Արմավիրի երեք գյուղերի դպրոցների տնօրեններ մի քանի մլն դրամ են յուրացրել
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, Արմավիրի բաժնի գործընկերների հետ, կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են բացահայտել։
Իրավապահ այս մարմնից հայտնում են՝ Ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Արմավիրի մարզի Լենուղի գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենը, համաձայնության գալով կրթօջախի հաշվապահի հետ, 2014-ից 2018 թվականներին մի տղամարդու հրամանագրել է որպես դպրոցի պահակ։ Նա աշխատանքի փաստացի չի եկել, իսկ դուրս գրված աշխատավարձը՝ խոշոր չափերի՝ ընդհանուր 2.520.000 դրամ, յուրացվել է։ Հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է քննություն։
Ըստ ոստիկանության, ապօրինության դեպք է բացահայտվել նաև Արմավիրի մարզի Այգևան գյուղում։ Գյուղի Մովսես Խորենացու անվան միջնակարգ դպրոցի տնօրենը, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, երկու մտերիմներին 2013 թվականին հրամանագրել է որպես դպրոցի աշխատակիցներ, սակայն նրանք փաստացի աշխատանքի չեն հաճախել և մինչև 2018 թվականը նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձը՝ ընդհանուր 2.195.717 դրամ, յուրացվել է։ Այս դեպքով ևս հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն։
Արմավիրի մարզի Արաքս գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենն էլ իր դստերն է 2016 թվականին հրամանագրել որպես օպերատոր՝ չարաշահելով պաշտոնեական դիրքը։ Նա փաստացի աշխատանքի չի հաճախել, սակայն նրա անվամբ մինչև 2018 թվականը դուրս գրված աշխատավարձը՝ ընդհանուր 887.230 դրամ, յուրացվել է։ Հարուցվել է քրեական գործ։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին