Փաշինյան. 187 փոքր ՀԷԿ-երում իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է՝ 150-ում ջրաչափ տեղադրված չէ
Արագածոտնի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի ներկայիս տնտեսական իրավիճակին, առկա միտումներին, արձանագրված ցուցանիշներին և հետագա անելիքներին:
«Հոկտեմբերին ունեցել ենք տնտեսական ակտիվության ցուցանիշի 3 տոկոս աճ: Դա տեղի է ունեցել արդյունաբերության, փոքր և միջին ձեռնարկությունների գործունեության ակտիվության հաշվին, և այս ֆոնին նախորդ ամսվա անկումից հետո ունենք 12 տոկոս արտահանման աճ: Սա ցույց է տալիս, որ մեր երկրում տեղի է ունենում տնտեսության տրանսֆորմացիայի գործընթաց»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության փոխանցմամբ, իր խոսքում վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է ոռոգման համակարգի խնդիրներին և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման հարցին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ջրային ռեսուրսների պահպանման կարևորությունը և խոսել նախկինում իր կողմից հիշատակված «ստվերային այգիների» մասին:
«Պարզվում է՝ Հայաստանում կան 20 հա այգիներ, որոնք 1996 թվականից ոչ մի կոպեկ չեն վճարել ոռոգման ջրի համար: Ես ասել եմ՝ կան «ստվերային այգիներ», որոնք հաշվառված չեն, և նաև սա է պատճառը, որ ոռոգման ջրի կորուստը մեր երկրում կազմում է 60-80 տոկոս: Սա աբսուրդ է, և այս խնդրին շատ արագ պետք է անդրադառնալ», - ասել է նա:
Նիկոլ Փաշինյանը նաև խոսել է փոքր ՀԷԿ-երի կողմից ջրային ռեսուրսների օգտագործման հարցին՝ նշելով, որ մոտ 187 փոքր ՀԷԿ-երում իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է՝ 150-ում ջրաչափ տեղադրված չէ: Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ նշված խնդիրների լուծումը կարևոր է գյուղատնտեսության արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից, և դրանց լուծումը գտնվում է կառավարության առաջնահերթությունների շարքում, քանի որ գյուղատնտեսությունը եղել է և մնում է ռազմավարական ճյուղ:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Մտադիր չենք անտեսել հանքարդյունաբերությունը
- Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքում զբաղվում էր նախընտրական քարոզչությամբ, ինչը վարչական ռեսուրսի չարաշահման կոպիտ դրսևորում է. ՀՀԿ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին