհանվեն խնդրի դրական և բացասական կողմերը:
Ինչ վերաբերում է արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների հարկման մեխանիզմին, ապա որևէ նման նախագիծ կամ գաղափար առկա չէ: Իսկ ԶԼՄ-ին տված հարցազրույցում ՊԵԿ նախագահի պատասխանը բխել է ռեզիդենտների ստացած եկամուտների հարկման ընդհանուր սկզբունքներից (ՀՀ և արտասահմանյան աղբյուրներից ստացված եկամուտներ), սակայն դա չի նշանակում, որ նրանց եկամուտները ենթակա են լինելու հարկման կամ նման նախագիծ է քննարկվում»:
Նշենք, որ թեման սոցցանցերում ակտիվ ու զգացմունքային քննարկման է վերածվել։ Այս մեկնաբանությունը թերևս արտահայտում է միջին-սառը դիտողականությունը. «Սա դեռ ՀՀԿ-ի նախագիծն էր։Նորերը կուտակայինը մտցրին ժողովուրդը լռեց, տարկետումի և հազար դրամների մասով նույնպես կուլ գնաց, մտածեցին որ սա էլ կսղացնեն, բայց վախենամ կոկորդներին կանգնի))»
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունում որևէ կոնկրետ նախագիծ դեռևս չկա. Դավիթ Անանյան
- Հիմա պաշտոնյաններն այն վիճակում են, որ ինչքան շատ «քերեն», այնքան լավ. Տնտեսագետը՝ տրանֆերտների հարկման մասին