Փաշինյան. Կատարել ենք ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները
Այս տարվա հոկտեմբերի դրությամբ կամ առնվազն խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը մենք կատարել ենք ժողովրդի առջև ստանձնած բոլոր պարտավորություններն առանց բացառության։ Այս մասին հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ քիչ առաջ մեկնարկած հանդիպմանը։
«Առաջին, մենք խոստացել էինք, որ եթե Հայաստանի ժողովուրդն արտահայտի իր կամքը մենք կապահովենք Սերժ Սարգսյանի և նրա թիմի հեռացումը իշխանությունից, ընդ որում բացարձակապես խաղաղ ճանապարհով։ Այսօր այդ պարտավորությունը կատարված է»,-ասաց նա։
Նա թվարկեց՝ խոստացել են ապահովել ժողովրդավար, թափանցիկ ընտրություններ, արդյունքները չեն կեղծվի, սեպտեմբերին Երևանի ավագանու ընտրություններով ու հոկտեմբերին ՏԻՄ ընտրություններով, ըստ նրա, այդ պարտավորությունը լիարժեք կատարվել է։
Նա լիարժեք կատարված որակեց նաև կոռուպցիայի դեմ պայքար մղելու պարտավորությունը, չնայած, ըստ Փաշինյանի, այդ պայքարը դեռ շարունակվում է։
«Ժողովրդից մանդատ ստանալու դեպքում այդ պայքարը կշարունակենք»,-նշեց նա։
Վարչապետի պաշտոնակատարի խոսքով, վերացրել են արհեստական տնտեսական մենաշնորհները, որևէ շուկայում խոչընդոտներ չկան, ասել էին՝ չեն լինելու արտոնյալ մարդիկ, սա էլ համարում է լիարժեք կատարված։
«Մենք խոստացել էինք, անցկացնել ԱԺ արտահերթ ընտրություններ, պարտավորությունը կատարված է։ Հայաստանում իշխանությունը վերադարձված է ժողովրդին, և իսկապես պատկանում է ժողովրդին, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իր ունեցած մեկ քվեով առաջիկա խորհրդարանական ընտրություններում որոշելու է երկրի ճակատագիրը»,-ասաց նա։
Ի դեպ, նա ասուլիս է եկել Հայաստանի դրոշի գույներով փողկապով։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին ԱԺ-ում նա հայտարարեց, որ իր ողջ հագուստը, բացի փողկապից, հայկական արտադրության է։
Ինչ վերաբերում է փողկապին, նա մանրամասնեց.
«Ազգային ժողովում իմ ելույթում ես ասացի, որ կրում եմ բացառապես հայկական արտադրության հագուստ՝ բացառությամբ փողկապի, որը չէինք կարողացել գտնել։
Հայկական արտադրողներն անտարբեր չանցան իմ այս հայտարարության կողքով։
Արտադրողները արձագանքել են ու հայկական արտադրության երկու փողկապ եմ նվեր ստացել»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան