ՏՏ ոլորտի նոր ստեղծվող ընկերություններին հարկային արտոնություն կտրվի
Հավանության է արժանացել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:
Օրենքների նախագծի մշակումը պայմանավորված է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ուղղությամբ ոլորտի նոր ստեղծվող տնտեսավարող սուբյեկտներին հարկային արտոնությունների տրամադրման անհրաժեշտությամբ, ինչպես նաև արտասահմանյան ընկերությունների կողմից ՀՀ-ում ստեղծված դուստր ընկերությունների նկատմամբ օրենքով սահմանված հարկային արտոնությունների տրամադրման միասնական մոտեցում ցուցաբերելու և կազմակերպությունների կողմից հարկերի վճարումից խուսափելու ռիսկերի կառավարման նպատակով:
Օրենքների մշակվել են՝ հաշվի առնելով վերջին տարիներին գրանցված սկսնակ կազմակերպությունների աճի տեմպերը, աշխատատեղերի աճն ու հարկային մուտքերի ավելացումը:
Ըստ հիմնավորման՝ 2015 թ. սկսած ՏՏ ոլորտում նոր ստեղծվող տնտեսավարող սուբյեկտներին հարկային արտոնությունների տրամադրումը, մասնավորապես, շահութահարկի 0 տոկոս դրույքաչափի և եկամտային հարկի 10 տոկոս դրույքաչափի կիրառումը խթանել է ոլորտում նոր ընկերությունների և աշխատատեղերի ստեղծմանը:
Մասնավորապես, եթե մինչև օրենքի ընդունումը 2014 թ. ստեղծվել է ՏՏ 16 ընկերություն, ապա օրենքի ընդունումից հետո այդ թիվը նկատելիորեն աճել է, 2015 թ. ստեղծվել և հարկային արտոնություններից օգտվելու հավաստագիր է ստացել ՏՏ 59 ընկերություն, 2016 թ.՝ 98, 2017 թ.՝ 272:
Նոր ընկերություններում ստեղծվել է մոտ 2400 նոր աշխատատեղ՝ 3-3.4 մլն դրամ միջին տարեկան աշխատավարձով: Փաթեթի ընդունումը կխթանի ոլորտում սկսնակ ընկերությունների ձևավորմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, ներդրումների ներգրավմանը, ոլորտի զարգացմանը և կանոնակարգմանը: