Բեռլինյան համերգից առաջ Երևանում ՀԱՖՆ-ի գլխավոր փորձի մուտքն ազատ է բոլորի համար
Նոյեմբերի 28-ին տեղի կունենա Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը հանրահայտ Կոնցերտհաուս Բեռլինում (Konzerthaus Berlin) համաշխարհային մեծ ճանաչում ունեցող, իր սերնդի ամենապահանջված հայազգի ջութակահար Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ: Համերգը կղեկավարի ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Թոփչյանը:
Նվագախմբից տեղեկացնում ենք, որ համերգը նվիրված է հայ անվանի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 115- ամյակին: Ծրագրում կհնչի Ա. Խաչատրյանի ջութակի կոնցերտը՝ Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ, Սյուիտ «Սպարտակ» բալետից և Շոստակովիչի թիվ 5 սիմֆոնիան: Կոնցերտհաուս Բեռլինում տեղի ունենալիք համերգի կազմակերպիչն ու հրավիրող կողմն է «Հանս Ադլեր» (Hans Adler) գերմանական երաժշտական գործակալությունը: Համերգին աջակցում է Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը՝ ի դեմս Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ա. Սմբատյանի:
Բեռլինում կայանալիք համերգից առաջ նոյեմբերի 26-ին, ժամը 18:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա համերգի գլխավոր փորձը՝ մուտքն ազատ է բոլորի համար: