Փոքր ՀԷԿ-երի ոլորտում տարիներով կատարվածն այլանդակություն է. Արարատ Միրզոյան
«Այն, ինչ տարիներով կատարվել է փոքր ՀԷԿ-երի ոլորտում, այլ բառով, քան այլանդակություն, չի կարելի անվանել»,- այսօր կառավարությունում ոռոգման խնդիրների հետ կապված քննարկման ժամանակ ասաց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:
«Ենթադրենք թույլտվություն ունեն իքս քանակի ջուր օգտագործելու, բայց 3-4 անգամ ավելի շատ են օգտագործում: Ունենք դեպքեր, երբ ՀԷԿ-ից ջուրը որևէ ձևով չի վերադարձվում գետ կամ ջրանցք, այլ ուղղակի գնում կորչում է այնպիսի հողերում, որոնք գյուղատնտեսական նպատակներով չեն շահագործվում: Հատկապես Ախուրյան և Եղեգիս գետերի վրա կատարվողը լրջագույն վերանայման և իրավապահ համակարգի ներգրավման ու ուսումնասիրման կարիք ունի»,- ընդգծեց Արարատ Միրզոյանը:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը տեղեկացրեց, որ 150 փոքր ՀԷԿ-երում հայտնաբերված խախտումներով մեկ ամբողջական քրեական գործ է հարուցվել, այդ թվում՝ ջրաչափերի բացակայության հետ կապված:
Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանն էլ նշեց՝ ուսումնասիրություն են իրականացրել «Արտաշատի» ՋՕ-ում և խախտումներ հայտնաբերել. «Այստեղ խոսքը ոչ միայն ջրագողության մասին է, այլ նաև գյուղացիներից գումարներ են հավաքել և մուտք չեն արել բյուջե»:
Նրա խոսքով՝ մինչև գարուն ուսումնասիրություններ կիրականացնեն բոլոր ՋՕ-ում:
Հարակից հրապարակումներ`
- Ոռոգման համակարգի ոլորտում տիրում է վակխանալիա. Փաշինյան
- Մենք պետք է ցույց տանք, որ անտառ չկտրելով ավելի շատ կարող են օգուտ ստանալ, քան կտրելով. Փաշինյան
- Փաշինյան. 187 փոքր ՀԷԿ-երում իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է՝ 150-ում ջրաչափ տեղադրված չէ