Քաղաքական 20:04 20/11/2018 Հայաստան

Մենք չենք պատրաստվում լռության մատնել Հայաստանի շահերին առնչվող որևէ հարց. Փաշինյան

ՀԱՊԿ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը համարում է երկրորդական, քանի որ կառույցում կան շատ ավելի լուրջ հարցեր ու գլխավոր քարտուղարի հարցն առիթ է՝ դրանք քննարկելու:

Հարցին, թե արդյոք Հայաստանը ՀԱՊԿ-ի կանոնադրության վերանայման հարց է բարձրացնում, Փաշինյանը պատասխանեց.  «Բելառուսի նախագահը հրավիրում է Ադրբեջանի դեսպանին և ասում՝ Աստանայում այսպես եղավ, այս խնդիրը կա, այն խնդիրը կա։ Եղե՞լ է մի դեպք, որ Բելառուսի նախագահը հրավիրի Հայաստանի դեսպանին և ասի, որ բանակցում են Ադրբեջանի հետ, զենք են ուզում, ուզում եմ տեղեկացնեմ, որ այսպիսի քննարկում եղավ, այս գնով են ուզում, այս զենքից են ուզում, մենք էլ մտածում ենք՝ տանք թե չէ։ Եղե՞լ է այսպիսի իրավիճակ, չի եղել, իսկ ՀԱՊԿ կանոնադրության մեջ գրած է, որ մենք ռազմաքաղաքական դաշնակիցներ են։ Մենք կանոնադրության փոփոխության խնդիր չենք դնում, մենք պրակտիկայի փոփոխության խնդիր ենք դնում։ Ասում ենք՝ առնվազն տարօրինակ է, որ փակ խոսակցությունը պատմեն դաշինքի անդամ երկրի հակառակորդին, որն ամեն օր սպառնում է, թե գրավելու է Հայաստանի մայրաքաղաքը։ Հետևաբար, զենքը վաճառում եք, որ իրանք մեր մայրաքաղաքը գրավե՞ն, այսինքն, քաջալերո՞ւմ եք մեր մայրաքաղաքի գրավումը ու մտածում եք, որ մենք պիտի ասենք՝ լավ այս անգամ էլ այսպես եղավ։ Չի լինելու նման բան:

Նախկինում մեծ-մեծ բրդողները թող ասեն՝ իրենք այս իրավիճակում ինչ են արել։ Ոչ մի բան էլ չեն արել, բերանները ջուր առած նստել են  ու գիտե՞ք՝ ինչու են բերանները ջուր առած նստել, որովհետև նրանք ոչ թե առաջնորդվել են Հայաստանի շահերով, այլ մտածել են՝ մի րոպե, այստեղ էսքան բիզնես ունենք, այստեղ էնքան բիզնես ունենք: Նոր իրավիճակը նրանում է, որ ՀՀ-ն ներկայացնում է մի մարդ, որը  ոչ մի տեղ ոչ մի բիզնես չունի։ Եւ հետաքրքրված չէ, թե Հայաստանի շահերից բխող որևէ արտահայտություն ինչ ազդեցություն կունենա Մոսկվայում, Մինսկում, Աստանայում, Բիշկեքում կամ իր ունեցած բիզնեսի վրա»:

Այսպիսով, ըստ նրա, կանոնադրության փոփոխության հարց չեն դնում, քանի որ տեղեկություն չունեն, որ կանոնադրությունն է խնդիրը։

Հայաստանի հարաբերությունները Իրանի հետ

Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները պետք է շատ ինտենսիվ զարգանան և  դրանք պետք է լինեն փոխշահավետ: Այս մասին ասաց  ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՝ հավելելով, որ  Իրանի հետ հարաբերությունների մասին պատկերացումների մասին հայտարարվել է, դրանցում որևէ փոփոխություն անելու անհրաժեշտություն չեն տեսնում:

Նրա խոսքով՝  Հայաստանն ու Իրանը հարևան երկրներ են և դրանից բխում են որոշակի քայլեր:

«Մենք պետք է հարաբերությունների լավ մակարդակը ոչ միայն պահպանենք, այլև հարաբերությունները փորձենք բարձրացնել նոր մակարդակի»,- նշեց  Փաշինյանը:

Անդրադառնալով Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին՝  վարչապետի պաշոտնակատարն ասաց.  «Համոզված եմ, որ ամերիկացի գործընկերներն ըմբռնումով են մոտենում իրավիճակին և մեր քաղաքականությանը: Մեզ համար շատ կարևոր է նաև Հայաստանի և Ամերիկայի միջև  հարաբերությունները լավ տեմպերով զարգացնելը: Ուրախ եմ, որ Միացյալ Նահանգների նախագահի վարչակազմի համար նույնպես Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը մտնում է առաջնահերթությունների ցանկի մեջ»: 

Արցախի հարցը

Շփման գծում հարաբերական հանգստությունը Դուշանբեում ձեռքբերված պայմանավորվածությունների արդյունք է: Այս մասին նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված օպերատիվ կապին՝ վարչապետի պաշտոնակատարն ասաց. «Օպերատիվ կապի հետ կապված քննարկումներ են եղել և այնպիսի տպավորություն է,  որ ոմանք ընկալել են, թե ես ու Ադրբեջանի նախագահն իրար հետ «չաթ» ենք անում, առավոտից երեկո խոսում ենք: Իհարկե, դա այդպես չէ, ներկայացուցիչների միջոցով, ըստ անհրաժեշտության, տեղեկատվություն է փոխանցվում»:

Անդրադառնալով Արցախի հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանը պետք է համազգային ներուժը համախմբի, որպեսզի Արցախի հարցում լիարժեք պաշտպանի և  հետապնդի մեր շահերը:

«Ակնհայտ է բոլորի համար, որ Արցախի հարցը մեր երկրի, մեր ժողովրդի համար ունի առանցքային նշանակություն: Կա չէ՞ բանակցային պրոցեսի առաջին օրվանից խորհրդավորության քողով պատելը: Նույնիսկ հիմա ընկալում կա, որ Արցախի բանակցային գործընթացին տիրապետում են սահմանափակ թվով մարդիկ: Ես այդ մոտեցումը սխալ եմ համարում:  Կարծում եմ, որ ԼՂ հարցին պետք է տիրապետի հնարավորինս շատ մարդ: Այսօր հայ ժողովուրդն Արցախի հարցի վերաբերյալ բանակցային գործընթացից ու բովանդակությունից տեղեկացված է առավել քան երբևէ: Այս մոտեցումը շարունակվելու է:  Չեմ կարծում, թե Արցախի հարցին պետք է սահմանափակ թվով մարդիկ տիրապետեն»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: 

Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության հարցը

«Որ մարդիկ մտել էին Վեհարան, որևէ մեկը կարո՞ղ է ասել` ինչու նրանք մինչև հիմա այնտեղ չեն, որովհետև ոստիկանությունը հատուկ գործողությամբ նրանց դուրս է հրավիրել այնտեղից»,- հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ականների օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է  իրավական երաշխիքներ սահմանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության ապահովման համար:

Նրա խոսքով՝ այս ընթացքում նրանք մուտք չեն գործել Վեհարան, քանի որ ոստիկանությունը նախորդ փորձը հաշվի առնելով, ապահովել է, որ նրանք չմտնեն այնտեղ:

«Կաթողիկոսի ճանապարհը փակել են, բա ինչի՞ մինչև հիմա այդ ճանապարհը փակված չէ՞: Պատասխանը պարզ է, որովհետև ոստիկանությունը գործողություններ է ձեռնարկել: Այդ  օրենքը, որ ուզում էին ընդունել, կոչվում է պետական բարձրաստիճան պաշտոնյաների պահպանության մասին օրենք: Կաթողիկոսը պետական բարձրաստիճան պաշտոնյա՞ է, մենք համարում ենք՝  Հայ առաքելական եկեղեցու հեղինակության համար լա՞վ է, որ մենք ասենք՝  մի երկրում, որտեղ բնակչության 90 տոկոսը հայ առաքելական եկեղեցու հետևորդ է, հիմա անհրաժեշտություն է առաջացել, որ նա թիկնազորով շրջի՞: Այդ մարդիկ մտածում են, որ դրանով եկեղեցու հեղինակությանն են ծառայո՞ւմ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարն ասաց, թե այսքան տարի ինչի՞ այդ օրենսդրությունը չէին ընդունում:

«Այսինքն՝ էս երկրում կյանքը սկսվել է 2018 թ-ի մայիսի՞ց: Ինչի՞ չեք ընդունել, բա էդ ո՞ւմ իշխանության տարիներին էին ձեր իսկ նշած աղանդները տարածում գտել Հայաստանում, թե վեց  ամսվա ընթացքում է այդ ամենը տեղի ունեցել»,- նշեց Փաշինյանը:

Բարձրաստիճան պաշտոնյաների զավակների  զինծառայության մասին

Վարչապետի պաշտոնակատարն անդրադառնալով բարձրաստիճան պաշտոնյաների զավակների  զինծառայության մասին հարցին՝ հայտնեց, որ մի շարք պաշտոնյաների որդիներ այս պահին ծառայում են բանակում, ներառյալ՝ իր որդին:

Վարչապետը խոսեց նաև մամուլում շրջանառվող այն լուրերի մասին, թե իր որդու համար Ստեփանակերտում վարձով տուն են փնտրել:

«Լավ ա չեն գրել՝ առանձնատուն են կառուցում, որ այնտեղ ապրի: Ամոթալի եմ համարում նման լուրերի հրապարակումը, որովհետև գիտեմ, որ նույնիսկ այդ լուրերի հեղինակները գրում են բացարձակ ստի մասին: Ես էլ եմ ժամանակին ազատվել ժամկետային զինվորական ծառայությունից, դրա վերաբերյալ մանրամասն պարզաբանումներ եմ տվել: Դա տեղի է ունեցել 1991 թ-ին ընդունված «Զինապարտության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, ըստ որի՝ երբ երկու եղբայրները ծառայած են լինում, երրորդ եղբայրն ազատվում էր զինծառայությունից»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը նշեց նաև, որ իր որդին սովորական շարքայինի նման ծառայում է զորամասում. «100 տոկոսով կատարում է պարտականությունները, որոնք ենթադրում է, որ պետք է կատարի ՀՀ զինված ուժերի շարքայինը: Ավելին ասեմ՝ ընթացակարգերով նախատեսված է, որ ինքը պետք է ուսումնական զորամասում ծառայության տեղափոխվի ինչ-որ ժամանակահատված, բայց ես խնդրել եմ՝ նա իր զինծառայության վայրը չփոխի, քանի որ հասկացել եմ՝ եթե բոլորի նման մի քանի ամսով գա ծառայի Հայաստանում, ինչպիսի մեծ աղմուկ կառաջանա, կասեն՝ շոու է, Մարիոթում է ծառայում»:

Նիկոլ Փաշինյանը նաև հայտնեց, որ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո որևէ պաշտոնյա չի դիմել իրեն՝ խնդրելով որդու համար ավելի հեշտացված պայմաններով զինծառայություն կամ տարկետում. «Միայն եղել են դեպքեր, երբ  դիմումներ ստացել ենք արվեստագետներից»:

Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ նաև բանակում զինվորներին տրվող ուտելիքին՝ նշելով, որ գոհ չէ դրանից:

«Մի քանի անգամ անձամբ  եղել եմ դիրքերում, փորձել եմ ուտելիքը և այն սարսափելի է: Մենք այդ խնդրով լուրջ զբաղվել ենք, զբաղվում ենք ու զբաղվելու ենք»,- ասաց նա՝ միաժամանակ հավելելով, որ բանակի մասշտաբը շատ մեծ է, և այդ հարցը մեկ օրում լուծել հնարավոր չէ։

«Ծառայության հետ կապված ամենամեծ շոկերից մեկն այն էր, որ հերթական հեռախոսազանգերից մեկի ժամանակ ստացանք ավանդական խնդրանքը՝ ինձ համար էս ուղարկեք, էն ուղարկեք: Դա շատ վատ ազդակ էր»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև ասաց, որ զինվորների ներքնաշորերի հետ կապված մեխանիզմի փոփոխություն են իրականացնում. «Այո, մենք խնդիրներ ունենք: Հիմա մարդիկ կան, որ մեծ-մեծ խոսում են, այդ մարդկանց պետք է տանենք, տանք էդ տուշոնկեքն ու ասենք՝ դե կեր ու ապրի, և դուրս արի քարոզարշավ անելու»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բարձրաստիճան պաշտոնյաների զավակների զինծառայությունից խուսափելու հետ կապված բոլոր դեպքերին չի տիրապետում. «Այնքան շատ բաներ կան ուսումնասիրելու, բոլոր դեպքերում իմ պատասխանը նույնն է՝ կոռուպցիայի դեմ կոմպրոմիս չի լինելու»: 

Ինչ վերաբերում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն, նա նշեց, որ նրա զինծառայությունից խուսափելու հետ կապված քրեական գործ է հարուցված:

«Չենք պատրաստվում ժողովրդին տոկոսի տակ գցելով տնտեսական ակտիվության ցուցանիշ ապահովել»

«Տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշը չկարողացանք պահպանել, քանի որ այն կազմված էր բուքմեյքերների գրասենյակներում արված ստավկաներից, որը մեր ժողովրդի մի զգալի հատվածին տոկոսի տակ է դրել»,- այս մասին հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ իր ղեկավարած կառավարությունը չի կարողացել պահպանել տնտեսական ակտիվության նախկին ցուցանիշները:

«Հաջորդ պատճառը Ամուլսարի ներդրումն էր: Այսինքն՝ մեկ կազմակերպության ճակատագրով տնտեսական աճ ենք նկարում: Հաջորդը Թեղուտն էր: Ինչ է տեղի ունեցել  Թեղուտում, բոլորդ գիտեք և դա եղել է մինչև հեղափոխությունը: Հանքը փակվել է, իսկ երբ ժամանակին մարդիկ ահազանգում էին, որ դա մի արեք, մեզ համար պրոբլեմ է դառնալու, ասում էին՝ մեզ տնտեսական ակտիվության ցուցանիշ է պետք»,- նշեց նա:

Վարչապետի պաշտոնակատարի գնահատմամբ՝ այսօր երկրի տնտեսության մեջ տեղի է ունենում առողջացման գործընթաց: «Այսինքն՝ մենք խաղադրույքային տնտեսությունից անցում ենք կատարում դեպի արդյունաբերական տնտեսություն: Ես ուրախ եմ, որ համացանցում մեծ աղմուկ բարձրացրեց, երբ տեքստիլ ոլորտի մի ներդրող ասում էր՝ շատ դժգոհ է կառավարության գործունեությունից: Այո, այդ մարդը շատ ճիշտ է ասում, մենք այդպիսի ներդրողներին պետք է ամեն ինչով աջակցենք: Բայց մենք չենք թողնելու, որ նկարվող թվերով տնտեսություն ունենանք»,- ընդգծեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ առաջին հերթին պետք է պայքարեն բուքմեյքերական համաճարակի դեմ: «Կարծում ենք, որ դա մեր երկրի բովանդակության վրա ազդող գործընթաց է: Քայլարշավի ընթացքում մարդիկ հիմնականում ասում էին՝ դա աղետ է, ոչ միայն բուքմեյքերները, այլև գազալցակայաններում տեղադրված խաղային ավտոմատները: Այո, մենք պետք է հրաժարվենք հին տնտեսական կառուցվածքից և ստեղծենք նոր տնտեսական կառուցվածք»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ առաջիկայում սպասվում է Սևանի շաքարի գործարանի վերագործակումը, մինչդեռ 7 ամիս առաջ ոչ ոք չէր կարող երևակայել, որ Հայաստանում շաքարի գործարան կվերագործարկվի: Նա նաև հայտնեց, որ առաջիկայում նախատեսվում է բացել  կենցաղային տեխնիկայի արտադրության գործարան:

Ըստ նրա՝ Հայաստանի տնտեսության հենասյուներն են եղել  գյուղատնտեսությունը, հանքարդյունաբերությունը, բուքմեյքերական ընկերությունները. «Այս տնտեսությունը մեզ պետք չի, սրանով մենք հարց չենք լուծում, այս տնտեսությամբ մենք եկել հասել ենք ճգնաժամի: Ընդ որում,  մեր գյուղատնտեսությունն այնպիսին է, որ կարկուտն եկավ՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը կնվազի, կարկուտը չեկավ՝ այդ ցուցանիշը կավելանա: Սա 21-րդ դարի խոսակցություն չէ: Եթե երկու դար առաջ լիներ այս խոսակցությունը,  ինչ-որ տեղ կարող էինք հասկանալ, բայց 21-րդ դարում կախված ենք նրանից՝ կարկուտը կգա՞, թե՞ չի գա: Միլիոնավոր դոլարներ ենք ծախսել Հայաստանում հակակարկտային ցանց ստեղծելու համար, հետո պարզել ենք՝ արդյունավետ չէ: Հիմա էլ  պետք է ևս 11 միլիոն դոլար ծախսենք, որ հրթիռային համակարգ բերենք, այս ընթացքում պարզվել է, որ չէ, արդյունավետ է, պարզապես մենք արդյունավետ չենք օգտագործում»,- խնդիրներին անդրադառնալով՝ ասաց վարչապետի պաշտոնակատարը:
Այսպիսով, ըստ Նիկոլ Փաշինյանի, չեն պատրաստվում ժողովրդին տոկոսի տակ գցելով տնտեսական ակտիվության ցուցանիշ ապահովել. «Մենք պատրաստվում ենք Հայաստանը դարձնել արդյունաբերական, տեխնոլոգիական, արտահանող երկիր, որը ոչ թե հումք է արտահանում, այլ արտահանում է պատրաստի արտադրանք»:

Նախարարների թիվը կկրճատվի

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո կառավարության կառուցվածքը փոխվելու է:
Այսօր, ըստ նրա, կա 17 նախարար, սակայն ընտրություններից հետո նրանց թիվը կկրճատվի. «Սա նշանակում է, որ նախարարների գործառութային մասով ևս փոփոխություններ են տեղի ունենալու, ընդլայնվելու է պատասխանատվության աստիճանը»:

Խոսելով կառավարության գործունեության մասին՝ նշեց, որ գործունեությունն անհրաժեշտ է գնահատել ըստ առաջադրված խնդիրների: «Ես չգիտեմ այս իրավիճակը աննախադեպ է, թե աննախադեպ չէ, համենայն դեպս, շատ տեսանելի անցյալի կտրվածքով աննախադեպ է, երբ որ քաղաքական ուժը քաղաքական թիմը կամ քաղաքական գործիչը լիարժեք 100 տոկոսով կատարում է հանրության առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները»,- ընդգծեց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ կառավարության հաջորդ խնդիրը եղել է պատրաստվել «տնտեսական հեղափոխությանը»: Ընդ որում, ըստ նրա, հունիսին իրենց ներկայացրած կառավարության ծրագիրը եղել է ոչ թե երեքամյսա, այլ՝ հնգամյա: «Այդ առումով կառավարությունը կատարել է իր առջև դրված խնդիրը 100 տոկոսով: Բայց սա չի նշանակում, որ ես համարում եմ կառավարության աշխատանքն անթերի, սա չի նշանակում, որ ես գոհ եմ նախարարների, գոհ եմ ինքս իմ աշխատանքից: Ես ընդհանրապես որևէ փուլում գոհ չեմ եղել իմ աշխատանքից և գոհ չեմ լինելու»,- նշեց Փաշինյանը: 

Փաշինյանը՝ կառավարության ամենամեծ ձախողման մասին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման ընթացքում տնտեսության ոլորտում ամենամեծ հաջողությունը համարում է Հայաստանից մենաշնորհների վերացումը, ինչը Հայաստանի անկախության առաջին տարիներից եղել է տնտեսական զարգացման առանցքային խոչընդոտը:

Երկրորդն, ըստ նրա, կոռուպցիայի դեմ պայքարն է, որը նույնպես տասնյակ տարիներ տնտեսության զարգացման կարևորագույն խոչընդոտներից է:

«Հաջորդ տնտեսական հաջողությունը համարում եմ ստվերի դեմ պայքարը: 37 հազար աշխատատեղ ստվերից դուրս է եկել և արդեն հրապարակային դաշտում է գործում: Իհարկե դրա մոտ 90 տոկոսը նախկինում եղած աշխատատեղերն են, բայց կան նաև նոր աշխատատեղեր, բայց թե որքան, չեմ կարող ասել: Ակնհայտորեն 10 տոկոսից ավելի չի կարող լինել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ նաև տնտեսական ոլորտում կառավարության ձախողումներին:

«Տնտեսական ոլորտում ամենամեծ ձախողումը և պրոբլեմը հանքարդյունաբերության շուրջ մեր կողմից իրականացվող քաղաքականությունն է: Ես համարում եմ, որ այն բխում է ՀՀ ազգային շահերից, բայց ներդրումային միջավայրի համար այն որոշակի նեգատիվ ֆոն է ստեղծում»,- ընդգծեց նա՝ հույս հայտնելով, որ այդ ֆոնը կվերականգնվի։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մի շարք խոշոր տնտեսվարողների հետ կապված քննություն է ընթանում խոշոր ներդրումների մասով: Խոսքը նաև օտարերկրյա ներդրումների մասին է և այդ գործողություններն, ըստ նրա, որոշակի անհանգստություններ, լարումներ են առաջացնում տարբեր երկրների ներդրումային միջավայրում՝ և ՌԴ-ում, և ԱՄՆ-ում, և Եվրոպայում, և Կանադայում:

Վարչապետի պաշտոնակատարը  հույս հայտնեց, որ Ամուլսարի հարցում մինչև գարուն կկարողանան փաստերի վրա հիմնված որոշում կայացնել: «Միջազգային հեղինակավոր փորձագետները ասում են՝ այն շեշտադրումները, որ մենք անում ենք, դրանք լեգիտիմ հարցադրումներ են: Գիտեք, որ քրեական գործ է հարուցված Ամուլսարի հարցով և դրա կարևոր հանգրվանը լինելու է միջազգային փորձաքննությունը ամենահեղինակավոր որևէ կազմակերպության կողմից: Մենք պետբյուջեից միջոցներ չենք խնայելու, որ այդ հարցերի պատասխանն ստանանք: Այդ եզրակացությունը լինելու է ուղեցույց ՀՀ կառավարության համար: Մեր հարցը կոնկրետ է՝ Սևանի և Ջերմուկի ջրերի համար վտանգ կա՞, թե՞ չկա: Եթե վտանգ կա, նշանակում է՝ այդ նախագիծը պետք է փակվի, եթե վտանգ չկա, պետք է շարունակի աշխատել: Դա պետք է լինի փոխզիջումային տարբերակ, որովհետև ես ասել եմ՝ եթե այդ նախագիծը սկսեր զրոյից իմ վարչապետության ժամանակ, ես կնախընտրեի, որ նման նախագիծ չիրականացվի այդ տարածքում»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև ասաց, որ խնդիր ունեն պարզելու «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության գործունեության, «Հյուսիս-Հարավ» նախագծի հետ կապված հարցեր:

Խոսելով ներդրումների մասին՝ նշեց, որ Հայաստանում ակտիվ ներդրումային իրադարձություններ կան:

«Ակնհայտ է, որ հետաքրքրություն կա և մեր խնդիրն է այդ հետաքրքրությունը վերածել կոնկրետ արդյունքների»,- ասաց նա: 

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե որն է համարում իր ղեկավարած կառավարության տնտեսական ոլորտում ամենամեծ ձեռքբերումը։

«Տնտեսական ոլորտում  ամենամեծ հաջողությունը համարում եմ Հայաստանից մենաշնորհների վեացումը, երկրորդը համարում եմ կոռուպցիայի դեմ պայքարը», - ասաց նա։

Նիկոլ Փաշինյանն ասաց նաև, որ ամենամեծ ձեռքբերում է համարում նաև ստվերի դեմ պայքարը։
 

«Երջանկության կոմպոնենտներից մեկն այն է, որ մարդն աշխատում է, պատշաճ վարձատրվում է և  հաճույք է ստանում իր աշխատանքից»

«Սոցիալական վիճակի և տնտեսական փոփոխությունը ես պատկերացնում եմ այն բանաձևով, ինչով որ եղավ հեղափոխությունը»,- այս մասին հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ չկա այդպիսի մի հարց, որ կառավարությունը կամ վարչապետն առանձին պետք է լուծի, բոլոր խնդիրները պետք է լուծվեն համատեղ, երկխոսության միջոցով: 

«Ամենակարևորը՝ հանրության հետ երկխոսությունը երբեք չենք դադարեցրել և հետագայում դա պետք է դարձնել առավել ինստիտուցիոնալ»,- ասաց նա:

Սոցիալական վիճակի փոփոխությունն էլ , ըստ Փաշինյանի, պատկերացնում են հետևյալ կերպ՝ աշխատանքի խրախուսման և հնարավորությունների ստեղծման շրջանակներում:
Նրա խոսքով՝  վերջին ամիսների կարևորագույն փոփոխություններից են՝ անհատ տաքսու վարորդներից ամսական վճարը չեն գանձելու, սոցիալապես անապահովների համար գազի և էլեկտրաէներգիայի սակագները նվազել են, պետական մի շարք հիմնարկներում տեղի են ունենում աշխատավարձերի բարձրացում:

«Ըստ էության՝ կառավարության ամենակարևոր պարտավորությունն այն է, որ պետական միջոցները չթալանվեն, չգողացվեն, ծախսվեն արդյունավետ և պայմաններ ստեղծենք, որպեսզի Հայաստանում բիզնես գործունեությունը զարգանա, հարկ վճարողների թիվն ավելանա և մարդիկ հնարավորություն ունենան տնտեսական գործունեություն ծավալել»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ պաշտոնական տվյալներով՝ հեղափոխությունից հետո Հայաստանում 37 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել:

Նա շեշտեց, որ այդ աշխատատեղերը զրոյից չեն ստեղծվել, դրանց մի մասն այն աշխատատեղերն են, որոնք հեղափոխությունից հետո ստվերից դուրս են եկել:
«Աշխատանքի խրախուսումը մեր քաղաքականության առանցքն է և պետք է ամեն ինչ անենք, որ աշխատունակ մարդիկ ոչ թե ակնկալեն, որ իրենք կառավարությունից որևէ բան ստանան, այլ կառավարությունից ստանան  աշխատելու և դրանից հաճույք ստանալու իրական հնարավորություններ: Իմ կարծիքով՝ երջանկության կոմպոնենտներից մեկն այն է, որ մարդն աշխատում է, պատշաճ վարձատրվում է և  հաճույք է ստանում իր աշխատանքից: Իմ պատկերացմամբ՝ չաշխատող, արդյունք չստեղծող մարդը երջանիկ զգալ իրեն չի կարող, ինչքան էլ սոցիալական աջակցություն ստանա»։

«Եթե կոնսենսուս չլինի, մենք կշարունակենք աշխատանքը կոնսենսուսի ստեղծման և դրան հասնելու ուղղությամբ, քանի որ ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ քայլեր կձեռնարկի Հայաստանը, եթե դեկտեմբերի 6-ին կոնսենսուս չլինի և Հայաստանը կորցնի ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը։ 

Հարցին, թե արդյոք հայկական կողմը կպատասխանի Բելառուսի ԱԳ խոսնակի հայտարարությանը,  Փաշինյանն ասաց, որ հայկական կողմից արձագանքել եղել է։

«Ես անձամբ ինչ ունեի ասելու բարձրաձայնել եմ։ Այս հարցում իմ զրուցակիցն անձամբ Բելառուսի նախագահն է, որից որևէ արձագանք այս պահի դրությամբ չեմ ստացել»,- նշեց նա և հավելեց. «Ես ինչ ասել եմ, շարունակում է մնալ ուժի մեջ և որևէ կասկած չկա, որ այն, ինչ ասել եմ՝ դա տեղի կունենա։ Այսինքն՝ պարզաբանումներ կպահանջեմ տեղի ունեցածի և մի շարք այլ գործընթացի վերաբերյալ»։  

Նրա խոսքով՝ դա նորություն չէ, նախկինում էլ տարբեր առիթներով այդ գործելաոճը եղել է և կշարունակվի։

«Մենք չենք պատրաստվում լռության մատնել Հայաստանի շահերին առնչվող որևէ հարց, պատրաստվում ենք սկզբունքորեն, հետևողականորեն, նաև գործընկերային միջավայրում պաշտպանել Հայաստանի ազգային շահերը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Դիտարկմանը, թե այս հարցում ինչ դիրքորոշում ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը,  վարչապետի պաշտոնակատարն ասաց. «Ռուսաստանի դիրքորոշումն այս պատմության մեջ համարում եմ խիստ կառուցողական»։

«Պոլոնեզ»-ի խմբաքանակ Ադրբեջանին մատակարարվել է այն պայմաններում, երբ Հայաստանի ներկայացուցիչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն էր զբաղեցնում»

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Բելառուսի և Ադրբեջանի միջև ստորագրված ռազմական հուշագրին, ինչպես նաև դրանից հետո հայ-բելառուսական հարաբերություններին՝ նշեց, որ երեք ամիս առաջ էլ Ադրբեջանին Բելառուսից «Պոլոնեզ»-ի խմբաքանակ մատակարարվել է, և այդ պայմանագիրը ստորագրվել էր շատ ավելի վաղ:

«Այդ ամենը տեղի էր ունեցել այն պայմաններում, երբ Հայաստանի ներկայացուցիչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն էր զբաղեցնում: Մեր դիրքորոշումը հստակ է, մենք դատապարտում ենք նման գործարքները, համարում ենք այդ գործարքներն ուղղված ՀՀ ազգային շահերի դեմ և կարծում ենք, որ նման գործարքները խաթարում են ՀԱՊԿ բովանդակությունը: Ինչպես ասել եմ նախկինում, այս փուլի կարևորագույն խնդիրներից մեկը հետևյալն է. մենք փոխադարձաբար պետք է պարզաբանումներ ունենանք, երկրներից յուրաքանչյուրի համար պետք է պարզ լինի, թե ինքն ինչ պարտավորություններ ունի ռազմաքաղաքական դաշնակցի նկատմամբ, ինչ պարտավորություններ ունեն մեկը մյուսի նկատմամբ, երկրներն ինչ պարտավորություններ ունեն կազմակերպության և կազմակերպությունն ինչ պարտավորություններ ունի երկրների նկատմամբ», - հայտարարեց  Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանն իր դաշնակցային պարտավորությունները լիարժեք կատարում է, ինչը, ցավոք, չեն կարող պնդել մի շարք այլ գործընկերների դեպքում:

Ըստ Փաշինյանի՝ Հայաստանի  խնդիրը շատ հստակ է՝ ունենալ այս հստակեցումները և նոր բովանդակություն հաղորդել ՀԱՊԿ-ին՝ փոխադարձ հարաբերությունները և պարտավորությունները ճշտելու, փոխադարձաբար կանխատեսելի և պարզ  քաղաքականություն վարելու համար:

«Գեղարքունիքի մարզ այցելել եմ որպես վարչապետ»

«Գեղարքունիքի մարզ այցելել եմ որպես վարչապետ և քաղաքացիների հետ շփումների ընթացքում հանդես եմ եկել քաղաքական ասելիքներով»,- հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք մարզ կատարած այցելությունը չի նշանակում քարոզարշավի սկիզբ և վարչական լծակի կիրառում:

Նրա խոսքով՝ վարչական լծակի գործադրում ասելով՝ հասկանում են այն, որ ինչ-որ մի բան անում է մեկն իր վարչական ռեսուրսի բերմամբ, ինչը չի կարող անել մեկ ուրիշը:

«Հիմա որևէ մեկը սահմանափակվա՞ծ է Գեղարքունիքի մարզում կամ որևէ այլ մարզում մարդկանց հետ հանդիպելու, շփվելու հարցում: Չեմ կարծում, որ սահմանափակված է»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով, որ վարչապետի պաշտոնում բազմիցս եղել է տարբեր մարզերում, հանդիպել է համայնքների ղեկավարների, ներկայացուցիչների հետ:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:06
Թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել ՔՊ երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 11-ին օպերատիվ միջոցառում է իրականցվել, որի արդյունքում քրեական ոստիկանության Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
18:54
Հովիկ Աղազարյանը դեռ վայր չի դնի մանդատը. նա հարցեր ունի պարզելու
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը որոշել է դեռ վայր չդնել մանդատը։ Նա այս մասին ասել է Sputnik...
Աղբյուր` Panorama.am
18:42
ԿԳՄՍՆ-ն մասնագիտական վերլուծություն է իրականացրել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի վերաբերյալ և դիմել Դատախազություն
Հաշվի առնելով Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» բազմասերիանոց ֆիլմի առնչությամբ ստացված ահազանգերը՝ ՀՀ կրթության, գիտության,...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ինչո՞ւ է իջեցվել Կառավարության շենքի վրա տեղադրված ՀՀ դրոշը
Կառավարության շենքի վրա տեղադրված դրոշը իջեցվել է հերթական անգամ այն փոխարինելու նպատակով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:13
ԱՄՆ-ում թուրքական ներդրումները կգերազանցեն 16 մլրդ դոլարը 2024-ի տարեվերջին
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կացնահարություն Արագածոտնում
ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն  նոյեմբերի 22-ի ժամը 20.32-ին  հաղորդում է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ովքեր են միացել տրանսպորտի թանկացման դեմ պայքարին
Հայտնի մտավորական գործիչները և գիտության ոլորտի ներկայացուցիչները միացել են քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ պայքարին։ «Մայր...
Աղբյուր` Panorama.am
17:42
Փաշինյանի անցկացրած Արևմտյան Հայաստան-«Արևմտյան Ադրբեջան» զուգահեռը բազմաթիվ վտանգներ պարունակող երևույթ է. Պատմաբան
««Արևմտյան Ադրբեջան» եզրույթը նոնսենս է, պահանջատիրական, անհիմն, մարտահրավեր նետող մի եզրույթ է, որն ուղղված է և որպես սպառնալիք է հանդիսանում ներկա հայկական պետականությանը»
Աղբյուր` Panorama.am
17:30
Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների հանձնաժողովի նիստին
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը
Աղբյուր` Panorama.am
17:30
ՀՀ-ին վերադարձվել է շուրջ 4 միլիարդ դրամի գույք, 1 միլիարդ դրամ
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով
Աղբյուր` Panorama.am
17:22
Գեղարքունիքի մի քանի համայնքներում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
17:15
Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է
Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
17:11
Ռուսական պերինատալ կենտրոնում ատամներով երկու երեխա է ծնվել
Ռյազանի պերինատալ կենտրոնի բժիշկները կարճ ժամանակում երկու անգամ բախվել են հազվագյուտ երեւույթի՝ հաստատության պատերի ներսում ծնվել են ատամներով...
Աղբյուր` Panorama.am
16:46
Սպերցյանի գործակալը բանակցություններ է վարել Ա սերիայի ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում։ RB...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ռոբսոնի դեմ քրեական գործ է հարուցվել
Սոչիում ապրող ազգությամբ հայ գործարար Ռուբեն Թաթուլյանի, որն առավել հայտնի է որպես քրեական  հեղինակություն՝ Ռոբսոն անունով, քրեական գործ է...
Աղբյուր` Panorama.am
16:32
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին, սակայն դեմ չէ ծրագրված փաստաթղթերի ընդունմանը։ Ռիա նովոստիի...
Աղբյուր` Panorama.am
16:17
Կիրանցի նորակառույց դպրոցում ջեռուցման համակարգը չի գործում, աշակերտները մրսում են. Ոսկան Սարգսյան
«Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը  գործարկելուց  գրեթե 3 ամիս անց  աշակերտները...
Աղբյուր` Panorama.am
16:11
Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում, Վայքում (Սարավանի լեռնանցք), Ծիլքար բնակավայրի...
Աղբյուր` Panorama.am
16:06
Պեղումներ «Բաղաբերդում». բացահայտնվում են միջնադարյան թաքնված մշակութային շերտերը
ՀՀ Սյունիքի մարզի «Բաղաբերդ» ամրոցի տարածքում  հնագիտական աշխատանքներ են սկսվել։ Պեղումները իրականացնում է ԿԳՄՍՆ...
Աղբյուր` Panorama.am
15:56
ՄԻՊ. Պաշտպանը փաստաբաններին ներկայացրել է Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու բոլոր ռիսկերն ու հնարավոր հետևանքները
«Թե´ Մարդու իրավունքների պաշտպանը, թե´ աշխատակազմը գործընկերներին ներկայացրել են Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու...
Աղբյուր` Panorama.am
15:42
Հայկական ընկերություններն օգնում են Ռուսաստանին շրջանցել ոսկու առևտրի արևմտյան պատժամիջոցները. «Հետք»
Հայկական ընկերություններն օգնում են Ռուսաստանին շրջանցել ոսկու առևտրի արևմտյան պատժամիջոցները, պարզել են «The Insider»-ը և...
Աղբյուր` Panorama.am
15:40
Աբսուրդ է, հիմարությունը չեմ մեկնաբանի. Արծվիկ Մինասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
«Հիմարություն է, ուղղակի զավեշտ է, որ մենք հիմա քննարկում ենք նման հարց»,- Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
15:33
Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքը ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով. Հովհաննես Ավետիսյան
Կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6...
Աղբյուր` Panorama.am
15:19
Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. Ֆրանսիայի դեապանի գրառումը նախ և առաջ ապտակ էր Փաշինյանին։ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե...
Աղբյուր` Panorama.am
15:02
Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժիշկ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Երևանում Ալեք Մանուկյան փողոցում շարունակեցին տարածաշրջանին բնորոշ և...
Աղբյուր` Panorama.am
14:28
Վրաստանի խորհրդարանն ընդունել է նոր գումարման պատգամավորների լիազորությունները և ընտրել նախագահ
Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է 11-րդ գումարման պատգամավորների լիազորությունները և կառավարությունը հրաժարական է տվել։...
Աղբյուր` Panorama.am
14:11
Ինչո՞ւ է ՍԴ-ն մերժել փաստաբանների հարկերի հարցով ՄԻՊ ներկայացրած դիմումի հիման վրա քննություն նշանակել
Սահմանադրական դատարանը մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի՝ փաստաբանների հարկերի բարձրացման հարցով ՍԴ դիմումի հիման վրա քննություն նշանակել։ ՍԴ...
Աղբյուր` Panorama.am
14:10
Կոսմետոլոգը դատի է տվել Ռոնալդուին
Կոսմետոլոգ Ռոշան Ռավինդրանը դատական հայց է ներկայացրել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դեմ։ The Sun-ի հաղորդմամբ, մասնագետը դատարան է դիմել 40...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}