ԿԽՄԿ ներկայացուցիչները կայցելեն Ադրբեջանի կողմից գերեվարված Կարեն Ղազարյանին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են Ադրբեջանի կողմից գերեվարված, Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանին և առաջիկայում ևս այց կկատարեն: ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի հետ հանդիպմանն ասել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության նորանշանակ ղեկավար Քլեր Մեյթրոյին:
ՀՀ արդարադատության նախարարության հաղորդմամբ, նա նշել է, որ իրենք մշտապես կապ են պահպանում Կարեն Ղազարյանի ընտանիքի անդամների հետ: Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը տեղեկացրել է, որ իրենց կառույցն ազատազրկված անձին ազատ արձակելու բանակցություններում ներգրավվելու կամ դատարանի վճիռների վրա ներգործություն ունենալու որևէ իրավասություն չունի:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ, 1984 թվականին ծնված Կարեն Ղազարյանն անհայտ պատճառներով հայտնվել է ադրբեջանական տարածքում: Ադրբեջանական կողմը տեղեկատվություն էր տարածել, թե Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել «հայ հետախույզ», 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանին:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնել էր, որ լուրը չի համապատասխանում իրականությանը, Կարեն Ղազարյանը ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ է, որևէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ, ունի առողջական խնդիրներ և 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում։ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ տեղեկացրել էր՝ ՊՆ-ն պաշտոնապես հայտարարում է, թե Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984թ. ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ-ում:
Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանի հարցով Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է միջազգային կառույցներին:
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Ղազարյանին վերադարձնելու պահանջով Բերդավանում փակել են միջպետական ավտոճանապարհը
- Կարեն Ղազարյանի Հայաստան վերադարձնելու հարցը մնում է ԱԳՆ օրակարգում. Աննա Նաղդալյան