Ոռոգման համակարգի ոլորտում տիրում է վակխանալիա. Փաշինյան
Գործադիրն այսօրվա նիստում հավանություն տվեց «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Նախագծի քննարկման ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վարչապետ ընտրվելուց հետո խնդիր է դրել՝ ոռոգման ջրի համար Սևանին չպետք է անդրադառնալ, հավելյալ ջրառ չպետք է անել:
«Ինձ զեկուցել են, որ ամեն ինչ նորմալ է, Սևանից ջուր չեն վերցնելու, հետո որոշ ժամանակ անց ինձ ասել են՝ Սևանից հավելյալ ջրառ է պետք անել, ես նորից հանձնարարել եմ հաշվարկել, ասել են՝ չէ, ոնց որ պետք չէ: Սակայն հետագայում պարզվել է, որ կան ստվերային այգիներ, կորուստներ և այլն»,-նշեց նա:
Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ այսօրվանից պետք է արձանագրել, որ ոռոգման համակարգի ոլորտում տիրում է վակխանալիա, և այսօրվանից պետք է զբաղվել ոլորտով, որպեսզի նույն տաշտակի առաջ կառավարությունը չկանգնի:
«Ինձ զարմացրել է պետական վերահսկողական ծառայության պետի ներկայացրած հաշվետվությունը: Սարսափելի տվյալներ կան, որ կարդում ես ու չես հավատում՝ տասնյակ հեկտարներով այգիներ կան, որոնք ջուր են օգտագործում ու 20 տարվա ընթացքում մեկ լումա չեն վճարել դրա դիմաց: Պետք է լուրջ աշխատենք, քանի որ միլիոնների վնաս է հասցվել ոռոգման համակարգին: Իմաստ ունի, որ այսօրվանից ստեղծվի աշխատանքային խումբ, որը կզբաղվի ամառվա պիկին ոռոգման խնդրի լուծման հարցերով: ՀԷԿ-երի ոլորտում ի՞նչ է կատարվում, ինչի մասին կարդում ես, բլոքբաստերի տպավորություն է թողնում», - նշեց Նիկոլ Փաշինյանը:
Նա փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանին հանձնարարեց աշխատանքային խումբ ձևավորել, որն այսօրվանից պետք է զբաղվի ոռոգման սեզոնի հարցերով:
«Խնդիրը դրվում է հստակ՝ այս պահից հսկողության տակ առնել ոռոգման ողջ համակարգը, և գյուղատնտեսության սեզոնի սկզբից կանխատեսելի ներկայացնել մեր ամբողջ գործողությունների գրաֆիկը, ճանապարհային քարտեզը՝ մինչև ոռոգման սեզոնի փակման օրը, որպեսզի չլինի որևէ անկանխատեսելի իրավիճակ», - հայտնեց Նիկոլ Փաշինյանը:
Տիգրան Ավինյանը նշեց, արդեն իսկ աշխատանքներ են իրականացվում այդ ուղղությամբ. «Մենք սկսել ենք մի գործընթաց, երբ արբանյակային պատկերի միջոցով ստանում ենք խոնավ հողերի պատկերը, և դա համադրում ենք ջրօգտագործող ընկերությունների կողմից տրամադրված պայմանագրերի հետ, տեսնում, թե որտեղ ունենք ստվերային այգիներ: Այսինքն՝ որտեղ է, որ հողը ջրվում է, խոնավ է, բայց այդ տարածքներում չունենք պայմանագրեր: Այս գործընթացն արդեն սկսել ենք, հենց այսօր կսկսենք աշխատանքային խմբի կազմավորման աշխատանքները»:
Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն էլ նշեց, որ ներդնելու են ռեգիստրացիոն համակարգ, որը հստակ պատկերացում կտա, թե ընդհանրապես գյուղատնտեսությունում ինչ հողեր ունենք, ինչ կերպ են դրանք օգտագործվում, ունենք այդքան այգի, թե ոչ:
«Սա գլոբալ խնդիր է, պատկերը մեզ համար շատ հաճախ անհասկանալի է: Այո, տեղեր կան, որ կա այգի, մենք չգիտենք, և ընդհանրապես հետո հարց է առաջանում՝ այս մթերքի արտահանումն ինչպես կազմակերպենք, ներքին սպառումն ինչպես անենք: Մենք հստակ ռեգիստրացիոն համակարգեր ենք ներդնելու, որն առաջին հերթին մեզ հնարավորություն կտա հասկանալ, ընդհանրապես բազմաթիվ հողեր, որոնք ձեռք են բերվել, այս կամ այն պատճառով չեն օգտագործվում, ինչո՞ւ չեն օգտագործվում: Եվ դա հնարավորություն կտա շրջանառության մեջ մտցնել այլ տնտեսվարող սուբյեկտների, որոնք ցանկություն ունեն հողագործությամբ զբաղել, բայց վարձակալության խնդիր ունեն»,- ընդգծեց Գեղամ Գևորգյանը: