Մոտենում են իմ ընկերներին և հուշում, որ չզբաղվեն քարոզչությամբ. Աշոտյան
«Վարչապետի պաշտոնակատարը սկսել է քարոզարշավը և նա ափաշքյարա խախտում է Ընտրական օրենսգիրքը»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նա հիշեցրեց, որ երբ վարչապետն իրենց կուսակցությունից էր, իրենք ամեն ինչ անում էին, որպեսզի մինչև ժամը 18-ը վարչապետը մնա վարչապետ, հետո զբաղվի քարոզչությամբ։
Աշոտյանի խոսքով՝ այս խախտումը միակը չէ. «Մոտենում են իմ ընկերներին, ովքեր, այսպես ասած, հանդգնում են գալ ՀՀԿ շտաբ, երևի թե մարդ կա կանգնած ԱԱԾ-ից, տեսնում են՝ ով է գնում-գալիս, մոտենում են, ասում են՝ քեզ պետք է, բա չե՞ս վախենում գործից հանեն։ Ի՞նչ է նշանակում մոտենալ իմ ընկերոջը, որը իմ նախընտրական ենթաշտաբերից մեկի պետն է, ֆիքսելով, որ եկել է ինձ մոտ ու նրան ասել, որ այլևս չգա։ Ի՞նչ է սա նշանակում»։
Լրագրողների հարցին, թե մի՞գուցե այդ մասին իրավապահներին հաղորդում ներկայացնեն, Աշոտյանը արձագանքեց. «Կհետևեմ ԿԸՀ-ի արձագանքին։ Զավեշտ է իհարկե, երբ Նիկոլ Փաշինյանը պատգամավոր էր, թիրխավորել էր երկու մարդու ավելի, քանի ինձ ու Շարմազանովին։ Մեկը Ազգային վիճակագրական ծառայության տնօրեն Ստեփան Մնացականյանն էր, մյուսը՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։ Հիմա երկուսին էլ պահել է։ Այդ մարդկանց այս բեմից ինչ ասես չէր ասում, այսինքն կամ ժամանակին էր սուտ խոսում, այսինքն՝ այդ մարդիկ նկարիչ, քանդակագործ չեն։ Ինչումն է Նիկոլ Փաշինյանի ճակատագրական շրջադարձի իմաստը, երբ ասում էր երկնիշ թվեր են նկարում, բա ինչի՞ ես նկարիչ պահել»։
Աշոտյանը նշեց, որ այս երկու պաշտոնյաներին մասնագիտական առումով ինքը միշտ գնահատել է. «Եթե գտնում ես նկարել են, ինչո՞ւ ես պահել։ Թե՞ չեն նկարել ու պարզապես հիմա ես հասկացել, որ սուտ ես ասել կամ սխալվել ես։ Թե՞ պարզապես հիմա ես հասկացել, որ չեն նկարել։ Թե քեզ էլ է պետք նկարել։ Չգիտեմ»։
Լրագրողների դիտարկմանը, թե միգուցե հիմա «նկարելու» պատվեր չկա, նա արձագանքեց. «Նկարիչները միշտ ունեցել են պատվեր, եթե նրանք նկարիչ են, անգամ միջնադարից, Վերածնունդի ժամանակներից: Ոչ մի Միքելանջելո, Ռաֆայել, Ռուբենս գոյություն չէին ունենա, եթե արքունիքից իրենց պատվերներ չտային»։
Հիշեցնենք, այսօր «Հայաստանի Հանրապետական» կուսակցությունը հայտարարություն էր տարածել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզ կատարած այցի վերաբերյալ՝ նշելով, որ նա զբաղվում էր նախընտրական քարոզչությամբ, ինչը վարչական ռեսուրսի չարաշահման կոպիտ դրսևորում է։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքում զբաղվում էր նախընտրական քարոզչությամբ, ինչը վարչական ռեսուրսի չարաշահման կոպիտ դրսևորում է. ՀՀԿ
- Էդ կարգի մարդկանց հատ-հատ բռնելու ենք, ներում-բեկում չկա. Փաշինյան
- Այնպիսի տպավորություն է՝ այս երկրում ոչ մի բան չի փոխվել. Փաշինյանը՝ ճանապարհների աղբի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին