Ինքնասպանության փորձ կատարածները մանկատան նախկին սաներ են
«911» ծառայությանը երեկ երեկոյան ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ հաղորդմամբ, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:
Պարզվել է, որ երկու քաղաքացի անցել են կամրջի ճաղավանդակը:
Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը դեպքի վայրում կանխարգելիչ աշխատանքներ է կատարել:
Փրկարարները ոստիկանության աշխատակիցների և քաղաքացիների օգնությամբ կանխել են քաղաքացիներ` Ա. Ղ.-ի (ծնված 1992 թ.) և Ս. Մ.-ի (ծնված 1980 թ.) ինքնասպանության փորձը. վերջիններս տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնականի բաժին:
Ոստիկանությունից Panorama.am-ին հայտնեցին, որ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոչ պաշտոնական տեղեկություններով, ինքնասպանություն գործել սպառնացող տղամարդիկ մանկատան նախկին սաներ են եղել, նրանք պահանջել են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում, քանի որ իրենց հասանելիք բնակարանները չեն ստացել։