Նախընտրական քարոզարշավի ժամանակ սև-սպիտակ պատկեր է գրանցվելու. քաղաքագետ
«Քիչ թե շատ հասկանալի է՝ ինչ պատկեր կունենանք, այսպես կոչված, նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Ասում եմ՝ այսպես կոչված, որովհետև այն արդեն ոչ ֆորմալ ձևով սկսել է, բացի այդ՝ քարոզարշավի ժամանակը շատ կարճ է»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Նրա համոզմամբ, նախընտրական քարոզարշավը գաղափարական բնույթ չի կրելու, ընտրողները քվեարկելու են ոչ թե ծրագրերի, այլ մարդկանց համար, ինչպես սովորաբար լինում է Հայաստանում։
«Իշխող ուժի քարոզարշավը վարելու է ընդամենը մեկ մարդ։ Մնացած ուժերը, որոնք հավակնում են մտնել խորհրդարան, պետք է հույսները դնեն առանձին դեմքերի վրա՝ բացառությամբ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի, որոնք հենվելու են իմիջի վրա։ Արդյունքում սև-սպիտակ պատկեր է գրանցվելու։ Չէի ասի, որ նախընտրական քարոզարշավը հետաքրքիր է լինելու։ Կոնկրետ ինձ համար արդյունքները պարզ են։ Ուժերից մեկը կհավաքի ձայների կեսից ավելին, լուրջ ընդդիմություն չի լինի»,- աաց նա։
Քաղաքագետը նկատեց, որ քաղաքական մյուս ուժերը քննադատության հնարավորություն կունենան։ Իսկանդարյան ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժի վարկանիշի անկումն արդեն սկսված է, սակայն մինչև դեկտեմբեր այն աստիճանի չի հասնի, որ խոչընդոտի իշխանության գալուն։
«Երկրորդ տեղը, մեծ հավանականությամբ, կզբաղեցնի ԲՀԿ-ն, երրորդ տեղի համար պայքար կծավալվի ՀՀԿ-ի, «Լուսավոր Հայաստանի» և «Սասնա ծռերի» միջև։ Թե ինչ կլինի իշխող կուսակցության հետ հունվարին, անչափ հետաքրքիր կլինի։ Ինչ վերաբերում է ներկա գործընթացներին, ապա մեղմ ասած, սա ճգնաժամային կառավարում է։ Չկան ծրագրեր, լուրջ գաղափարական բլոկներ, հռետորաբանությունը խառն է։
Սա պետք է ընտրություններից հետո դադարի, պետք է սկսեն ինչ-ր բան անել։ Բարձր ժողովրդականությունը քաղաքականության մեջ չափազանց լավ բան է, եթե ինչ-որ բանի համար օգտագործվում է։ Կես տարի է անցել, իսկ մենք նման բան չենք տեսնում։ Բարձր ժողովրդականությունն առայժմ ծառայում է միայն բարձր ժողովրդականությանը։ Ներկա իշխանությունները լողում են շատ բարձր լեգիտության մեջ, օգտվում դրանից»,- նշեց բանախոսը։
Հարակից հրապարակումներ`
- «Ժամանակ». ԲՀԿ քարոզարշավը կլինի դահլիճներում
- Կարինե Աճեմյան. Նորմալ քարոզարշավի դեպքում ակնկալում ենք մեծ թվով քվեներ
- ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան