Աշխարհում, նաև Հայաստանում տիպ 1 շաքարային դիաբետով երեխաների թիվը տարեկան աճում է
«Այսօր Հայաստանում ունենք մինչև 18 տարեկան 576 երեխա, որոնք ունեն տիպ 1 շաքարային դիաբետ», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մուրացան համալսարանական կլինիկայի ներզատաբանական բաժանմունքի վարիչ Ելենա Աղաջանովան:
Նա նշեց, որ աշխարհում այդ երեխաների թիվը տարեկան աճում է 3 տոկոսով, նույնը նաև Հայաստանում։
Հարցին, թե ինչո՞ւ են ավելանում հիվանդ երեխաների թիվը, Ելենա Աղաջանովան ասաց, որ հստակ մեկ պատճառ չկա, գիտնականները փորձում են բացատրել՝ ինչով է պայմանավորված, բացատրությունները մնում են հետևյալը՝ փոփոխվող կյանքի պայմաններ, տարբեր ինֆեկցիաներ, որոնք շրջանառության մեջ են ամբողջ աշխարհում, սթրեսային գործոններ, որոնք ազդում են և պղտի վրա, և մոր վրա՝ հղիության ժամանակ։
«Թիվ 1 դիաբետը զարգանում է այն ժամանակ, երբ երեխան ունի որոշակի գեների մուտացիաներ։ Դա մենք անվանում ենք ժառանգական նախատրամադրվածություն։ Միայն այդ ֆոնի վրա որոշակի գործոնները նշանակություն ունեն, օրինակ՝ ինչ է ուտում երեխան կյանքի առաջին ամիսներին, ինչ քաշով է ծնվել։ Գործոնները բավականին շատ են, որոնք կարող են նպաստել թիվ 1 դիաբետի զարգացմանը»,- ասաց Մուրացան համալսարանական կլինիկայի ներզատաբանական բաժանմունքի վարիչը։
Ելենա Աղաջանովայի խոսքով, այդ երեխաները ստանում են միայն մեկ տեսակ բուժում՝ ինսուլին, որը պետք է ստանան ամբողջ կյանքի ընթացքում. «Ինսուլինը կյանքի համար անհրաժեշտ դեղորայք է, բավականին թանկ է, դա է պատճառը, որ պետությունն այդ բեռն իր վրա է վերցնում»։
Նա ասաց, որ Հայաստանում վերջին երեք տարիներին բավականին բարելավվել է վիճակը երեխաների դիաբետի բուժման և սպասարկման հարցում, երեխաները ստանում են որակյալ, լավագույն նորագույն ինսուլիններ՝ երկու տեսակ, ստանում են բավականին ժամանակակից ներարկման ձևով՝ գրիչ-ներարկիչներ։ Նրա խոսքով, գիտությունն առաջ է գնում և հնարավորություն կա էլ ավելի բարելավելու սպասարկումը, աշխարհում այսօր օգտագործվում է ինսուլային պոմպեր։
Ասուլիսին ներկա «Շաքե» հիմնադրամի հիմնադիր Սահակ Դաշյանն ասաց, որ այսօր Հայաստանում վեց հիվանդների տեղադրել են ինսուլինային պոմպ։ Նա նշեց, որ իրենց ծրագիրն է 5-6 տարում հասնել նրան, որ Հայաստանում ցանկացած դիաբետով երևան եկած երեխա անվճար ունենա թե պոմպը, թե դրա ծախսատար ամենամսյա պարագաները։ Բժշկական շուկայում պոմպը 3-6 հազար դոլար է, ամսական ծախսը՝ 70-250 հազար դրամ։
Սահակ Դաշյանն ասաց, որ Հայաստանում տարեկան ծնվում է 40-45 հազար երեխա, վիճակագրությամբ այդ երեխաներից 4-5 մինչև 18 տարեկան պարտադիր հիվանդանալու են։
«Այսօր, ցավոք, հնարավոր չէ ոչ կանխարգելել, ոչ էլ կանխագուշակել, արմատային բուժում չկա»,- ասաց նա։
Նրա խոսքով, իրենք մտահոգված են դիաբետ ունեցող ապագա մայրերով, որովհետև խոսքը գնում է թե մոր մասին, թե պտուղի։
Ելենա Աղաջանովան ասաց, որ այսօր առանց պոմպային թերապիայի նույնպես մայրանում են դիաբետ ունեցող աղջիկները. «Եթե 20-30 տարի առաջ անգամ արգելվում էր դիաբետ ունեցող կնոջը երեխա ունենալ, այսօր դրա մասին խոսք չկա, նրանք պետք է մայրանան, բժիշկը օգնում է։ Պետք է շատ խիստ հետևեն, որ արյան մեջ շարքարը լինի նորմալ»։
Ելենա Աղաջանովայի խոսքով, թիվ 1 դիաբետն այն հիվանդությունն է, որ երեխան կարող է իր կյանքը նորմալ վարել, շատ երկար ու առողջ ապրել, եթե ճիշտ հետևեն բժշկի խորհուրդներին, ճիշտ ժամանակին անեն ներարկումները։
Հարակից հրապարակումներ`
- Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրն է
- Հայաստանում մտադիր են ստեղծել շաքարային դիաբետով հիվանդների ակնահատակի լուսանկարի շտեմարան
- Շաքարային դիաբետը հիվանդությո՞ւն, թե՞ ապրելակերպ
- Էնդոկրինոլոգներն ահազանգում են՝ շաքարային դիաբետը վերածվում է համաճարակի
- Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրն է
- Շաքարային դիաբետով երեխային պաղպաղակ արգելելն արդյո՞ք տնտեսական բռնություն է. հարց արդարադատության փոխնախարարին
- ԱՆ. Օրակարգում շաքարային դիաբետն է
- Հայաստանում շաքարային դիաբետ ունեցող 78 հազար մարդ է գրանցված
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին