Թուրքիայի խորհրդարանի քուրդ պատգամավորի խիստ ելույթն ավարտվել է իր բանտարկությամբ. Սասունյան
Թուրքիայի խորհրդարանի քուրդ պատգամավոր Ֆերհաթ Էնջուն Շիրնակի մարզից, վերջերս խիստ քննադատական ելույթ ունեցավ թուրքական խորհրդարանում թուրքերի և Թուրքիայի վերաբերյալ: Ես նոր եմ հայտնաբերել նրա համարձակ ելույթի տեսանյութը Յութուբում:
Քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) անդամ Էնջուն քաջ հայտնի է իր խիստ ընդդիմությամբ թուրքական կառավարության նկատմամբ ՝ քրդերի հանդեպ դրա մշտական բռնության և իրավունքների ոտնահարման համար: 2011 թ. թուրքական օդուժը ռմբակոծել էր քուրդ քաղաքացիների մի խմբի, սպանելով 34 հոգու, այդ թվում՝ Էնջուի ընտանիքի բազմաթիվ անդամների...
Իր ելույթի ընթացքում 33-ամյա Էնջուն բազմաթիվ սպառնալիքներ ստացավ թուրքական խորհրդարանի պատգամավորների կողմից: Այնուհետև նրան զրկեցին խորհրդարանական անձեռնմխելիությունից և բանտարկեցին: Հիմա նա բանտում է...
Ահա հատվածներ Էնջուի վեց րոպեանոց ազդեցիկ ելույթից Թուրքիայի խորհրդարանում, որը հաճախ ընդհատվում էր սպառնալիքներով. «Իմ ելույթը կարճ կլինի և ըստ էության: Ձեզանից ոմանք մեզ անվանում են մարդասպաններ: Բայց ո՞վ է սպանում քաղաքացիներին և ո՞վ է մարդասպան: Դո՛ւք...»:
Խորհդրարանի դահլիճից սպառնալիքներ հնչեցին Էնջուի հասցեին. «Փակեք դրա բերանը... Բռնեք այդ ահաբեկչին և գնդակահարեք նրան...»:
Խորհրդարանի խոսնակ. «Թո՛ղ խոսի: Ասե՛ք Ձեր ասելիքը և վերջացրեք»:
Էնջուն շարունակեց իր ելույթը. «Այստեղ միասին դուք ուժեղ եք... Սակայն, ճիշտն ասած, դուք միայն խոսող եք և ոչ ավելին: Ես որպես քուրդ, պատմությունը վկա, ապրում եմ իմ հողում, Քուրդիստանում, այն ժամանակ, երբ դուք խոտ էիք հավաքում և ուտում, խաղալով ձեր ձիերի հետ Մոնղոլիայում...»:
Բղավոցներ դահլիճից. «Սպանե՛ք դրան...»:
Էնջու. «Այս, այսպես կոչված ձեր երկիրը, ձեր երկիրը չէ, ոչ էլ AKP-ինը [նախագահ Էրդողանի իշխող կուսակցությունը]: Այս երկիրն ավելի հին է, քան դուք բոլորդ: Այն պատկանում է իրական մարդկանց...»:
Խորհրդարան խոսնակ. «Դուք կպատժվեք սրա համար: Դուք դրա մասին կարող եք խոսել քաբաբ ուտելու ժամանակ: Մեր առջև Դուք պաշտպանում եք ահաբեկիչներին»:
Էնջու. «Այստեղ եղել են հարգարժան հույներն ու հայերը...»:
Բղավոցներ դահլիճից. «Սպանե՛ք ահաբեկչին»:
Էնջու. «Մենք՝ քրդերս, դեռ այստեղ ենք: Ոչ տանկերը, ոչ ձեր զինվորականները չեն կարող մեզ տեղահանել...»:
Բղավոցներ դահլիճից. «Մենք ոչնչացրել ենք քո քաղաքը»:
Էնջու. «Դուք կարող եք ոչնչացնել այն, սակայն մենք տասնյակներով ավելին կկառուցենք: Դուք՝ թուրքերդ, ոչնչություն եք: Մենք ավելի ահավոր հրեշների ենք ոչնչացրել Սիլոփիում, քան դուք եք: Նետե՛ք ձեր ռումբերը: Սպանե՛ք մեր երեխաներին: Սպանե՛ք քաղաքացիներին, սակայն դուք չեք կարող սպանել մեզ որպես քրդերի Ռոբոսկիում, ամբողջ Քուրդիստանում կամ ինչպես դուք եք անվանում՝ «Թուրքիայում»: Մարդկությունը ավելի վատերին է տեսել, քան դուք եք: Մենք հաղթել ենք նրանց...»:
Խորհրդարանի խոսնակ. «Դուք բանտ կգնաք սրա համար: Հինգ տարին կլինի Ձեր նվազագույն պատիժը»:
Էնջու. «Ես թքած ունեմ: Ճշմարտությունն ավելի կարևոր է, քան կյանքը...»:
Բղավոցներ դահլիճից. «Սրան փամփուշտ է պետք: Ձերբակալեք նրան...»:
Խորհրդարանի խոսնակ. «Մենք լուր ենք ուղարկել անվտանգության աշխատակիցներին: Նա կձերբակալվի»:
Էնջու. «Քրդերը միշտ քուրդ են եղել, նախքան ձեր՝թուրքերի այստեղ գալը և քուրդ կմնան ձեր հեռանալուց հետո ևս: Ձեր «Թուրքիան» հույների, հայերի և քրդերի գողացված երկիրն է: Իմ վկան պատմությունն է»:
Բղավոցներ դահլիճից. «Դու կպատժվես»:
Էնջու. «Ի՞նչ կարող եք անել: Ես այստեղ եմ հարյուրավորների դեմ: Ի՞նչ եք դուք ձեզանից ներկայացնում»:
Խորհրդարանի խոսնակ. «Դուք սրա համար կպատժվեք»։
Էնջու. «Սպանեք ինձ։ Ես դարձյալ կասեմ ճշմարտությունը»։
Խորհրդարանի խոսնակ. «Դա կասեք, երբ անվտանգության աշխատակիցներն այստեղ կլինեն։ Այս օրենսգրքով Ձեզ 10 տարով բանտ կուղարկեմ, նվազագույնը տասը տարով»։
Բղավոցներ դահլիճից. «Նրան պետք է հենց հիմա գնդակահարել»։
Էնջու. «Ես կավարտեմ»։
Բղավոցներ դահլիճից. «Դու սրա համար կյանքովդ կվճարես, տականք քուրդ»։
Էնջու. «Հաչացե՛ք ինչքան ուզում եք։ Ես ամուր կանգնած եմ այստեղ, եկեք և կանգնեք դեմառդեմ… »։
Բղավոցներ դահլիճից. «Բավակա՛ն է։ Ո՞րտեղ են անվտանգության աշխատակիցները»։
Էնջու. «Դուք ուժեղ եք խմբով, բայց երբ մենակ եք, դուք բոլորդ վախկոտներ եք։ Մեր քուրդ երիտասարդները դա ցույց են տվել ձեր զինվորականներին։ Ո՛չ թուրք զինվորը, ո՛չ թուրք ոստիկանը չեն կարող հսկել քրդական փողոցները։ Ձեր զինվորները փախչում են մեր երիտասարդներից։ Ինչպես հիմա, դուք միայն բերան ունեք և ուժեղ եք միասին։ Բայց երես առ երես դուք ոչնչություն եք…»։
Բղավոցներ դահլիճից. «Կտրե՛ք այդ քրդի ձայնը»։
Էնջու. «Ես՝ միայնակ քուրդս, կարող եմ բոլորիդ հաղթել…»։
Բղավոցներ դահլիճից. «Գնդակահարե՛ք»։
Էնջու. «Դուք կարծում եք, որ մեզ սպանելով կարող եք մեզ հաղթել. դա միայն ստիպում է մեզ ավելի ուժեղ լինել։ Դուք ինձ անվանում եք «ահաբեկիչ», ես, որ պայքարում եմ ձեր տիրապետությունից իմ ազատության համար։ Ես, որ ապրել եմ այս երկրում հազարավոր տարիներ, դուք եկել ու բռնազավթել եք այն։ Ես պայքարում եմ իմ ժողովրդի ազատության համար, մյուս բոլոր ազգերի ազատության նման…»։
Բղավոցներ դահլիճից. «Քեզ կգնդակահարեն»։
Էնջու. «Ես խիզախորեն դիմագրավում եմ մահն ու փամփուշտները, ինչպես միլիոնավոր այլ քրդեր։ Ոչ մի բռնազավթում հավերժ չէ։ Ազատությունը միշտ վերջում հաղթում է…»։
Բղավոցներ դահլիճից. «Դու ստորագրեցիր քո մահվան դատավճիռը թուրքական փամփուշտով։ Դու քայլող դիակ ես։ Թույլ մի՛ տվեք նրան ողջ հեռանալ այստեղից»։
Խորհրդարանի խոսնակ. «Վերադարձե՛ք ձեր տեղերը։ Նա միայնակ է։ Անհանգստանալու ոչինչ չկա։ Նա միայնակ է։ Մենք նրան կբռնենք։ Գրավե՛ք ձեր տեղերը»։
Անվախ և անձնազոհ Ֆերհաթ Էնջուն միացավ հազարավոր այլ անմեղ քրդերի և թուրքերի, որոնք վերջին տարիներին բանտարկվել են Թուրքիայի կառավարության կողմից՝ իրենց տեսակետներն արտահայտելու համար, իսկ ոմանք՝ ընդհանրապես առանց պատճառի… Ամոթալի է, որ աշխարհի ղեկավարները լուռ են մնում Թուրքիայի կողմից մարդու իրավունքների նման զանգվածային և մշտական ոտնահարումների առջև…
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան