Գիտենք՝ ով կարող է ընտրակաշառքով զբաղվել և նրանց պահում ենք տեսադաշտում. Օսիպյան
Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ոստիկանությունը վերահսկում է, որ ընտրակաշառքներ չլինեն: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։
«Մենք միշտ վերահսկել ենք և վերահսկում ենք։ Դրա ապացույցը ավագանու ընտրություններ էին։ Վստահեցնում եմ, որ ոստիկանությունը էլ ավելի խիստ է լինելու, ես արդեն հանձնարարել եմ, որ մեր մոտեցումը լինելու է խիստ, զիջում չի լինելու, հանդուրժող չենք լինելու որևէ մեկի նկատմամբ, թե կաշառք տվողի, թե վերցնողի նկատմամբ, կապ չունի գումարային է լինելու այն, առարկայով կամ իրով, բոլորը ենթարկվելու են պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ»,- նշեց ոստիկանապետը:
Հարցին, թե արդյոք ոստիկանությունն արդեն տեղեկություններ ունի ընտրակաշառքի կամ ուղղորդումների մասին, Վալերիյ Օսիպյանն արձագանքեց. «Մենք գիտենք, թե ով կարող է այդ ամենով զբաղվել, մենք նրանց պահում ենք մեր տեսադաշտում»։
Դիտարկմանն՝ արդեն ունե՞ն տեսադաշտում քաղաքական ուժեր կամ թեկնածուներ, ոստիկանապետը պատասխանեց. «Մենք ամեն ինչ էլ ունենք. տեսադաշտում բոլորը կան, նրանց, որոնք կարող են թույլ տալ նման խախտումներ, մենք պահում ենք տեսադաշտում»:
Լրագրողների հետ զրույցում Վալերիյ Օսիպյանն ասաց նաև, որ նոյեմբերի 26-ից՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավից մեկնարկից սկսած, շրջագայելու է մարզերում, հանդիպումներ է ունենալու ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի շտաբների պետերի ու ռեյտինգային թեկնածուների հետ:
«Հրավիրում եմ քաղաքական ուժերի շտաբների պետերին, ռեյտինգային թեկնածուներին: Հանդիպումը որևէ քաղաքական ենթատեքստ չունի, լինելու է ծառայողական, կազմակերպչական հանդիպում»,- նշեց Վալերիյ Օսիպյանը՝ հավելելով, որ հանդիպումների ժամանակացույցի մասին լրացուցիչ կտեղեկացնեն:
Հարցին, թե Սյունիքում ոստիկանությունը կաշկանդվա՞ծ է որևէ գործողություն անել՝ հաշվի առնելով, որ մարզպետը նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն է, Վալերիյ Օսիպյանն արձագանքեց. «Ինչ կապ ունի դա: Ով ինձ գիտի՝ գիտի, ես՝ Օսիպյանս, կաշկանդված չեմ որևէ մեկից, կա խախտում, ուրեմն պատասխանատվության կենթարկվի: Որևէ մեկից երկիր մոլորակի վրա ես կաշկանդված չեմ և իմ մեջ այդքան ուժ կա, և ինձ վստահված համակարգը կարող է ցանկացած խնդիր լուծել օրենքի շրջանակներում»:
Հարցին՝ ինչպես է ոստիկանությունն ապահովելու ընդդիմադիր գործիչների անվտանգությունը, քանի որ կարծիք կա՝ Արմեն Աշոտյանի նկատմամբ հանրությունը քննադատական մոտեցում ունի, Վալերիյ Օսիպյանն ասաց, որ բոլորի նկատմամբ հավասարաչափ մոտեցում է լինելու: