Հարկեր հորինելը անտեղի եմ համարում. Վահե Էնֆիաջյան
«Այս պահի դրությամբ արդեն իսկ որոշակի տեղեկատվություն ունեմ մյուս քաղաքական ուժերից՝ ովքեր են առաջադրված չորրորդ ընտրատարածքում, որտեղ ես եմ առաջադրված ռեյտինգային ընտակարգով։ Գիտեմ, որ մրցակից են այնտեղ հիմնականում ՀՀԿ-ից»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը՝ պատասխանելով հարցին՝ թե գիտի արդյո՞ք իր մրցակիցներին։
Նրա խոսքով՝ ԲՀԿ-ն առավելագույնս փորձելու է ներգրավվածություն ունենալ խորհրդարանում և իրենց քաղաքական ծրագրերն ու լավ կադրերը կարող են նպաստը բերել երկրին:
Լրագրողների դիտարկմանը, թե արդեն իսկ պարզ է, որ մեծամասնությունը ձայնը տալու է «Իմ քայլը» դաշինքին, Էնֆիաջյանն ասաց. «Այդ «պարզ են» մենք կիմանանք ամսի 10-ին ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո»:
Լրագրողի հարցին, թե չեն վախենու՞մ Նիկոլ Փաշինյանին ընդդիմություն լինելուց, նա պատասխանեց. «Մեր քաղաքական ուժը որևիցե դաշտում քաղաքական գործունեություն ծավալելուց վախի զգացողություն չի ունեցել»:
Մեկ այլ հարցի, թե «Պետական եկամուտների կոմիտեն ցանկանում է 2020 թվականից շրջանառության մեջ դնել մի մեխանիզմ, որպեսզի հարկվեն տրանսֆերները՝ այսինքն դրսից եկող գումարները, դուք ինչպե՞ս եք վերաբերում սրան»։
«Պետք է փորձել երկրի ներքին սոցիալ-տնտեսական վիճակը փոխել, ոչ թե ամեն տեղ հարկեր ավելացնել։ Հարկային դաշտում անընդհատ կոշտացնել, շեմը բարձրացնել կամ նոր հարկեր ներդնել կամ, այս պահի դրությամբ երևի տեղին կարելի է ասել, հորինելը անտեղի եմ համարում: Պետք է մտածել երկրի ներքին սոցիալ-տնտեսական վիճակը փոխել, հնարավոր ներդրումներ և ներհոսք ապահովել, ոչ թե փորձել ամեն տեղ հարկեր ավելացնել», - ասաց պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ-ի մասին խնդիրները պետք է այնպես ձևակերպել, որ դրանք լրացուցիչ պրոբլեմներ չառաջացնեն. Ռուստամյան