Արթուր Ղազինյան. Իշխանությունը պետք է միջոցներ ձեռնարկի՝ փոքրամասնությունների ակտիվությունը զսպելու համար
Միասեռականներն ու նրանց թեման Հայաստանում ակտիվացել են։ Նրանք համբուրվում են Երևանի կենտրոնում, արձանների ֆոնին, տեսանկարահանում ու տարածում՝ քարոզելով իբր հավասար իրավունքներ։
ԼԳԲՏ ներկայացուցիչներին անդրադարձավ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վերջին ասուլիսում՝ նրանց ակտիվացման համար անուղղակի մեղադրելով ՀՀԿ-ին։ Նա մասնավորապես նշեց. «ԼԳԲՏ որոշ ակտիվիստներ միևնույն ժամանակ ակտիվ պայքարում են այդ երևույթի դեմ։ Միաժամանակ չեն պատասխանում կոնկրետ մի հարցի։ Երբ ՀՀ մի քաղաքացի հայտարարում է, որ ես սեռական փոքրամասնության ներկայացուցիչ եմ, ի՞նչ պետք է անենք նրան։ Ասեք՝ սպանո՞ւմ ենք, գնդակահարո՞ւմ ենք, քառատո՞մ ենք, արտաքսո՞ւմ ենք Հայաստանից։ Էդ մինչև մայիսը Հայաստանում ԼԳԲՏ համայնք չի՞ եղել, հա՞։ 2000 թվականի սկզբին ՀՀԿ-ի ամենածաղկուն շրջանում հրապարակվել է նախարարների ու բարձրաստիճան պաշտոնյաների ցուցակ, ովքեր ունեն այլ սեռական կողմնորոշում։ Այն ժամանակ այս նույն մարդիկ չգիտես ինչի ցույցեր չէին անում, տակից չէին ֆինանսավորում այդ ցույցերը»։
Փաշինյանին ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը հուշեց, թե ինչպես կարելի է վարվել։
Սեռական փոքրամասնության ներկայացուցիչների ակտիվացման պատճառների, ձեռնարկելիք քայլերի, այդ հարցում իշխանության պատասխանատվության մասին Panorama.am-ը զրուցել է իրավաբանական գիտությունների թեկնածու, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանի հետ։ Վերջինը խնդրում է կարծիքն ընդունել նախնական քաղաքական դիրքորոշում այդ ոլորտում պետական քաղաքականության իրականացման առումով։
Հարց-Ինչո՞ւ ակտիվացան այդ համայնքի ներկայացուցիչները։
Պատասխան-Նախ ասեմ, ինձ համար փոքրամասնությունները նույնն են՝ անկախ այն բանից դրանք կլինեն կրոնական, ազգային, սեռական կամ ցանկացած այլ բնույթի։ Ելակետային պետք է համարել հասարակության ներքին համերաշխության մթնոլորտը, որտեղ մեծամասնությունը կհարգի փոքրամասնությանը, իսկ փոքրամասնությունը կհարգի մեծամասնությանը։ Չէի ցանկանա տարանջատել սեռական փոքրամասնություն, թե կրոնական փոքրամասնություն...
Հարց-Ինչո՞ւ ենք տարանջատում, որովհետև հասարակությունը մի քիչ ավելի սուր է արձագանքում սեռական փոքրամասնության ակտիվությանը։
Պատասխան-Ներողություն եմ խնդրում, ուզում եմ հիշեցնել, որ մեծամասնություն-փոքրամասնություն փոխգործակցության ընդունելի ձևաչափը ներքին հասարակական համերաշխության բարենպաստ մթնոլորտն է։ Ինձ անհանգստացնում է ոչ այնքան փոքրամասնությունների իրավունքների չափից դուրս գովազդումը, այլ դրա հետևանքով մեծամասնության հնարավոր ագրեսիվ արձագանքը ու դրա արդյունքում հասարակության մեջ կոնֆլիկտոգեն իրավիճակի առաջացումը։ Ինձ ահավոր մտահոգում է հասարակության հնարավոր ֆրագմենտացիան, ինչը կարող է հանգեցնել ներքին կոնֆլիկտների։ Այդ ուղղությամբ պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկել։
Հարց-Ինչպիսի՞ քայլեր։
Պատասխան-Պետք է նշեմ, որ իրավիճակի համար պատասխանատու հանդիսանում է իշխանությունը և նրա կողմից վարվող քաղաքականությունը պետք է ուղղված լինի հասարակության մեջ համերաշխության մթնոլորտի ձևավորմանը։ Փոքրամասնությունը պետք է իմանա իր իրավունքների սահմանները, դրանց իրացման կոնկրետ մեխանիզմները, իսկ մեծամասնությունը պարտավոր է հարգել փոքրամասնության գոյությունը և նրա իրավունքները։ Այս փխրուն և առաջին հայացքից ոչ այնքան տեսանելի սահմանագիծը պետք է հստակ նշվի, յուրաքանչյուրը պետք է իմանա իր տեղը։ Սա է մոդելը, սա է կոնցեպտը, հասարակությունը պետք է առաջ շարժվի առանց միմյանց նկատմամբ ատելության կամ անտագոնիզմի։
Հարց-Իշխանությունն ակնարկում է, որ իրենց քաղաքական հակառակորդներն են ակտիվացրել այդ համայնքի ներկայացուցիչներին։
Պատասխան-Ես չեմ հավատում, որ իշխանությունը կապեր ունի այդ խմբերի ներկայացուցիչների հետ, չեմ հավատում, որ նրանց ուղղորդում են՝ իրենց մասին գովազդային նյութեր տարածեն։ ՀՀԿ-ի կողմից ակտիվացմանն առավել ևս չեմ հավատում, որովհետև նրանք իրենք իրենցով կազմակերպված միավորներ են։ Նրանց համար ստեղծվել է պարարտ մի միջավայր, ազատ մի մթնոլորտ, որտեղ ինքնադրսևորման հնարավորություն են ստացել։ Դա ինձ մտոհոգում է։ Իշխանությունը պետք է մի քիչ զսպված լինի։ Քաղաքական շահարկումներն այս թեմայով համարում եմ անթույլատրելի, որովհետև յուրաքանչյուրը փորձում է իր քաղաքական դիվիդենտը ստանալ այս պրոցեսում։ Իսկ դրա հետևանքով իրավիճակն ավելի կսրվի, այսինքն, կազմակերպված փոքրամասնություն-անկազմակերպ մեծամասնություն առճակատումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Սա նաև հասարակական, ազգային ներքին անվտանգության խնդիր է։ Բոլոր քաղաքական ուժերը պետք է խելամտորեն մոտենան այս հարցին ու լինեն հաշվետու, պատասխանատու իրենց խոսքերի, հայտարարությունների մեջ։ Ամեն հարց չէ, որ պետք է դառնա քաղաքական շահարկման առարկա։ Ես մի անգամ այդ մասին խոսել եմ ու այլևս չեմ խոսելու, քանի որ կարող եմ մեղադրվել այն քաղաքական սպեկուլյացիայի ենթարկելու մեջ։ Ես դրա կողմնակիցը չեմ։ Իշխանությանը պետք է ներքին կարգով կամ միգուցե հրապարակայնորեն խորհուրդ տալ, որպեսզի ձեռնարկի անհրաժեշտ միջոցներն այդ գովազդը չտարածելու, փոքրամասնությունների ավելորդ և անհասկանալի ակտիվությունը զսպելու համար։
Հարց-Ի՞նչ պետք է անի իշխանությունը, որո՞նք պետք է լինեն այդ միջոցները։
Պատասխան-Նրանք գիտեն այդ ձևերը, նրանք տիրապետում են բազմաթիվ լծակների։ Խնդիրն այն է, որ կամ այդ ցանկությունը կա, կամ չկա։ Եթե ցանկությունը կա, ապա զսպման միջոցները բազմաթիվ են։ Եթե իշխանությունը ցանկանա, ապա կարող է անել։ Ես լծակներին չեմ տիրապետում, և չեմ կարող կոնկրետ ասել, թե ինչպես պետք է աշխատի իշխանությունը։ Դրա համար կան ոստիկանության, ԱԱԾ-ի հատուկ մարմիններ, որոնք համագործակցում են միմյանց հետ։ Այդ համայնքի ներկայացուցիչներին պետք է հորդորել, որ հնարավորինս քիչ ակտիվանան, առավելագույնս քիչ իրենց մասին հիշեցնեն մեծամասնությանը։ Սա գրգռում է մեծամասնության նյարդերը, ավելորդ լարվածություն է առաջացնում, որը ոչ մեկին պետք չէ։ Նորից եմ կրկնում, անթույլատրելի է այս ուղղությամբ քաղաքական շահարկումը՝ դիվիդենտ ձեռք բերելու նպատակով, պետք է հեռուն նայել, պետական մտածողությամբ առաջնորդվել, ինչը բացակայում է, անկեղծ ասած, և այսօր իրեն ընդդիմություն հռչակած Հանրապետականի, և իշխանության ղեկին գտնվող անձանց մոտ։
Հարց-Իշխանափոխությունից հետո նման ակտիվացումը սպասելի չէ˚ր։
Պատասխան-Իրականում ստեղծվեց ուլտրա աջ միջավայր՝ այսինքն չափից դուրս ազատության ընկալում առանց դրան համարժեք պատասխանատվության և պարտավորության, ինչը բնականաբար դիսբալանս առաջացրեց իրավունք-պարտականություն փխրուն հավասարակշռության մեջ։ Պետք է գիտակցել, իշխանությունը, պետությունն օժտված են վարչական արտադրանքի մենաշնորհով, այն կարելի է կիրառել ցանկացած ժամանակ՝ ըստ օրենքի և ըստ կարգի, և դրա դեմ որևէ մեկն իրավունք չունի բողոքելու։ Պետությունը պետք է գտնվի իր բարձրության վրա այս պարագայում, ինչը ես, ցավոք սրտի, չեմ տեսնում։
Հարց-Այսինքն, այս հարցում պե՞տք չէ դիմել ժողովրդի օգնությանը, ինչպես առաջարկել է Արտակ Զաքարյանը։
Պատասխան-Իհարկե, չի կարելի։ Ժողովուրդն ի՞նչ անի, փողոցում սկսի փնտրել նրանց ու ինչ-որ մի տեղ խփել, հալածել, բռնություն կիրառե՞լ։ Իհարկե, դա հարցի լուծում չէ, ես կողմնակից եմ խնդիրը լուծելուն, ոչ թե նոր խնդիրներ առաջացնելուն։ Առանց այդ էլ մենք ամեն քայլափոխի այնքան խնդիրներ ունենք՝ տնտեսությունը խնդիր է, արտքին քաղաքականությունը խնդիր է, էնեգետիկան խնդիր է, քաղաքական համակարգը գոյություն չունի, անապատացում է ամբողջ համակարգում, հիմա մենք դա էլ գումարենք, հետո ի՞նչ անենք։ Նման առաջարկը կարելի է ասել, էժան պոպուլիզմ է, չի կարելի նման բան անել։
Հարակից հրապարակումներ`
- Արտակ Զաքարյան. Թե ինչպես պետք է վարվել ԼԳԲՏ ներկայացուցիչների հետ, պետք է հարցնել ժողովրդին
- Հայաստանում ԼԳԲՏ-ի քարոզը պետք է արգելվի. Տեր Կյուրեղ
- ԼԳԲՏ ֆորում Հայաստանում չի անցկացվի. Վալերիյ Օսիպյան
- Գերագույն հոգևոր խորհուրդ. Խստորեն մերժելի են և դատապարտելի ԼԳԲՏ ներկայացուցիչների կողմից հրահրումներ առաջացնելու քայլերը
- ԼԳԲՏ-ի հետ կապված պետք է որոշում կայացնել օրենսդրական մակարդակով. Փաշինյան
- Շուռնուխ գյուղում ծեծել են ԼԳԲՏ ակտիվիստների
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան