Ջավադյան. Քաջ գիտակցում ենք, որ հայկական դրամը ուղղակի վճարամիջոց չէ
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն ուղերձ է հղել Դրամի ներդրման 25-ամյակի կապակցությամբ, այդ առթիվ շնորհավորել բոլորին։
«Այսօր բոլորիս համար է հպարտության օր. քաջ գիտակցում ենք, որ հայկական դրամը ուղղակի վճարամիջոց չէ, այն նաև մեր անկախության և պետականության կարևորագույն խորհրդանիշներից է: Դրամի ներդրումը սկիզբ դրեց անկախ տնտեսական քաղաքականության, նաև՝ Կենտրոնական բանկի անկախ դրամավարկային քաղաքականության գործառույթի հիմնման և իրականացման:
Ազգային արժույթն առանցքային դեր ունեցավ նաև Հայաստանի ֆինանսական համակարգի ձևավորման համար: Այս տարիներին ֆինանսական համակարգն անցավ և՛ ձևավորման, և՛ մաքրման, և՛ կայացման փուլերով: Քսանհինգ տարում, իհարկե, եղել են ցնցումներ, որոնք հիմնականում եկել են արտաքին աշխարհից, բայց բոլոր այդ դեպքերում Հայաստանի ֆինանսական համակարգը, որի ձևավորման հիմքում Հայկական Դրամն է, ցուցաբերել է բարձր ամրություն, համախմբվածություն և պրոֆեսիոնալիզմ: Ֆինանսական համակարգը, առանց որևէ բյուջետային աջակցության, դիմակայելով բոլոր տեսակի մարտահրավերներին պահպանել, և լիահույս եմ, ապագայում ևս կպահպանի այն կայունությունը, որն այսօր չափազանց կարևոր է: Այս տարիներին ստեղծվել և կայացել են նաև բոլոր այն ենթակառուցվածքները, որոնք անհրաժեշտ են ֆինանսական համակարգի կայուն զարգացման և շարունակականության ճանապարհին:
Այս տոնական օրը ցանկանում եմ շնորհավորել բոլորիս նաև երրորդ սերնդի թղթադրամների դրամաշրջանառություն մտնելու կապակցությամբ. նոր թղթադրամները տպագրված են ժամանակակից լավագույն պաշտպանական հատկանիշներով և իրենց որակական հատկությունների շնորհիվ շատ ավելի երկար կծառայեն՝ էապես կրճատելով դրամաշրջանառության ապահովման ծախսերը: Հայկական Դրամն ունեցել և այսուհետ էլ ունենալու է ամենաժամանակակից պաշտպանական հատկանիշները»,-մասնավորապես նշել է Ջավադյանը։
ԿԲ նախագահը հիշեցրել է, որ Հայկական Դրամի ներդրման օրը նշվում է նաև որպես բանկային աշխատակցի օր, շնորհավորել է բանկերի աշխատակիցներին։