Օսիպյանը հաստատում է՝ հանրապետությունում կա հանցագործությունների աճ, բայց դա չի կապում համաներման հետ
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ հանրապետությունում կա հանցագործությունների աճ, սակայն դա կապված չէ համաներման հետ:
«Ճիշտ է, հանցագործությունների աճ կա, սակայն այն ռիսկային չէ, որը մտահոգի մեզ, հանրությանը, և կապ չունի համաներման հետ, առայժմ կապ չունի», - նշեց ոստիկանապետը:
Հանցագործությունների որոշակի աճն, ըստ նրա, պայմանավորված է մի քանի գործոններով.
«Առաջինը՝ ոստիկանության համակարգում իսպառ վերացել է «հանցագործությունը թաքցնելու» արատավոր երևույթը, երկրորդ՝ քաղաքացիների վստահությունը ոստիկանների հանդեպ աճել է։ Եթե նախկինում ոստիկաններին չէին ընդունում, չէին հարգում, չէին սիրում ու վստահում, այսօր բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել, որ քաղաքացիներն անգամ մի փոքր իրենց անհանգստացնող հարցերի դեպքում անմիջապես դիմում են ոստիկանություն։ Բացի այդ, աճել են լատենտային, տնտեսական հանցագործությունները, որոնք գիտենք՝ ինչ ֆոնի վրա են նախկինում կատարված», - նշեց Վալերիյ Օսիպյանը՝ հավելելով, որ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մասով բարելավում կա:
Լրագրողների հարցին` ի՞նչ է նշանակում հայտարարությունը, թե նախկինում ոստիկանները թաքցնում էին հանցագործություններն ու արդյոք դա կատարվում էր, օրինակ, նախկին ոստիկանապետի կամ այլ բարձրաստիճան ոստիկանների ցուցումով, Օսիպյանը պատասխանեց. «Վլադիմիր Գասպարյանը նշանակման առաջին օրվանից միշտ պահանջել է, որ չթաքցնեն։ Թաքցնելը տեսեք ոնց է եղել՝ քաղաքացին գալիս էր հաղորդում տալու բնակարանային գողության մասին, ոստիկաններն էլ, որպեսզի դա չազդի ցուցանիշների վրա, համոզում էին քաղաքացուն՝ լավ կլինի դուք գնաք, մենք բանավոր կգրանցենք, հենց գողին բռնենք ձեզ կտեղեկացնենք և այլն»։
Դիտարկմանը, թե նախկինում փաստորեն ստել են հանրությանը և թաքցրել են հանցագործությունները, ոստիկանապետն նշեց, որ իր նկարագրածը օրինակ էր, թե ինչպես է թաքցվել։ «Եթե ես կամ մեկ այլ պաշտոնյա տեղեկություն ունենա, որ նախկինում որևէ ոստիկան նման ձեռագրով է առաջնորդվել, ապա այդ ոստիկանը այնպայման կպատժվի»,- նշեց նա:
Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե ոստիկանապետն ասում է՝ համաներումը դեռևս չի ազդել հանրապետությունում հանցագործությունների թվի աճի վրա, ի՞նչ է նշանակում «դեռևս»-ը, Վալերիյ Օսիպյանը պատասխանեց. «Ցավոք, նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ լինում են դեպքեր, երբ գրանցվում են կրկնահանցագործություններ։ Արդեն իսկ ունենք երեկ գրանցված անձնական ունեցվածքի գողության դեպք, երբ համաներմամբ դուրս եկածը նորից կատարել է հանցագործություն։ Տա Աստված, որ բոլորն ուղղված լինեն, բայց, կարծում եմ, բոլորի դեպքում չի կարող այդպես լինել: Կլինեն մարդիկ, որոնք նորից կհայտնվեն քրեակատարողական հիմնարկներում», - ասաց Վալերի Օսիպյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին