Գազի սակագնի հարցով բանակցություններն ընթացքի մեջ են. նախարարի պաշտոնակատար
«Գազի սակագների մասով այս պահին դեռևս բանակցություններն ընթացքում են, որևէ նոր բան այս փուլում չեմ կարող ասել»,-այս մասին «Երևանի ՋԷԿ»-ում լրագրողների հետ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:
Նա հիշեցրեց՝ ստեղծվել է փոխվարչապետի գլխավորությամբ աշխատանքային խումբ, որն ուսումնասիրում է գազի սակագնի ձևավորման մեխանիզմները։ Աշխատանքային խմբում ընդգրկված են վարչապետի գլխավոր խորհրդականը, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակիցներն և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներ:
«Ստեղծված աշխատանքային խումբը կդիտարկի ինչպես ներմուծման սակագների ձևավորման և մեծության վերաբերյալ բանակցությունները, այնպես էլ սակագների ներքին կառուցվածքային խնդիրները»,-նշեց նախարարի պաշտոնակատարը։
Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնին, ապա Գարեգին Բաղրամյանը նշեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տարեկան ուսումնասիրություններ է իրականացնում:
«Մեր նախարարության ենթակայության տակ գտնվող պետական ձեռնարկությունների` օրինակ ատոմակայանի մասով կարող եմ ասել, որ հաջորդ տարի որոշակի աշխատանքների համադրումուվ հնարավոր է եղել կրճատել նորոգման կագնելու տևողությունը»,-ասաց նախարարի պաշտոնակատարը՝ հիշեցնելով, որ 2018 թվականին ատոմակայանի տուրբին-գեներատորը փոխելու աշխատանքների ընթացքում այն վեց ամիս չի աշխատել:
«Մյուսը փոխվելու է հաջորդ տարի։ 1 միլիարդ 880 միլիոն ԿՎատտ ժամ հոսանք է առաքել 2018 թվականին, այն դեպքում, երբ իր սովորական աշխատանքային ռեժիմով դա կազմում է 2.4 միլիարդ, իսկ ամեն 100 միլիոն ԿՎատտ ժամ ատոմակայանից քիչ վերցնելը ընդհանուր կառուցվածքի վրա ունենում է շուրջ 2 միլիարդի ազդեցություն»,- նշեց նախարարի պաշտոնակատարը։
Անդրադառնալով կոնկրետ սակագներին՝ նա հորդորեց դիմել ՀԾԿՀ՝ կոռեկտ չհամարելով խոսել այդ մասին։ Բաղրամյանը հիշեցրեց, որ սակագների հետ բոլոր հարցերը պարզ կլինեն գալիք տարվա փետրվարի 1-ին։
«Գազը հայկական կողմին էլ պետք է մատակարարվի Բելառուսի գնով»
«Բելառուսն անմիջապես սահմանակից է Ռուսաստանի Դաշնությանը։ Բնականաբար, նրան մատակարարվող գազը, գոնե այն մասով, որ ռուսական կողմը վճարում է որպես տարանցում Վրաստանի Հանրապետությանը, պետք է տարբերվեր»,-«Երևանի ՋԷԿ»-ում լրագրողների հետ այսօր տեղի ունեցած հանդիպմանն ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը՝ անդրադառնալով այն տեղեկություններին, որ ԵԱՏՄ անդամ երկրներից մեկը սահմանին ռուսական գազն ավելի էժան գնով է ստանում:
Նրա խոսքով` բանակցություններն ընթանում են այն ուղղությամբ, որ սահմանի գները լինեն համադրելի. «Եթե Բելառուսին մատակարարվում է մի գնով, պետք է հաշվի առնել նաև այն տարանցման արժեքը, որը կպայմանավորվի Վրաստանի Հանրապետության հետ, առնվազն հայկական կողմին էլ պետք է մատակարարվի այդ գնով»:
Նախարարի պաշտոնակատարը շեշտեց՝ սակագնի մեծությունը միայն կորուստներով չի պայմանավորված: Գազամատակարարման համակարգի գները այսօր ձևավորվում են հիմնականում 2013-2014 թվականին հաստատված միջպետական համաձայնագրերով, որոնք վավերացվել են ԱԺ կողմից:
«Այս համաձայնագրերում որոշակի դրույթներ կան, որոնք ուղղակի սահմանափակել են հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործառույթը։ Գազի սակագինը 189 դոլարից երբ նվազեցվել է 156 դոլար, ձևավորված լրացուցիչ գումարներն ամբողջությամբ պահպանվել են գազամատակարար ընկերությունում: Սպառողների մասով գինը չի իջել: Նույն համաձայնագրի մեջ գրված է, որ 165-ից 150 դոլարի իջեցման պարագայում սակագները կարող են նվազեցվել և հենց այդ չափով էլ 19 դոլարին, կամ 9,3 դրամին համարժեք դրամով նվազեցվել է 2016 թվականի օգոստոսի 1-ին: Այնուհետև ռուսական Գազպրոմի կողմից նախաձեռնություն է եղել և, ևս 15 դոլարի չափով նվազեցում է եղել 2017 թվականի հունվարի 1-ին։ Այնուհետև նույն համաձայնագրով կա մի դրույթ, որ 2018 թվականին սակագները պետք է պահպանվեն նախորդ տարվա մեծությանը հավասար։ Հիմա բանացություններ են ընթանում այս բոլոր դրույթներն այլևս չեղարկելու համար»,- նշեց Գարեգին Բաղրամյանը։
Նա միաժամանակ նշեց՝ ռուսական Գազպրոմն ակնկալում է, որ տեղի կունենան բանակցություններ վրացական կողմի հետ և կլինի տարանցման գնի նվազեցում. «Բանակցում ենք դեպի նվազեցման կողմը, և բանակցությանը չվնասելու համար ես ձեռնպահ եմ մնում թվեր նշելուց»։
Ամուլսարի ճակատագրով
Լրագրողները հետաքրքրվեցին նաև Ամուլսարի ճակատագրով, ինչին ի պատասխան՝ կառավարության ներկայացուցիչը նշեց, որ այս պահին միջազգային ճանաչված փորձագետների կողմից իրականացվում է բնապահպանական վերլուծություն և այդ նախագծին կարող ենք անդրադառնալ միայն այն դեպքում, երբ կապացուցվի, որ որևիցե ջրավազանային խնդիրներ չեն առաջանում:
«Ուսումնասիրությունները, կարծում եմ, երկու-երեք ամիս կտևեն»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Մեծ տեմպերով շարունակվում են ատոմակայանի կյանքի երկարաձգման աշխատանքները. Գարեգին Բաղրամյան
- Պնդում եմ, որ գազի սակագնի իջեցման հնարավորություն ենք ունենալու. քննիչ հանձնաժողովի նախագահ
- 1 տոկոս կորուստը համարժեք է մոտ 20 միլիոն խորանարդ մետր գազի. Միքայել Մելքումյան
- Հայաստան ներկրվող գազի գնի վերաբերյալ ավարտական արդյունք չկա. Հրանտ Թադևոսյան
- ‹‹Գազպրոմ Արմենիա››-ն հերքում է ՊԵԿ-ին
- Գազի սակագինը նվազեցնելու ռեզերվներ ունենք. Միքայել Մելքումյան
- Աշխատանքներն ուղղված են նրան, որ փետրվարի մեկից հնարավոր լինի որոշակիորեն նվազեցնել հոսանքի սակագինը. նախարարի պաշտոնակատար
- Գազի և էլեկտրաէներգիայի սակագինը հնարավոր է նվազեցնել 20 դրամով. Վարդան Բոստանջյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին