Ամերիաբանկն առաջին անգամ Հայաստանում ներդրել է ՓՄՁ-ների վարկավորման սքորինգային համակարգ
Ամերիաբանկը Հայաստանում առաջին անգամ ներդրել է ՓՄՁ վարկավորման սքորինգային համակարգ, որն ուղղված է փոքր և միջին բիզնեսի առցանց վարկավորմանը: Նոր պրոդուկտը Ամերիաբանկը ներկայացրեց «Փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման խոչընդոտները և դրանց հաղթահարման ուղիները» խորագրով քննարկման ժամանակ:
Բանկի սպառողական վարկավորման և բիզնես բանկինգի ղեկավար Արամ Բալոյանը նշեց, որ սքորինգային համակարգը հնարավորություն է տալիս մի քանի պարզ գործողությունների միջոցով րոպեների ընթացքում ստանալ 1-10 մլն դրամ վարկ:
Նրա խոսքով՝ ֆինանսական հասանելիությունը լուրջ խնդիր է ՓՄՁ-ների համար: Պատճառը, ըստ նրա, ՓՄՁ-ների կողմից կանխիկ շրջանառությանը նախապատվություն տալն է:
«Շատ ընկերություններ գերադասում են կանխիկով աշխատել և, չօգտվելով բանկային պրոդուկտներից, չեն ձևավորում իրենց բանկային պատմությունը: Արդյունքում, չեն շահում բանկերի վստահությունը: Բացի այդ, փոքր ձեռնարկությունները հիմնականում դժվարանում են իրենց բիզնեսի ցուցանիշները ներկայացնել բանկերին կամ ներդրողներին»,- ասաց Արամ Բալոյանը:
Պատճառները կապված են նաև բանկերի ներքին գործընթացների հետ, մասնավորապես, վարկավորման համար կիրառվող բավական շատ փաստաթղթաշրջանառությունը, գրավի պահանջը և այլն. «Գաղտնիք չէ, որ բանկերը վարկավորման համար կիրառում են բավականին շատ փաստաթղթաշրջանառություն, ունենք գրավի պահանջ հիմնականում: Բացի այդ, վարկի վերլուծության, ձևակերպման գործընթացներն առաջացնում են բավականին տեղաշարժեր, կոնտակտներ բիզնեսմենի հետ, իսկ ՓՄՁ-ի սեփականատերը սովորաբար լինում է առանցքային անձ իր բիզնեսում և այդքան ժամանակ, ռեսուրսներ չունի տեղափոխության, կոնտակտների վրա ծախսելու»:
Արամ Բալոյանի խոսքով՝ վարկավորման սքորինգային համակարգը հնարավորություն է ընձեռում ՓՄՁ-ներին առանց բիզնեսից կտրվելու ու բանկ այցելելու, առանց անշարժ գույքի գրավադրման վարկ ստանալ:
Ամերիաբանկի Մանրածախ բանկային գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանն էլ հայտնեց, որ բանկը ֆիզիկական անձանց սքորինգային վարկավորումը գործարկել էր դեռևս անցած տարվանից: Այս ծառայությունը, ըստ նրա, ներդրել են նաև հայաստանյան այլ բանկեր, մինչդեռ Ամերիաբանկի առաջարկած՝ իրավաբանական անձանց սքորինգային վարկերն առաջինն են շուկայում:
Այսպիսով, ավտոմատացված սկորինգային համակարգը թույլ է տալիս հասանելի տարբեր աղբյուրներից ստացվող ինֆորմացիայի հիման վրա, հաշված րոպեների ընթացքում կայացնել վարկի փաստացի տրամադրման որոշում:
Սկորինգային համակարգով բանկը տրամադրում է 1-10 մլն դրամ վարկ՝ տարեկան 13,5% տոկոսադրույքով: Դրա համար պետք է գրանցվել օնլայն հարթակում, լրացնել կազմակերպության կամ սեփականատիրոջ տվյալները, նշել վարկի տեսակը, չափը: Օնլայն հայտը լրացնելուց հետո 5 րոպեի ընթացքում կտրվի պատասխան:
Նշվեց նաև, որ 10 մլն ՀՀ դրամը գերազանցող վարկի տրամադրումն էլ կիրականացվի կիսաավտոմատացված եղանակով: