Այսօր մեկնարկում է Հիմնադրամի 21-րդ հեռուստամարաթոնը
Այսօր Լոս Անջելեսում մեկնարկում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը: «Արարենք միասին» խորագրով համազգային դրամահավաք-միջոցառումը սկսվելու է Երևանի ժամանակով 22:00-ին, տևելու է 12 ժամ: Հիմնադրամի 21-րդ հեռուստամարաթոնը ուղիղ կհեռարձակվի տեղական հեռուստաընկերություններով:
Հիմնադրամի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ավելի վաղ Համահայկական հիմնադրամի կառույցները Լատինական ու Հյուսիսային Ամերիկաներում և Եվրոպայում անցկացրել են ավանդական հեռախոսամարաթոններ:
Բրազիլիայի տեղական մարմինը հավաքել էր 30 000 ԱՄՆ դոլար:
Տորոնտոյի «Հայաստան հիմնադրամ» կազմակերպությունն այս տարվա բարեգործական ճաշին հավաքել է 1 մլն 300 հազար կանադական դոլար (1 մլն ամերիկյան դոլար):
Համահայկական հիմնադրամի համաեվրոպական հեռախոսամարաթոնն էլ կայացել էր նոյեմբերի 14-18-ին: Եվրոպայի հայությունը հանգանակել է ընդհանուր առմամբ 1 մլն 242 հազար 460 եվրո:
Հանգանակված նվիրատվությունները գումարվելու են «Հեռուստամարաթոն-2018»-ի վերջնական արդյունքին:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի 21-րդ հեռուստամարաթոնի միջոցներով կշարունակվեն Արցախում իրագործվող երկու կարևոր ծրագիր, որոնք սկսվել էին նախորդ տարվա՝ «Բերքառատ Արցախ» հեռուստամարաթոնի միջոցներով:
Առաջինն արցախյան գյուղատնտեսության ռեաբիլիտացիայի համար կենսական նշանակության խորքային հորերի հորատման և կաթիլային համակարգի կառուցման ծրագրերն են: Մարտունիի ու Ասկերանի շրջանների մոտ 200 հա տարածք ոռոգելի կդառնա, ոռոգման ջուրը կհասնի արցախցիների խաղողի, ցորենի դաշտերին, պտղատու այգիներին: 13 խորքային հոր է արդեն փորվել դրա համար: Ընթանում են հորատանցքերի վրա պոմպակայանների կառուցման աշխատանքները:
Հեռուստամարաթոնի երկրորդ ուղղությունը Արցախում արևային էներգիայի կիրառումն է: Ծրագիրը սկսել ենք Շուշիի շրջանից: Պիլոտային էր Քարինտակ համայնքը, որտեղ արդեն 50 տանը օգտագործում են այլընտրանքային էներգիա: 2019-ին արևային էներգիայից կօգտվեն նաև Ասկերանի բնակավայրերում:
Բացի Արցախում իրականացվելիք ծրագրերից, «Հեռուստամարաթոն -2018» -ին նվիրաբերված գումարներն ուղղվելու են Հայաստանի համայնքային ենթակառուցվածքներին, որոնք կխթանեն աշխատատեղերի ստեղծմանը:
«Ամենամյա հեռուստամարաթոնին մասնակցել կարող է յուրաքանչյուր ոք: Նվիրատվություն կարելի է կատարել՝ այցելելով https://donate.himnadram.org կայք՝ օնլայն փոխանցումով, ուղարկելով sms 8000 համարին (մեկ sms-ի արժեքը՝ 1000 դր․) կամ զանգահարելով 0-9000-8000 հեռախոսահամարին (մեկ զանգի արժեքը՝ 1000 դր․),կամ այցելելով Հիմնադրամ»,-հիշեցնում են հիմնադրամից։
Հարակից հրապարակումներ`
- Արայիկ Հարությունյան. Արցախն անճանաչելի է դարձել
- «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոնի ընթացքում հավաքվել է 12 մլն 505,456 հազար դոլար
- Մեկնարկում է Բերքառատ Արցախ հեռուստամարաթոն-2017-ը
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան