Նախընտրական շրջանն անցնում է հանգիստ, սակայն արձանագրվել են որոշ միջադեպեր. «Ականատես»
«Ականատես» դիտորդական առաքելությունն իրականացնում է 2018 թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների երկարաժամկետ և կարճաժամկետ դիտարկում ՀՀ ողջ տարածքում: Նոյեմբերի 5-20 ընկած ժամանակահատվածի երկարաժամկետ դիտորդության արդյունքները ցույց են տալիս, որ նախընտրական շրջանը հիմնակականում անցնում է հանգիստ, սակայն արձանագրվել են որոշ միջադեպեր: Այս մասին հայտնում են դիտորդական առաքելության լրատվական ծառայությունից։
Նախընտրական քարոզչության կարգի հետ կապված ընդհանուր առմամբ էական խախտումներ չեն արձանագրվել: Միևնույն ժամանակ, ԶԼՄ-ներում առկա են լուրեր ընտրակաշառք բաժանելու նորամուծությունների վերաբերյալ: Ըստ լրատվամիջոցների՝ առկա են մի քանի ահազանգեր առ այն, որ դեռևս քարոզչության պաշտոնական ժամկետը չսկսված՝ արդեն իսկ կան վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր, որոնք ներկայումս ճշտվում են առաքելության երկարաժամկետ դիտորդների կողմից:
Դեռևս քարոզչությունը պաշտոնապես չմեկնարկած՝ արդեն իսկ սկսել է հնչել ատելության խոսք, որը թիրախավորում է մարդկանց կամ մարդկանց խմբերի՝ իրենց կրոնական և սեռային, ինչպես նաև քաղաքական տարբերող հատկանիշների հիման վրա, ինչը կարող է կամա թե ակամա մղել բռնության։
Ընտրողների ցուցակները շարունակում են պարունակել խնդրահարույց տվյալներ, որոնք հարցականի տակ են դնում դրանց համապատսախանությունը իրականությանը:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ «Ականատեսը» կոչ է անում կուսակցություններին/դաշինքներին, ինչպես նաև դրանց անհատ թեկնածուներին՝ իրենց նախընտրական քարոզչության ընթացքում հետևել քարոզչության համար սահմանված կանոններին, զերծ մնալ գումարով քաղաքացիների ձայները գնելու պրակտիկայից, իրավապահ մարմիներին՝ խորությամբ և համակողմանիորեն ուսումնասիրելու նման փաստերը, պետական կառույցների ղեկավարներին՝ հաշվի առնելով մասնավորապես վարչական ռեսուրսի վերաբերյալ թյուրընկալումները, ինչպես հանրության, այնպես էլ հանրային ծառայողների շրջանում, հանդես գալ խստագույն հանձնարարականներով՝ բացառելու վարչական ռեսուրսի չարաշահումը,
ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցություններին/կուսակցությունների դաշինքներին՝ զերծ մնալ ինչպես ընտրապայքարի ընթացքում միմյանց նկատմամբ վիրավորական ու վարկաբեկող արտահայտություններ օգտագործելուց, այնպես էլ խտրական ու ատելության խոսքի միջոցով ընտրազանգված գրավելու գայթակղությունից, ոստիկանությանը՝ շուտափույթ լուծել հասցե չունեցող ընտրողներին հասցեներ տրամադրելու հարցը, կամ հասցեների առկայության դեպքում՝ տեղադրել դրանք ընտրողների վերջնական ցուցակներում:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքում զբաղվում էր նախընտրական քարոզչությամբ, ինչը վարչական ռեսուրսի չարաշահման կոպիտ դրսևորում է. ՀՀԿ
- «Հրապարակ». «ՔՊ»-ում վերահսկողության տակ է վերցված նախընտրական քարոզչությունը
- Նախընտրական քարոզարշավի ժամանակ սև-սպիտակ պատկեր է գրանցվելու. քաղաքագետ
- «Հրապարակ». «Նիկոլ՝ վարչապետ» նախընտրական կարգախոսը որոշվել է վերանայե՞լ
- ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին