Ջոն Գրինի վերջին բեսթսելերը թարգմանվել է հայերեն
Բեսթսելերների հեղինակ, հանրահայտ ամերիկացի գրող Ջոն Գրինի վերջին ստեղծագործությունը՝ «Անվերջ կրիաներ» վեպը թարգմանվել է հայերեն: Նոյեմբերի 24-ին «Բուկինիստ» գրախանութի Մաշտոցի պողոտայի մասնաճյուղում տեղի կունենա գրքի շնորհանդեսը: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, թարգմանիչն է Լիա Ասատրյանը:
«Էդիթ Պրինտ»-ից հայտնում են, որ «Ալյասկայի որոնումներում» և «Աստղերն են մեղավոր» գրքերի հեղինակ, մրցանակակիր գրող Ջոն Գրինը այժմ կիսվում է Ազայի պատմությամբ, որը սիրո, դիմացկունության և հարատև ընկերության ուժի մասին մի հիասքանչ նովել է:
«Անվերջ կրիաներ»-ի գլխավոր հերոսուհին՝ 16-ամյա Ազան երբևէ չէր հետամտել քննելու անհայտ կորած միլիարդատեր Ռասել Փիքեթի առեղծվածը, սակայն հարյուր հազար դոլարը գայթակղիչ է, իսկ նրա լավագույն և ամենաանվախ ընկերուհին՝ Դեյզին, ցանկանում է անպայման այդ հետաքննությունն անել: Այսպիսով, երկուսով դուրս են գալիս Ռասել Փիքեթի որդու՝ Դեյվիսի հետքի վրա: Ազան փորձում է լինել լավ դուստր, լավ ընկեր, լավ ուսանող և գուցե անգամ լավ դետեկտիվ՝ այդ ընթացքում պարփակված լինելով իր սեփական մտքերի, հոգեբանական խնդիրների սեղմող հորձանուտում:
«Գրինն այս չափազանց անկեղծ պատմության մեջ փորձում է ցույց տալ, թե ինչպես հոգեբանական խնդիրները կարող են անելանելիության զգացում առաջացնել և մարդուն զրկել լիարժեք կյանքով ապրելու հնարավորությունից: Գլխավոր հերոսը պարբերաբար փորձում է բառեր գտնել՝ իր ցավը նկարագրելու համար, ինչը հաճախ անում է փոխաբերությունների օգնությամբ: Հեղինակը ցանկանում է ցույց տալ, որ ուրիշի կորուստը կամ ցավը զգալը գրեթե անհնար է, և որ մարդու ապրումներն իրենց նախադեպը չունեն, քանի որ յուրաքանչյուրս ամեն բան յուրովի ենք զգում: Հեղինակը նշում է, որ կարոտը կյանքի անբաժանելի մաս է կազմում, նույնիսկ երբ գոյություն չունեցած և երևակայական անցյալն ես կարոտում»,-նշում է գրքի թարգմանիչ Լիա Ասատրյանը:
Թարգմանչի խոսքով, գրքում Գրինը նաև բարձրաձայնում է հոգեկան առողջության խնդիրների սխալ ընկալման մասին: Մյուս կողմից՝ Գրինը մեծ հաջողությամբ է կերպարներ ստեղծում և համոզիչ կերպով ներկայացնում յուրաքանչյուրի բնավորությունն ու առանձնահատկությունները, ինչն էլ նրանց և ընթերցողի միջև կապ է ստեղծում:
«Մինչև գիրքը թարգմանելը կար մտավախություն, որ կարող է հոգեբանորեն «ծանր» լինել՝ շոշափվող թեման հաշվի առնելով, սակայն թարգմանությունը սկսելուն պես մտավախությունս փարատվեց: Այն թարգմանելն իսկապես հաճելի էր: Ընթերցողը յուրաքանչյուր գրքում անկեղծություն է փնտրում, ինչն, անկասկած, կգտնի «Անվերջ կրիաներ» վեպում»,-հավելում է գրքի թարգմանիչը: