«Ժողովուրդ». Սադրանք է Նիկոլ Փաշինյանի դեմ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ համառ լուրեր էին շրջանառվում, թե ՊԵԿ-ը օրենսդրական նախագիծ է ներկայացրել ֆիզիկական անձանց, այդ թվում` արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիներին հարկելու մասին, և որ արդյունքում պահումներ կարվեն Հայաստան մասնավոր դրամական փոխանցումներից: Այս թեման ՀՀԿ-ականների թեթև ձեռքով դարձավ հասարակական-քաղաքական շրջանակների քննարկումների առաջնային թեման: Նախկին իշխանության ներկայացուցիչներն անմիջապես փորձեցին սա ներկայացնել Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից ժողովրդի դեմ ուղղված դավադրություն: Իհարկե, շատ կարճ ժամանակ անց պարզվեց՝ ՊԵԿ-ը որևէ նման նախագիծ չի ներկայացրել:
Ընդամենը խոսվում է ՀՀ քաղաքացիների եկամուտների համատարած հայտարարագրման, այդպես ստվերային եկամուտները բացահայտելու հեռանկարների մասին, և որ այդ ամենը չի առնչվում արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների փոխանցած գումարներին: «Ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման թեման լայնորեն քննարկվում է ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում: ՊԵԿ-ը անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ նախքան նախագծի ներդրումը այն պետք է դրվի հանրային լայն քննարկման, ինչի ընթացքում վեր կհանվեն խնդրի դրական և բացասական կողմերը: Ինչ վերաբերում է արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների հարկման մեխանիզմին, ապա որևէ նման նախագիծ կամ գաղափար առկա չէ»,- երեկ հաղորդագրություն տարածեց ՊԵԿ-ը:
ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ հայտարարել է, թե եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը հանրության կողմից սխալ է ընկալվել: Երեկվա աժիոտաժն ուշագրավ է մեկ այլ առումով. տպավորություն էր, որ սա ԱԺ ընտրություններից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ կազմակերպված սադրանք էր կառավարության դեմ դժգոհություն հարուցելու համար: Ու եթե այս թեման շահարկելու հարցում ՀՀԿ-ականների շահագրգռվածությունը պարզ էր, ապա անհասկանալի է՝ իշխանության ներսից ովքեր են այս թեման հրապարակ նետել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում