Ռուս սահմանապահների անուշադրության հետևանքով հայ գյուղացին մի քանի տասնյակ հազար դոլարի վնաս է կրել
Հայ-թուրքական սահմանը հսկող ռուս սահմանապահների անուշադրության, վատ աշխատանքի հետևանքով Շիրակի մարզի Հայկավան գյուղի 61-ամյա բնակիչ Գոռ Կարապետյանի տրակտորը, խոտի հակավորման սարքը գողացել են։ Հետքերը տանում են Թուրքիա։
Panorama.am-ի հետ զրույցում Կարապետյանը պատմեց, որ սեպտեմբերին սահմանամերձ գոտու 3-րդ ուղեկալի տարածքում Գետաշեն համայնքին պատկանող հողում խոտհունձ անելիս տրակտորը փչացել է։
«Սեպտեմբերի 30-ին հիդրավլիկ սիստեմն ատկազ արավ, խոտհնձիչը կոտրվեց, կանգնեցրեցի ճանապարհի կողքին՝ ուղեկալից 1.5-2 կմ հեռու։ Տուն գնալուց առաջ մտա ուղեկալի տարածք, տեղյակ պահեցի, որ տրակտորն ու խոտհնձիչը կանգնեցրել եմ խաչմերուկին մոտ։ Էդ օրը ժամը 4։20 ես տուն եմ գնացել, ասեցի վաղը առավոտ շուտ կգամ»,-պատմում է Հայկավանի բնակիչը։
Հաջորդ օրը գյուղացին գնացել է, որ փչացած տեխնիկան սարքի, խոտհունձն ավարտին հասցնի, քանի անձրևները չեն սկսել։
«Ասացին՝ կամանդիրը վերևն է, ձեզ մի երկու ժամ ուշ կթողնեն։ Մինչև կամանդիրն եկավ, անցավ գնաց, պասպորտները առան-գրեցին, եղավ ժամը 12 անց։ Գնացի, տրակտորը չերևաց։ Աչքերիս չհավատացի, ասեցի՝ նեուժելի տրակտորը տարել են։ Մոտեցա, տեսա չկա, խոտհնձիչն էլ չկա։ Բարձրացա վերև, նայեցի, հետքերը ոչ մի տեղ չկա, նորից իջա, տեսա տրակտորի հետևի ֆառերը ջարդել էին, ըտեղ թափված էր։ Խոտ հակավորող (տուկ անող) մեքենան էլ չկար։ Սահմանապահներին ասեցի՝ սաղ հավաքել, տարել են։ Թե չի կարող պատահի։ Ասեցի, ոնց չի կարող, ցույց տվեցի հետքերը»,-պատմում է Կարապետյանը։
Հետո զանգել են ուղեկալ, սպաներն եկել են, նայել, հետքերը տարել են դեպի Թուրքիա՝ Բազրգյան գյուղ։
«Էդ պահին ուղեկալից զանգեցին Գյումրի, եկան, նկարեցին, չափեցին։ Նամակ են ուղարկել թուրքական կողմին, կամեռա կար, որ մինչև 6 կմ շառավիղով նկարում էր։ Թուրք զինվորները բարձրացել են, ստուգել են, թե հետո ինչ խոսեցին, ինչ չասեցին, ինձ համար անհասկանալի էր»,-ասում է շիրակցին։
Պատահածից մոտ 50 օր հետո Կարապետյանը նորից գնացել է ռուս սահմապահների մոտ, հետարքրքվել, թե ի˚նչ կա գողացած տրակտորից։ Ասել են՝ տեխնիկան հասել է Բազրգյան գյուղ ու հետքերն այլևս չկան։
«Իրենց աչքի տակից տարել են, էն տեղից, որ սահմանապահները պետք է հսկեին։ Ուրեմն լավ չեն հսկել, որ գողացել տարել են։ Անուշադիր են եղել։ Էդ գործողությունը մի 3-4 ժամ կատարվել է, ապահով անջատել են, հետո միացրել են տրակտորը, խոտհնձիչը գռքաշ տարել են։ Իմ տեխնիկան 20 հազար դոլար արժե։ Բացի էդ, գողության պատճառով քաղած 600 հակ խոտը մնաց դաշտում, մի էդքան էլ՝ չհնձած։ Մի տուկ խոտն էսօր 700-800 դրամ է։ Տրակտորն ու տուկ անող մեքենան իմ ընտանիքի ապրուստի միջոցն էին, ես տեխնիկայով ուրիշների խոտն էի հնձում, գումար էի աշխատում։ Հիմա համ տեխնիկան եմ կորցրել, համ խոտը մնաց ձյան տակ, համ եկամուտս, դրան էլ գումարած հիմա պետք է գնամ անասունների համար ձմեռվա խոտ առնեմ»,-վնասները թվարկում է Հայկավանի բնակիչը։
Ապրուստի միջոցը, եկամուտը կորցրած, վնաս կրած գյուղացին դիմել է ռուս Սահմանապահ ծառայությանը, ԱԱԾ-ի՝ Ամասիայի բաժին, զինվորական ոստիկանություն, այսօր էլ՝ ՄԻՊ-ի աշխատակազմ։
Նա շատ լավ հասկանում է, որ Հայաստանը Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի, բայց, ասում է, ռուսներն ունեն, կարող են բանակցել ու գողոնը գտնել, վերադարձնել։ Ռուս սահմանապահները վնասի փոխհատուցման որևէ տարբերակ չեն առաջարկել։
«Ես հարցը տվեցի, որ տեխնիկան չգտնվավ, ի՞նչ պետք է արվի։ Ինձ ոչ մի բան չասեցին, չառաջարկեցին։ Ես նոր տեխնիկա չեմ ուզում, իմն եմ ուզում, կամ դրա նմանը, թող հաշվեն, շուկայական գնով տան»,-ասաց նա։
Գյուղացին կարծում է, որ Երևանում խնդրին տեղյակ չեն, հակառակ դեպքում լուծում կտրվեր։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Տոնոյանը Փանիկում քննարկել է տեղի ունեցած միջադեպի մանրամասները
- Փանիկի դեպքի առթիվ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Իվանովին
- Գյուղացու ապրուստը հողին են հավասարեցնում. «Եկեք, օգնության հասեք»