ԱՊՀ դիտորդական առաքելությունն իր աշխատանքը Հայաստանում կսկսի նոյեմբերի 22-ից
ԱՊՀ դիտորդական առաքելությունը Հայաստանի արտահերթ խորհրդրանական ընտրություններում իր աշխատանքը կսկսի նոյեմբերի 22-ից։ «Բելտա»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ԱՊՀ գործադիր կոմիտեի գործադիր տնօրենի տեղակալ Վիկտոր Գումինսկին, ով գլխավորելու է առաքելությունը։
Նա նշել է, որ պատվիրակութկունը կհանդիպի ԿԸՀ ղեկավարության հետ։ Պատվիրակության կազմում կլինեն մոտ քսան երկարաժամկետ դիտորդներ։
«Որպես կանոն նրանք ԱՊՀ անդամ երկրների ներկայացուցիչներ են։ Ընդհանուր առմամբ, պատվիրակության կազմում կլինի 70 մարդ, ինչպես ԱՊՀ կառույցներից, այնպես էլ Ռուսաստանի ու Բելառուսի խորհրդարանից։ Կարծում եմ, որ դիտորդների նման թիվը թույլ կտա իրականացնել առաքելության վրա դրված պարտականությունը»,-ասել է նա։
Վիկտոր Գումինսկիի խոսքով, իրենք առաջնորդվելու են նախ հայաստանյան օրենսդրությամբ, ինչպես նաև ժողովրդավարական ընտրությունների չափանիշներ սահմանող կոնվենցիաներով, ընտրական իրավունքով ու ազատություններով։
«Մենք իհարկե չենք միջամտելու պետության ներքին գործերին և տալու ենք օբյեկտիվ գնահատական։ Ենթադրում ենք, որ ընտրական արշավը Հայաստանում ընթանում է լավ մթնոլորտում, համաձայն ազգային օրենսդրության»,-նշել է նա։
Աղբյուրը հիշեցնում է, որ արտահերթ ընտրությունների դիտարկման հրավեր հայկական կողմը չի ուղարկել Ուկրաինայի նախագահին, ԱԳՆ-ին ու ԿԸՀ-ին, քանի որ այդ երկիրը դեռ 2015-ին հրաժարվել է մասնակցել դիտորդական առաքելություններին։
Հիշեցնենք, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն դեկտեմբերի 9-ին։ Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ից։